կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-03 16:25
Հասարակություն

Ի տեր հանգավ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

Ի տեր հանգավ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը
Հայագիտությունը կրեց ցավալի ու ծանր կորուստ: Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:

Արտակ Մովսիսյանի կյանքի ու գործունեության  հիմնաքարը հայրենասիրությունն էր: Նրա թողած գիտական վիթխարի ժառանգությունը նոր էջեր բացեց մեր պատմության մեջ: Բազմավաստակ գիտնականն ու մեծ հայրենասերը մշտապես պայքարում էր մեր պատմության կեղծարարների դեմ… Նա հայ պատմագիտության խրամատի արթուն զինվորն էր:  Նրա խոսքը համոզիչ էր, անզիջում, փաստարկված, քաջությունն ու պայծառությունը՝ վարակիչ:

Երկրում արտակարգ դրություն հաստատելուց հետո Արտակ Մովսիսյանը պարբերաբար կազմակերպում էր առցանց, բաց կինոդիտումներ՝ նպաստելով ոչ միայն իր ուսանողների, այլև ամբողջ հայության շրջանակում հայագիտության զարգացմանը: Նրա մշտաժպիտ ու լուսավոր կերպարը միշտ թևածում էր Մայր բուհում՝ հայրենասիրության բացառիկ դասեր տալով բոլոր ուսանողներին:

Արտակ Մովսիսյանը ազգային արժեքների գաղափարակիրն էր, մարմնավորողը, տարածողը: Հայ ժողովուրդը կորցրեց մեծանուն հայի,  Մայր բուհը՝ բազմավաստակ ու հայրենապաշտ գիտնականին ու դասախոսին:

Մայր բուհը սգում է սիրված ու անվանի համալսարանականի անժամանակ մահը և խորին ցավակցություններ հայտնում Արտակ Մովսիսյանի ընտանիքին, հարազատներին, ընկերներին, գործընկերներն ու ուսանողներին:

Վաստակավոր պատմաբանը ծնվել է 1970 թ. Աբովյան քաղաքում: 1990-1994 թ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա», Երևան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք:

1994-1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)» մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։ 

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրություններ), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։

2015 թ. սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն՝ «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: 

Արտակ Մովսիսյանը 1997 թվականից որպես գիտաշխատող աշխատում էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (2004 թվականից՝ ավագ գիտաշխատող): 1991-1997 թթ. որպես գիտաշխատող աշխատել է նաև Հայաստանի պատմության պետական թանգարանում:

2016 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:

Մեծանուն պատմաբանի գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, հայոց պատմության հնագույն շրջանին, կարևորագույն իրադարձություններին ու առանցքային դեմքերին նվիրված 5-ից ավելի ֆիլմեր, հարյուրավոր հաղորդումներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի՝ հայոց պատմության մի շարք հիմնահարցերի, հատկապես հայոց հնագույն պետականությունների վերաբերյալ ուսումնասիրությունները հայեցակարգային նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման գործում: Հայրենապաշտ պատմաբանի մարդկային նկարագրի, գիտական պատկառելի վաստակի և հայ պատմագիտության մեջ թողած լուսավոր հետագծի մասին շարադրանքը դեռ ստեղծվելու է: