կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 18:31
Արցախ

Եվրախորհրդարանի բանաձեւը պետք է ընդունենք որպես մարտահրավեր. Դավիթ Իշխանյան

Եվրախորհրդարանի բանաձեւը պետք է ընդունենք որպես մարտահրավեր. Դավիթ Իշխանյան

Մաքսային միությանն անդամակցելու` Հայաստանի որոշումը եւ օրերս Եվրախորհրդարանի կողմից ընդունված բանաձեւում Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված կետերի ներառումը, ըստ ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի, հայկական կողմին գցել են փակուղային իրավիճակի մեջ։ 

 

Մեկնաբանելով Եվրախորհրդարանի կողմից վերոնշյալ բանաձեւի ընդունման փաստը եւ պատասխանելով Karabakh-open.info-ի այն հարցին, թե դա ինչպե՞ս կանդրադառնա Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն որեւէ դրական ազդեցություն ունենալ չի կարող եւ ձեռնոց է` նետված ոչ միայն Արցախին, այլ նաեւ Հայաստանին։

 

Այդ ամենը, նրա խոսքերով, եւս մեկ անգամ ապացուցում է, որ բոլոր հարթություններում Ղարաբաղն օգտագործվում է որպես խաղաքարտ։ «Գաղտնիք չէ, որ ստեղծված իրավիճակն ուղղակի փակուղային է, եւ մենք այսօր կանգնած ենք համազգային առումով բավականին ծանր կացության եւ ընտրության առջեւ։ Բոլոր առումներով խաղաքարտը Ղարաբաղն է՝ Մաքսային միություն, հայ-թուրքական հարաբերություններ, Եվրամիություն, ասոցացման համաձայնագիր եւ այլն»,- նշել է նա՝ ավելացնելով, որ շատ կարեւոր են ղարաբաղյան կողմի դիրքորոշումների արտահայտումը եւ կարծր կեցվածքի ցուցաբերումը։

 

«Եթե նույնիսկ այդ կարծր կեցվածքը չհամապատասխանի՞ ՀՀ իշխանությունների դիրքորոշմանը» հարցին ի պատասխան Դավիթ Իշխանյանն ասել է. «Կարծում եմ` բավարար ուժ կգտնվի ներքին դաշտում համահայկական ուժերի համախմբման առումով, որովհետեւ մենք ուրիշ ելք չունենք։ Իրոք, մեզ համար լուրջ, էքստրեմալ իրավիճակ է ստեղծվել, եւ այդ իրավիճակում ելք գտնելու մեր ազգային հատկանիշը գուցե գործի, բայց, անկախ ամեն ինչից, չպետք է թույլ տանք, որ դիվանագիտական, քաղաքական դաշտի կորուստները վերածվեն այլ կորուստների, քանի որ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը մեզ ոչ թե զգուշացնում, այլ նաեւ սպառնում է, եւ այդ սպառնալիքները մենք պետք է ընդունենք որպես մարտահրավեր, ձեռնոց եւ նետված ձեռնոցին պետք է կարողանանք համապատասխան ձեռնոց նետել։ Որը դա կարող է լինել, սա արդեն քննարկումների խնդիր է»։

 

Ըստ նրա` արտաքին քաղաքական ոլորտում միասնական ճակատի ստեղծումն ու այդ ճակատով գործելը կարող է թերեւս հաջողություններ տալ հայկական կողմին, «այդ իսկ առումով շատ կարեւոր է այսօր թե' Արցախի, թե' ՀՀ արտաքին դիվանագիտական կորպուսի կողքին նաեւ փորձել օգտագործել համահայկական տարբեր կառույցների ներուժը, հատկապես` նման որոշումներին հակադարձելու եւ նաեւ համապատասխան քայլեր ձեռնարկելու համար»։