կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 13:10
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արայիկ Հարությունյանը չի տիրապետում իրավական նորմերին․ բողոքող դիմորդները ԿԳՄՍՆ դիմաց են

Բուհ չընդունված դիմորդներն ու ծնողները ԿԳՄՍ նախարարության առջև բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանց մոտեցավ ԿԳՄՍՆ Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյանը և հայտնեց, որ ակցիայի մասնակիցներին նախարարը հրաժարվում է ընդունել, նրանց կարող է ընդունել և լսել փոխնախարարը։

Ակցիայի մասնակիցներից՝ դիմորդի ծնող Մասիս Բաբայանը բոլորի անունից ասաց, որ հրաժարվում են՝ այլեւս չեն ցանկանում այս թեմայով հանդիպել փոխնախարար Գրիշա Թամրազյանի հետ:

Նա հայտարարեց, որ Արայիկ Հարությունյանը միտումնավոր չի հանդիպում ակցիայի մասնակիցների հետ, քանի որ նա կատեգորիկ չի տիրապետում իրավական նորմերին:

Ակցիայի մասնակիցը հարցի լուծում չի համարում Արայիկ Հարությունյանի՝ երեկ ուղիղ եթերով հնչեցրած առաջարկը, որ բարձր գնահատականներ ստացած դիմորդները կարող են մասնակցել հետագայի ընդունելությանը. «Եթե նրանք մեզ, կոպիտ ասած, ուզում են լավություն կերցնել, կամ կարծես թե հարցին փորձում են լուծում տալ դրա մասին մենք տեղյակ ենք, բոլորս էլ հասկանում ենք որ ստացած բարձր գնահատականներով հնարավոր է հեռակա դիմել, բայց դա հարցի լուծում չէ մեզ համար»:

Նախարար Արայիկ Հարությունյանը, նրանց խոսքով, չի տիրապետում՝ ինչ է նշանակում պատշաճ կերպով ծանուցել։

«Դրա համար կա 3 տարբերակ: Առաջինը, երբ փաստաթուղթը առձեռն տալիս են դիմորդին, երկրորդը՝ դնում են փաստաթուղթը ծրարի մեջ եւ փոստով ուղարկում են դիմորդին, երրորդն էլ, երբ դիմորդի էլեկտրոնային հասցեին են ուղարկում: Դրանցից ոչ մեկը ԿԳՄՍՆ-ի կողմից չի իրականացվել, ի՞նչ պատշաճ ծանուցման մասին էր խոսում Արայիկ Հարությունյանը: Կամ, երբ ասում են հեռուստացույցով ԳԹԿ աշխատակիցները բազմիցս հաղորդել են, բայց դիմորդը նստած պարապում է, կարող է լսած չլինի, դուք պետք է դա անեիք պատշաճ եղանակով, որից ամենահեշտը տվյալ դիմորդի էլեկտրոնային հասցեին ուղարկելն էր»,- ասաց Մասիս Բաբայանը:

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում են՝ դժգոհելով ընդունելության՝ փոփոխված կարգից, որի պատճառով 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավելի բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի առաջնայնությունը տրվել է տվյալ մասնագիտությունը վճարովի և անվճար հիմունքով առաջին հայտով նշածներին։ Հուլիսի 22-ին  նրանք ակցիա արեցին նախ ԱԺ-ի դիմաց,  ապա  ԿԳՄՍՆ-ի դիմաց, հետո հանդիպեցին  ՄԻՊ Արման Թաթոյանի և ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որ բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

Մանրամասն՝ տեսանյութում․