Հայաստանն առաջին անգամ թեկնածու է առաջադրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
«Հպարտ եմ տեղեկացնել, որ մեր երկիրը իր պատմության մեջ առաջին անգամ թեկնածու է ներկայացրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնի համար (53 երկիր)։ Պարոն Թաթուլ Հակոբյանը ունի անհրաժեշտ բոլոր գիտելիքները, հմտությունները եւ փորձը մեր տարածաշրջանի համար այդ կարեւոր կառույցը ղեկավարելու համար»,- գրել նա:
Հավելենք, որ Թաթուլ Հակոբյանը 2000-2010 թվականներին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը: 2011-2013 թթ.աշխատել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակում (Կոպենհագեն)՝ որպես խորհրդատու հանրային առողջապահության հարցերով: 2013-2016 թթ. Հայաստանի Հանրապետությունում եղել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը։ 2016-2017 թվականներին՝ Ռուսաստանի Դաշնությունում ԱՀԿ ներկայացուցչի տեղակալ, 2017 թ. հուլիսի 1-ից ԱՀԿ ներկայացուցիչն է Սլովակիայում: