Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի քանի տարի առաջ էր: Մի բարձրաստիճան պաշտոնյայի հետ հայկական ֆուտբոլի խնդիրները քննարկելիս նա համոզմունք հայտնեց, որ մենք խմբակային մարզաձևերում հաջողության երբեք չենք հասնի, որովհետև կոլեկտիվ խաղը մեր ազգին բնորոշ չէ: Բնականաբար, չհամաձայնեցի և փորձեցի բազմաթիվ օրինակների միջոցով հակառակն ապացուցել: Անօգուտ էր, մարդն` անդրդվելի էր: Այդժամ դիմեցի «Ի՞նչն է վատ պարողին խանգարում» հայտնի հարցի օգնությանը:
Հիմա երբ արդեն հայկական ֆուտբոլում բեկում է տեղի ունեցել, կուզեի իմանալ, թե ի՞նչ է մտածում այդ նույն պաշտոնյան և արդյո՞ք նույն մտքին է մնացել: Հարցը, որի օգնությանն այն ժամանակ դիմել էի, բոլոր ժամանակների հարց է: Այն աներկբա կարող է վերաբերել նաև մեր կինոմշակույթի գործիչներին: Նախորդ տարվա «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի անդամ Սենիհ Քափլանօղլուն, հայրենիք վերադառնալով, թուրքական «Թարաֆ» օրաթերթում անդրադարձել էր հայկական կինեմատոգրաֆիային` ասելով, որ հայկական կինոյից կոմունիզմի շունչ է զգացել: «Կար երկու հայկական ֆիլմ, դրանցից ոչ մեկն էլ չհավանեցի: Ժամանակից հետ են մնացել: Կարճ ասած` նրանց ֆիլմերն ինձ հիասթափեցրին»,- եզրափակել էր Քափլանօղլուն:
Կարելի էր այս կարծիքին չանդրադառնալ, նույնիսկ մտածել, թե այն թուրքական հերթական հատուկ վերաբերմունք է, և արհամարհել: Բայց դա կնշանակեր ջայլամի պես գլուխներս մտցնել ավազի մեջ, մանավանդ, որ նման կարծիք մեզ մոտ էլ է շրջանառվում: Միայն մի տարբերությամբ` եթե թուրք գործչի մոտ դա ձևավորված կարծիք էր, մեզ մոտ` մտահոգություն: Սակայն այդ մտահոգությունը կարծես ոչ ոքի չի հետաքրքրում: Չի հետաքրքրում, որովհետև հասարակական կարծիքն այս բնագավառի ղեկավարների համար ոչինչ է: Կարևորը վերևներում հանգիստ են և դեռ իրենց բնագավառին չեն անդրադարձել: Եվ քանի դեռ չեն անդրադարձել, կարելի է «ուտել, խմել և զվարճանալ»: Եվ ամեն անգամ, երբ մամուլում ահազանգ է հնչում հայկական կինոյում առկա անառողջ մթնոլորտի մասին, անմիջապես հայտնվում են տարբեր տրամաչափի «կինոգործիչներ» և անմնացորդ նվիրումով փորձում են ապացուցել հակառակը` «համոզելով», թե մեզանում կինեմատոգրաֆիան ծաղկուն շրջան է ապրում: Մեր «կինոյի պարողները», մի քանի կոպեկի համար արջի ծառայություն մատուցելով, չեն էլ պատկերացնում, թե ինչ վնաս են հասցնում հայկական կինոյին, երբ որպես իրենց ասածի ապացույց մատնանշում են վերջին տարիներին նկարահանված ֆիլմերը` չմանրամասնելով, թե դրանք որքան հաճախ են ցուցադրվել և ինչ հաջողություններ են ունեցել ներքին ու արտաքին կինոշուկայում: Վատ է, երբ քո խնդիրների մասին բարձրաձայնում են օտարները, այնինչ մենք վաղուց պետք է մտածեինք այդ մասին: Բարձրաձայնելն էլ չպետք է միայն հոդվածների տեսքով լիներ, որոնք «հաճելիորեն» արհամարհվում և անտեսվում են: Կուլիսներում բոլորն են խոսում հայկինոյում տիրող ճահճային վիճակից, բայց հենց գործը հասնում է բանավեճին, դեմ առ դեմ արտահայտվելուն` խուսափում են: Ինչո՞ւ: Պատճառաբանությունը ստորացուցիչ է. ասում են` մենք այս տարի դիմել ենք, խոստացել են փող տալ, որ խոսենք, չենք ստանա: Դե մի խոսեք, թող թուրքերն ու բոլոր օտարները խոսեն , իսկ դուք նկարեք հերթական խոտանը, որը ոչ ոքի պետք չէ` նույնիսկ տեղական անդեմ հեռուստատեսություններին:
Այս ֆոնին, հույս փայփայել, թե մի օր «մեր թաղում էլ երաժշտություն կհնչի» , միամտություն է: Եթե կինոգործիչներին, կինոկենտրոնին ու մշակույթի նախարարությանը չի մտահոգում ստեղծված իրավիճակը, չեն ուզում գնահատական տալ իրենց իսկ կողմից իբր ֆինանսավորված ֆիլմերին, պատասխանատվության չեն կանչում խոտան արտադրանքի համար, չեն պահանջում հաշվետվություն` թե որ ֆիլմը շուկայում ինչ հաջողությունների է հասել, ցուցադրության վաճառքից որքան գումար է ետ բերել և այլն, պարզ է, որ բարոյական իրավունք չունեն խոսել նաև հայկական հեռուստաշուկայում տիրող այլանդակության մասին: Եվ այս ամենի ֆոնին, խեղճ սպառողը` ի դեմս հեռուստադիտողի, ուզի թե չուզի, ստիպված դիտում է այն, ինչ մատուցում են: Իսկ մատուցողներն էլ «արդարանում են», թե նկարում են այն, ինչ հասարակությունը պահանջում է: Բոլորը խոսում են հասարակության անունից, և ոչ ոք չի ուզում լսել հասարակության կարծիքը: Մի տեսակ Բերմուդյան եռանկյունու մեջ ենք հայտնվել…
Այս թեմայի մասին` Ում հանար է «Ոսկե ծիրանը» հոդվածը կարող եք կարդալ նայև այստեղ