կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-27 13:48
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նստացույցից հետո դիմորդները շարժվեցին ոստիկանության Կենտրոնականի բաժին՝ բերման ենթարկվածների մոտ

«Հաղթելու ենք», «Ոստիկանը մերն է», «Ուսանող ենք» վանկարկումներով՝ բուհեր չընդունված ուսանողները կարճ նստացույցից հետո շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնականի բաժին, ուր բերման են ենթարկվել ակցիայի 2 մասնակից՝ հայտնում է Yerkir.am-ը:

Փողոց փակած նստացույցի ժամանակ կարմիրբերետավորները բերման են ենթարկել ակցիայի մասնակիցներՄասիս Բաբալյանին և Հովհաննես Հարությունյանին:

Մինչ այդ նրանք ԿԳՄՍՆ դիմաց էին և պահանջում էին հանդիպում նախարար Արայիկ Հարությունյանի հետ։

Նախարարը հրաժարվեց ընդունել նրանց և աշխատակցի միջոցով առաջարկեց հանդիպել փոխնախարարի հետ, ինչից ակցիայի մասնակիցները հրաժարվեցին։ Նրանք  ժամ ժամանակ տվեցին նախարարին՝ ասելով, որ այնուհետեւ կանցնեն այլ քայլերի։

Երթի ընթացքում մասնակիցները մեկ րոպե կանգնեցին Կառավարության շենքի դիմաց եւ ծափահարեցին. «Կառավարությունը պետք է լսի մեր ձայնը»:

Մասնակիցները կսպասեն մեկ ժամ, Նրանք վանկարկում են՝ «Հանդիպում», «Մենք ուզում ենք սովորել» եւ այլն։

Նշենք, որ երեկ «Պահանջատեր դիմորդ» շարժման փաստաբանական թիմի ղեկավար Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ դիմորդները 16-17 տարեկան են, ինչը նշանակում է, որ նրանց վրա չի տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը, քանի որ անչափահասներին պատասխանատվության ենթարկող մարմինը` անչափահասների գործերով հանձնաժողովները առանց իրավահաջորդության լուծարված են: «Սա նշանակում է, որ անչափահասը ոչ մի պարագայում չի ենթարկվելու վարչական պատասխանատվության, հետեւաբար նրանց ձերբակալելը կամ վարչական այլ ռեպրեսիվ գործիքակազմի կիրառումը ոչ իրավաչափ է եւ համապատասխան հատկանիշների առկայության պարագայում կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պտասխանատվություն: Հարգելի´ իրավասուներ, մի վախեցեք երիտասարդության ձայնը լսել, նրանք են մեր ապագան, նրանց պայքարը արդար է, իսկ հաղթանակը անխուսափելի»,-գրել էր նա։

Հիշեցնենք, որ բուհերից դուրս մնացած ուսանողներն ու նրանց ծնողները բողոքում են՝ դժգոհելով ընդունելության՝ փոփոխված կարգից, որի պատճառով 7-8 բալ ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 16 եւ ավելի բալ ստացած շատ դիմորդներ չեն ընդունվել, քանի որ այս տարի առաջնայնությունը տրվել է տվյալ մասնագիտությունը վճարովի և անվճար հիմունքով առաջին հայտով նշածներին։ Հուլիսի 22-ին  նրանք ակցիա արեցին նախ ԱԺ-ի դիմաց,  ապա  ԿԳՄՍՆ-ի դիմաց, հետո հանդիպեցին  ՄԻՊ Արման Թաթոյանի և ԿԳՄՍ փոխնախարար Թամրազյանի հետ։ Մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել, որ բողոքները քննարկման ընդունելու որոշում է կայացրել և համապատասխան գրությամբ դիմել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին:

Մանրամասն՝ տեսանյութում․