Այսօր իր հերթական ճեպազրույցի ժամանակ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը ներկայացրեց իրադրությունը ռազմաճակատում։ Նրա խոսքով՝ Շուշիի հարակից տարածքներում, բուն քաղաքի մոտակայքում՝ ճանապարհների ուղղությամբ, Ադբեջանի զինված ուժերին հաջողվել է մոտենալ Շուշիին:
«Մարտերը չեն դադարում գիշեր, թե ցերեկ: Հակառակորդը, նոր ուժեր ու միջոցներ ներգրավելով, շարունակում է Շուշիի գրավման իր ցանկությունն իրագործելու պլանները։ Այս պահին մեր զորքը համառորեն դիմադրում է՝ թևերին, թիկունքին, կապուղիներին հասցնելով զգալի կորուստներ, բայց մարտերը համառ են եւ շարունակական»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։
Մարտունու ուղղության վրա Ադրբեջանի զինված ուժերը փորձել են զրահատեխնիկայի օգնությամբ հարձակում իրականացնել, սակայն կորցնելով մեկ-երկու միավոր զրահատեխնիկա՝ հետ է շպրտվել ելման բնագծեր՝ թողնելով դիակներ։
«Մարտեր են ընթացել Բերձորից հարավ: Մի քանի անգամ փորձել են առաջ գալ, բայց չեն կարողացել: Մեր ստորաբաժանումներին հաջողվել է այդ ուղղությամբ որոշակի բարելավում իրականացնել»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը։