կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-30 16:16
Քաղաքական

Հիմա մենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ վարչապետի թեկնածու Փաշինյանի ասածը հիմք ընդունենք. Շարմազանով

Հիմա մենք ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի՞, թե՞ վարչապետի թեկնածու Փաշինյանի ասածը հիմք ընդունենք. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում «Ելք» խմբակցության կողմից վարչապետի թեկնածու առաջադրված Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց նրա` ԵԱՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախկինում արված հայտարարությունները:

«Վերջին օրերի ընթացքում Դուք նշել եք, որ Ձեր` վարչապետ ընտրվելու պարագայում Հայաստանը դուրս չի գա ԵԱՏՄ-ից: Հիմա մենք Նիկոլ Փաշինյանի ո՞ր ասածը հիմք ընդունենք, այն, որ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից պետք է դուրս գա՞, թե վարչապետի թեկնածու Փաշինյանինին, ով ասում է` ԵԱՏՄ-ից չպետք է դուրս գա»,- հարցրեց Շարմազանովը:

ՀՀԿ-ական պատգամավորը նաև հետաքրքրվեց` հնարավո՞ր է Փաշինյանի` վարչապետ ընտրվելու պարագայում նրա գործունեությունն ու քայլերը ևս 180 աստիճանով տարբերվեն «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններից:

«Գաղտնիք չէ, որ ես դեմ եմ քվեարկել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, ինչը նշանակում է, որ ես դեմ եմ եղել Հայաստանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին: Բայց, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և մենք, լինելով քաղաքական ու պետական գործիչներ, պետք է հաշվի նստենք իրողությունների և փաստերի հետ: Կարծում եմ` ցանկացած պետական գործիչ, ով ելնում է Հայաստանի շահերից, պետք է այդպես էլ վարվի»,- պատասխանեց Փաշինյանը` հիշեցնելով, որ ինքը նախկինում էլ է ասել, որ դեմ է քվեարկել` պատճառաբանելով, որ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը շատ վտանգավոր կարող են լինել երկրի համար:

«Ես կարծում եմ, որ պետական գործիչները և իշխանություններն` ընդհանրապես, պետք է առաջնորդվեն ոչ թե իրենց քմահաճույքներով, այլ երկրի ազգային շահերով և ձեռնարկեն գործողություններ, որոնք բխում են երկրի ազգային շահերից: Երբ դու ընդդիմության ներկայացուցիչ ես, դու չես կարող այն պրոբլեմները, որոնք կապված են ԵԱՏՄ-ի հետ, քննարկել գործընկերների հետ և տվյալ դեպքում փնտրում ես գործիքակազմ, որպեսզի այդ հարցերը հնարավորինս լսելի դարձնես և բարձրաձայնես: Սակայն երբ դու իշխանություն ես, կարող ես այդ հարցերն ըստ առաջնահերթության դասավորել և համբերատար քննարկել գործընկերների հետ: Ընդհանուր առմամբ, այո, Հայաստանը վարչապետ ընտրելու պարագայում ԵԱՏՄ-ին անդամակցությունը դադարեցնելու հարց չի բարձրացնելու, սակայն սա չի նշանակում, որ ես ասում եմ` ԵԱՏՄ-ում ամեն ինչ իդեալական է: Ոչ, կան խնդիրներ, և մենք կշարունակենք բոլոր այդ խնդիրները քննարկել և հասնել լուծումների»,- ասաց նա:

Շարմազանովը հակադարձեց Փաշինյանին` նշելով, որ, այնուամենայնիվ, նա իրեն չհամոզեց: «Ես այն կարծիքին չեմ, որ ընդդիմության անդամի խոսքը պակաս կարևոր է, քան իշխանության: Դուք այսօր շատ լավ ապացուցեցիք, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը բխում է Հայաստանի շահերից, և ԵԱՏՄ-ն սպասարկել է Հայաստանի Հանրապետության պետական շահը, որի համար Ձեզ շատ շնորհակալ եմ»,- ասաց նա:

Փաշինյանն էլ իր հերթին հայտարարեց, որ ինքն ընդամենը արձանագրել է, որ պետական ու քաղաքական գործիչները պարտավոր են հաշվի նստել իրողությունների հետ: