կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-10-03 11:19
Հասարակություն

Մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

Մահացել է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ Արտակ Մովսիսյանը

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտակ Մովսիսյանը:

Վաստակավոր պատմաբանը ծնվել է 1970 թ. Աբովյան քաղաքում: 1990-1994 թ. ուսանել է ԵՊՀ պատմության ֆակուլտետում: Ուսանողական տարիներին գրած առաջին մենագրությունը («Հնագույն պետություն Հայաստանում. Արատտա», Երևան, 1992) «Հայաստան» համահայկական հիմնադրամի հայտարարած «Երիտասարդ գիտնականներ-1993» մրցույթում ճանաչվել է հաղթող՝ լավագույն պատմագիտական աշխատանք:

1994-1997 թթ. շարունակել է կրթությունը ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, որն ավարտել է «Վանի թագավորության (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ)» մեհենագրությունը» ատենախոսության պաշտպանությամբ՝ ստանալով պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Մասնակցել է մի շարք հանրապետական և միջազգային գիտաժողովների: Հեղինակ է մեկ տասնյակից ավելի պատմագիտական ուսումնասիրությունների (մենագրությունների), հինգ փաստագրական ֆիլմերի և ավելի քան երեք տասնյակ գիտական հոդվածների։

2015 թ. սեպտեմբերի 22-ին պաշտպանել է դոկտորական ատենախոսություն «Հայաստանի գրավոր մշակույթը նախամաշտոցյան ժամանակաշրջանում» թեմայով, որի համար նրան շնորհվել է պատմական գիտությունների դոկտորի գիտական աստիճան:

Արտակ Մովսիսյանը 1997 թվականից որպես գիտաշխատող աշխատում էր ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում (2004 թվականից՝ ավագ գիտաշխատող): 1991-1997 թթ. որպես գիտաշխատող աշխատել է նաև Հայաստանի պատմության պետական թանգարանում:

2016 թվականից ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի վարիչն էր:

Մեծանուն պատմաբանի գրչին են պատկանում հայոց պատմության հնագույն շրջանին առնչվող երկու տասնյակից ավելի մենագրություններ, հայոց պատմության հնագույն շրջանին, կարևորագույն իրադարձություններին ու առանցքային դեմքերին նվիրված 5-ից ավելի ֆիլմեր, հարյուրավոր հաղորդումներ, ձեռնարկներ ու հրապարակումներ:

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Մովսիսյանի՝ հայոց պատմության մի շարք հիմնահարցերի, հատկապես հայոց հնագույն պետականությունների վերաբերյալ ուսումնասիրությունները հայեցակարգային նշանակություն են ունեցել հայ պատմագիտության զարգացման գործում: Հայրենապաշտ պատմաբանի մարդկային նկարագրի, գիտական պատկառելի վաստակի և հայ պատմագիտության մեջ թողած լուսավոր հետագծի մասին շարադրանքը դեռ ստեղծվելու է: