կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-31 17:59
Քաղաքական

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի կարծիքը «Համաշխարհային պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի կարծիքը «Համաշխարհային պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնը, արձագանքելով Yerkir.am-ի «Մարտահրավեր՝ թշնամական կերպարներին». թուրքական հայեցակարգ՝ ԿԳՄՍՆ-ի չափորոշիչներում» վերտառությամբ հրապարակմանը, խմբագրությանն է ներկայացրել հետևյալ նամակը. 

«Հարգելի՛ Վահե Սարգսյան,

ԵՊՀ Համաշխարհային  պատմության ամբիոնն արդեն քննարկել է  ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված պատմության ծրագրերի նախագծերից «Համաշխարհային պատմություն» առարկայի նախագիծը և հանդես է եկել այդ (համաշխարհային պատմության) նախագծի վերաբերյալ թե՛ հայտարարությամբ և թե՛ իր բացասական կարծիքն է ուղարկել նախարարություն։

Ինչ վերաբերում է ամբիոնի ևս երկու դասախոսների՝ ծրագրի նախագծին և «ամբիոնի մաս կազմող աշխատանքային եռյակին» հրապարակավ իրենց աջակցությունը հայտնելուն, ինչի մասին նշել եք Ձեր հոդվածում, ապա դա համարում ենք թյուրիմացություն։ 

Հարգանքով՝

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոն

30.07.2020 թ․»:

 

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնը Yerkir.am-ի խմբագրությանն  է ներկայացրել նաև ամբիոնի՝ ԿԳՄՍ նախարարություն ուղարկված կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին, որը ևս ներկայացնում ենք ստորև.  

 

ԵՊՀ Համաշխարհային պատմության ամբիոնի կարծիքը ՀՀ հանրակրթական դպրոցի «Համաշխարհային պատմություն» առարկայի ուսումնառության նոր հայեցակարգի և չափորոշիչների մասին

ԵՊՀ պատմության ֆակուլտետի համաշխարհային պատմության ամբիոնը, քննելով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «համաշխարհային պատմություն» առարկայի նոր հայեցակարգի և չափորոշիչների նախագիծը, բացահայտել է խիստ անհանգստացնող խնդիրներ, բացթողումներ, որոնցից ամենահիմնականների վրա ցանկանում ենք հրավիրել պատասխանատուների ուշադրությունը։

Էթիկական խնդիր

  • «Համաշխարհային պատմություն» առարկայի օրինակելի ՆՈՐ ծրագրի նախագիծը կազմելիս հեղինակներն օգտագործել են «մերժված» գործող դասագրքերի վերնագրերի զգալի մասը նույնությամբ՝ առանց համապատասխան հղման և բացատրության։ Եթե նոր հայեցակարգ է, արդյո՞ք այդ նորը չպետք է արտացոլվի նաև վերնագրերում (օրինակ՝ ավագ դպրոցի՝ միջնադարի ուսումնասիրմանը նվիրված հատվածում թերևս նորությունն այն է, որ հանվել են միջնադարյան քաղաքակրթության ձևավորման, ինչպես նաև ավատատիրության մասին թեմաները, մնացած դեպքերում թեմաները կրկնվում են գրեթե բառացի։ Տե՛ս Համաշխարհային պատմություն։ 10-րդ դաս․։ Հումանիտար հոսքի դասագիրք /Ա․ Քոսյան, Ե․ Գրեկյան, Գ․ Հարությունյան, Եր․, Զանգակ, 2017, էջ 4, կամ դասանյութը՝ էջ 150-191, և հատկապես՝ Համաշխարհային պատմություն: 11–րդ դաս.: Հումանիտար հոսքի դասագիրք /Գ․ Հարությունյան, Վ․Ղլեչյան, Ռ․Սաֆրասթյան, Եր․, Զանգակ, 2017, էջ 3-4, կամ դասանյութը՝ էջ 10-98)։ Պատկերը նույնն է միջին դպրոցի ծրագրում՝ հատկապես նոր և նորագույն դարերի պատմության ուսումնասիրությանը նվիրված թեմաներում: Տե՛ս Համաշխարհային պատմություն։ 8-րդ դաս․դասագիրք /Ա․ Ստեփանյան, Ռ․ Սաֆրաստյան, Ա․Նազարյան, Եր․, Զանգակ, 2013, օր․՝ էջ 6, 20-65 և այլն/, Համաշխարհային պատմություն։ 9-րդ դաս․դասագիրք /Ա. Ստեփանյան, Ա. Նազարյան, Ռ. Սաֆրաստյան, Եր․, Զանգակ, 2014, օր․՝ էջ 8-56 և այլն/:    

Հայեցակարգ

  • Անհասկանալի է, թե ինչու է 7-9-րդ և 10-րդ դասարանի չափորոշչի կառուցվածքի հիմքում ժամանակագրական մոդելը դրված, իսկ 11-րդ և 12-րդ դասարաներում՝ արդեն հիմնախնդրային-հասկացութենական (օրինակ՝ 10-րդ դասարանում գրված է «Արևմտյան քաղաքակրթություններ», «Նոր Եվրոպայի ծնունդը», բայց 11-րդ դասարանից արդեն «Աշխարհակալություններ», «Ազգային պետություններ» և այլն)։ Հասկանալի է, որ «Համաշխարհային պատմություն առարկայի մոտեցումները, սկզբունքներն ու ծրագրային փուլերը հիմնված են Քաղաքակրթություն, Փոփոխություն, Գլոբալ փոխազդեցություն, Համակարգ հիմնական գաղափարների վրա» (էջ 2), սակայն անհասկանալի է, թե ինչո՞ւ, ի՞նչ սկզբունքով են դրանց տվել ժամանակագրական բնույթ և, օրինակ, 10-րդ դասարանի թեմաները «Քաղաքակրթություն» խորագրի տակ ներկայացրել, 11-րդ դասարանի թեմաները՝ Պետություն և Փոփոխություն, 12-րդ դասարանում՝ «Համագործակցություն և կոնֆլիկտ», «Աշխարհն արդի փուլում»․․․ Ո՞ւր մնացին Փոփոխություն, Գլոբալ փոխազդեցություն, Համակարգ գաղափարները, կամ ո՞ր հասկացության տակ պետք է հասկանալ Պետություն և Փոփոխություն, Համագործակցություն և կոնֆլիկտ, Աշխարհն արդի փուլում հասկացությունները, կամ արդյո՞ք «Քաղաքակրթություն, Փոփոխություն, Գլոբալ փոխազդեցություն, Համակարգ» հիմնագաղափարը չպետք է դիտարկվեր բոլոր ժամանակների համար (առանձին քննարկման թեմա է հիմնագաղափարների այդ քառյակը․ ինչո՞ւ են ընտրվել հենց դրանք)։
  • Չի պահպանվել նյութի մատուցման պատմականության սկզբունքը՝ պատմական իրադարձությունների տրամաբանական, պատճառահետևանքային և ժամանակագրական կապն ու հաջորդականությունը։ 
  • Չեն պահպանվել պատմական նյութի մատուցման մանկավարժական սկզբունքները՝ պարզից բարդ, ակներևից անհայտ, առարկայականից վերացական։
  • Չկան հստակ պատկերացումներ համաշխարհային պատմության հիմնարար շրջափուլերի վերաբերյալ՝ Հին Արևելք, հունահռոմեական դարաշրջան, միջնադար․․․
  • Օգտագործված է «քաղաքակրթություն» եզրույթը, սակայն չեն բացահայտված դրա բովանդակությունը և տարասեռությունները՝ հընթացս համաշխարհային պատմության։
  • Տեսանելիորեն չեն բացահայտվել հասարակությունների, պետական կառավարման համակարգերի տարակերպությունները, չկան հստակ պատկերացումներ Արևելքի և Արևմուտքի ժողովուրդների ընտրախավերի և ականավոր գործիչների դերակատարումների մասին։
  • Թույլ է բացահայտված միջազգային կազմակերպությունների (ՄԱԿ, ՆԱՏՕ և այլն) դերը արդի համաշխարհային պատմության մեջ։
  • Ըստ էության՝ համաշխարհային պատմությունը ներկայանում է հատվածային, զուրկ ներքին պատճառականությունից և ժամանակագրական հաջորդականությունից, չի տրվել համաշխարհային պատմության զարգացման ուղիների բազմազանությունը։ 
  • Պատմության մեջ չկան օրինաչափություններ․ դա հին մարքսիստական մեխանիստական պատկերացում է։ Պատմության մեջ կան միտումներ, ժողովուրդներ, պետական կառույցներ, գործիչներ, որոնք իրագործում կամ չեն իրագործում դա։

Նպատակների և վերջնարդյունքների խնդիրը

  • Գրեթե բոլոր բաժիններում նույն կաղապարային տեքստն է՝ միայն չնչին փոփոխությամբ․ եթե Միջնադար է, ուրեմն Միջնադար է գրված, եթե Նոր Եվրոպա է, ուրեմն Նոր Եվրոպա և այլն։ Մինչդեռ «Նպատակներ և վերջնարդյունքեր» բաժնից կամ գոնե «Ընդհանրական գաղափարներ» բաժնից պետք է պարզ դառնար, թե աշակերտն ինչ առանձնահատկություններ է բացահայտում և ինչ նոր բան է սովորում։ Մի խոսքով՝ փոփոխականության հարացույցը մնում է իբրև հայտարարություն։
  • Վերջնարդյունքներում պահպանված չէ բայերի չափելիության սկզբունքը։ 
  • Հարկավոր է խուսափել ընդհանրական վերջնարդյունքներից։

Ուսումնական գործունեություն և Ընդհանրական գաղափարներ բաժիններ 

  • Տարօրինակ է, որ, օրինակ, ուսումնական գործունեությունը ձևերը 10-12-րդ դասարանի բոլոր թեմաների համար նույնն են և անտեղի ծանրացնել են փաստաթուղթը։ 
  • Ընդհանրական գաղափարներ բաժնում բացակայում են բանալի հարցադրումներն ու բանալի հասկացություն-հղացքները։

Բովանդակություն

(Ներկայացնում ենք դիտարկումների մի մասը միայն, որպեսզի խնդիրների ընդհանուր տրամաբանությունը երևա)

  • Նախ՝ չափազանց սխեմատիկ և ոչինչ չասող վերնագրեր են, և նույն խնդիրը կա, ինչ որ Նպատակներ, Վերջնարդյունքեր և Ուսումնական գործունեություն կամ Ընդհանրական գաղափարներ բաժիններում․ գրեթե ոչնչով չեն տարբերվում, միայն երկրների անվանումներն են փոփոխվում։ Օրինակ՝ ավագ դպրոցում վերնագրերում կրկնվում է «․․․ձևավորումը, փուլաբաժանումը, առանձնահատկությունները, վերելքն ու անկումը» կամ առանց «վերելքի ու անկման»։ Բայց այդ դեպքում էլ անհասկանալի է, թե ինչո՞ւ է Հնդկաստանի, Չինաստանի և Ճապոնիայի դեպքում այդ սկզբունքը անտեսված։
  • Բովանդակային կետերն այնքան լայն են, որ անհասկանալի է, թե դրանց տակ ի՞նչ պիտի դասավանդվի, մանավանդ որ վերջնարդյունքներն այս հարցում օգտակար չեն․ արհեստական են, ֆորմալ,  չեն համապատասխանում յուրաքանչյուր կոնկրետ թեմայի բովանդակությանը, խնդիրներին։  
  • Տարօրինակ է նաև այն, որ թեմաների մեջ չեն նշվում ենթավերնագրերը, որպեսզի ավելի հասկանալի լիներ, թե տվյալ վերնագրի ներքո ինչ թեմաներ են ենթադրվում․ մնում է միայն գուշակել կամ առաջնորդվել գործող մերժված դասագրքի բովանդակությամբ։

Օրինակներ միջին դպրոցի ծրագրից

  • 7-9-րդ դասարանի թեմաների կողքին նշված չէ, օրինակ, թե յուրաքանչյուր թեման ինչ ժամաքանակով է ուսումնասիրվելու։
  • Հարկավոր է վերանայել միջնադարի բաժինը, քանի որ այն դիտարկվել է միայն քաղաքական և տնտեսական պատմության տեսանկյունից, ուշադրությունից դուրս են մնացել հոգևոր և մշակութային ոլորտները։ Բովանդակության մեջ և վերջնարդյունքներում համենայն դեպս այդ թեմաները նկատելի չեն։ 
  • Ծրագրից դուրս է մնացել արաբների, Արաբական խալիֆայության, իսլամի առաջացման պատմության թեման (տե՛ս 7-րդ դասարան, թեմա 4 )։ 
  • Անտեսված է համաշխարհային կրոնների դերակատարությունը համաշխարհային պատմության մեջ, մինչդեռ հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ պատմության հետ միավորման դեպքում հարկավոր էր թեման ուշադրության կենտրոնում պահել։ 
  • «Քաղաքական գաղափարախոսությունները» թեմայում (տե՛ս 8-րդ դասարան, թեմա  4) ինչո՞ւ չի նախատեսվում քննարկել պահպանողականությունը։  Անհասկանալի է նաև՝ ինչու՞ է հենց լիբերալիզմի (ազատականության) դեպքում մասնավորեցվել ամերիկյան հասարակության օրինակը, իսկ մյուսների դեպքում չի կիրառվել նման մոտեցում։ 
  • Անհասկանալի է նաև «Սոցիալ-դարվինիզմ․պատերազմ» թեմայի ձևակերպումը (տե՛ս նույն թեմայում), քանի որ չի հասկացվում՝ ի՞նչ է նկատի առնվում այս վերնագրի ներքո։ 
  • «Քաղաքական գաղափարախոսություն» խոշոր թեմայի մեջ արհեստականորեն ներառվել է նաև «Կրթության և գիտության դերը հասարակության փոփոխության գործում (xvii դար – xx դարի առաջին կես)» թեման, ինչը ըստ էության չի տեղավորում մեծ թեմայի բովանդակության շրջանակում։
  • Համաշխարհային պատմությունը ներկայացվում է հատվածականորեն՝ զուրկ ներքին պատճառականությունից։ Անընդունելի ենք համարում Նախնադարի և Հին Արևելքի երկրների պատմության տարրալուծումը «Ես, իմ հայրենիքը և աշխարհը» դասընթացի մեջ, որով աշակերտի մոտ խախտվում է պատմության ընկալման ամբողջականությունը։ 

Օրինակներ ավագ դպրոցի ծրագրից․

  • Թեմա 4․ Անցում Միջնադարյան քաղաքակրթության։ Քաղաքակրթության վերելքը Եվրոպայում։ Արևելքի և Ամերիկայի քաղաքակրթությունները։

Նախ՝ վերնագրի մասին․ անհասկանալի է, թե ինչու է դուրս մնացել Աֆրիկան, եթե նպատակը ժամանակի հիմնական քաղաքակրթությունները ներկայացնելն է, մասնավորապես ինչո՞ւ չի ներկայացվել աֆրիկյան այսպես կոչված «առևտրային քաղաքակրթությունը», որը կարևոր կապուղի էր արևելք-արևմուտք քաղաքակրթական ամբողջության համար։

Անհասկանալի է, թե ինչու վերնագրում խոսք կա դեպի Միջնադար անցման մասին, բայց թեմայի բովանդակության մեջ կոնկրետ արտացոլված չէ ոչ «անցումը դեպի Միջնադար», ոչ էլ «Միջնադարից դեպի․․․» անցումը։

  • Բացարձակապես խոսք չկա Միջնադար հասկացության մասին՝ փուլերով հանդերձ։
  • Բացարձակապես խոսք չկա ֆեոդալիզմի կամ ավատատիրության մասին ո՛չ թեմայի բովանդակության մեջ, ո՛չ էլ Նպատակներ և Վերջնարդյունքներ բաժիններում․ առանց այդ հասկացության ինչպե՞ս պետք է աշակերտները յուրացնեն Միջնադարը՝ մնում է բաց։
  • Ոչ մի տեղ չես գտնի համաշխարհային առևտրական կենտրոնների ձևավորման և համաշխարհային շուկայի կազմավորման մասին։
  • Ոչ մի խոսք չկա ասպետականության կամ Մեծ գաղթի մասին (գուցե նկատի է առնվել, բայց ոչ մի կերպ ոչ մի տեղ չի արտացոլվում․ մնում է գուշակել)։
  • Անհասկանալի է, թե ինչու է ռուսական միջնադարյան քաղաքակրթությունը ներառված «Միջնադարյան Եվրոպա» բաժնում։
  • Չի հասկացվում, թե որ բաժնում, որ վերնագրի տակ է պետք փնտրել միջնադարյան մշակույթը որպես այդպիսին․ գուցե «Քաղաքակրթական ձեռքբերումներ» վերնագրի տա՞կ։ Թերևս հարկ է մանրամասնել և ծրագրում հստակ արտահայտել։
  • Անհասկանալի է, թե «Քոչվորական քաղաքակրթությունը» վերնագրի ներքո որ ժողովուրդներին են դիտարկում իբրև այդպիսին (արդյո՞ք սելջուկ-թուրքերին, մոնղոլներին կամ այլ)։ 

Շարունակելի․․․

Բազմաթիվ են բացթողումները, սխալները, որոնք թույլ չեն տա, որպեսզի այս ծրագրի հիման վրա հնարավոր լինի գրել ՆՈՐ դասագիրք։

Հ․Գ․ Թռուցիկ ծանոթությունը հայոց պատմության ծրագրի նախագծին թույլ է տալիս  ենթադրել, որ դրությունն այնտեղ ևս բարվոք չէ, բայց այս խնդրի դիտարկումը թողնում ենք համապատասխան մասնագետներին։ 

 

ԵՊՀ Պատմության ֆակուլտետ

Համաշխարհային պատմության ամբիոն


Ալբերտ Ստեփանյան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ամբիոնի վարիչ

Հակոբ Հարությունյան, պատմական գիտությունների դոկտոր

Արա Գասպարյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Սմբատ Հովհաննիսյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Լիլիթ Մինասյան, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ջուլիետա Կճանյան, դասախոս 

 

27.07.2020 թ․