Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոր Հայաստանում» վերջին երկու տարիներին որեւէ քաղաքական, հանրային երեւույթ այդքան հանրային դիմադրողականության չի հանդիպել, որքան կրթական չափորոշիչները: Այս մասին «Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած հանրակրթական չափորոշիչների եւ առարկայական ծրագրերի վերաբերյալ քննարկմանն ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը:
«Ես կարծում եմ՝ սա հասկանալի է եւ ինչ-որ իմաստով ուրախացնող. լավ է, որ մեր հասարակության մեջ կա առողջ մի զանգված, որը կարողություն ունի գնահատել իրական վտանգները, որոնք սպառնում են մեզ՝ իբրեւ հավաքական գոյություն, իբրեւ պետականություն եւ ինքնություն: Հատկապես քննարկման մեծ ծավալ են վերցրել հայագիտական առարկաները՝ լեզուն, գրականությունը, պատմությունը, որովհետեւ հենց այս առարկանների շրջանակում է ձեւավորվում ազգային ինքնությունը՝ ով ենք մենք, որտեղից ենք գալիս, ուր ենք գնում. մեր դիմադրողականությունն ամրապնդող ենթահողը ստեղծվում է այս առարկաների շրջանակում եւ թիրախավորվել են հենց այդ առարկաները»,- շեշտեց նա:
Գալստյանն ընդգծեց՝ եկել են մարդիկ, ովքեր ունեն հստակ հանձնառություն այդ դաշտում իրականացել ավերածություններ. «Լավ է, որ մեր հասարակության մեջ կա այս ներքին դիմադրողականությունը՝ հակազդելու եւ պայքարելու»:
Լիլիթ Գալստյանը հիշեցրեց կրթության մասին օրենքի 4-րդ հոդվածը եւ նշեց, որ այդ հոդվածը հստակ սահմանում է՝ ՀՀ-ում պարտադիր է ունենալ կրթության եռամյա կամ հնգամյա զարգացման ծրագրեր, այդ կրթական զրգացման ծրագրերով են թիրախավորվում նպատակները՝ ի՞նչ հասարակություն ենք կառուցում, ո՞րն է նրա արժեհամակարգը, ո՞վ է նրա քաղաքացին եւ իբրեւ հավաքականություն՝ ո՞ւր ենք գնում: «Ես կարծում եմ, որ այս «Նոր Հայաստանի» խումբը, ոչ թե չիմացաբար, փորձի պակասից են շրջանցել այդ օրենքի պահանջը, այլ դիտավորությունների շարքից է, որովհետեւ չկա այդ հայեցակարգը, ռազմավարությունը, ծրագիրը. դաշտում անկառավարելի, անվերահսկելի գործողություններ անելը շատ ավելի հեշտ է»,- ասաց նա: