Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպեց Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ բողոքող քաղաքացիների հետ, որոնք ակցիա են իրականացնում գլխավոր դատախազության շենքի առջև: Ըստ «Արմենպրես»-ի` Արթուր Դավթյանը ակցիայի մասնակիցներին տեղեկացրեց, որ ստացել են դատական ակտը, համաձայն չեն դրա հետ: «Մենք մեր հիմնավորումներով պատրաստում ենք համապատասխան բողոքը: Մենք ամեն ինչ անելու ենք, որ այսօր այդ բողոքը մուտք լինի վերաքննիչ դատարան: Սա մեր հավաստիացումն է»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Հարցին, թե դատարանը քա՞նի օրվա ընթացքում է քննելու դատախազության ներկայացրած բողոքը, ՀՀ գլխավոր դատախազը պատասխանեց. «Դա օրենքն է կարգավորում, օրենքն ասում է, որ Վերաքննիչ դատարանն առաջին ատյանի դատարանի ակտի ստուգումն իրականացնում է նյութերը ստանալու օրվանից երեք օրվա ընթացքում: Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը որ պահին նյութերը կստանա, երեք օրվա ընթացքում կնշանակվի նիստ, և այդ նիստի ընթացքում կստուգվի առաջին ատյանի դատարանի ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը»:
Արթուր Դավթյանը հավաքվածներին տեղեկացրեց, որ առաջին ատյանի դատարանը Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը կապել է նրա հիվանդությունների հետ: «Դատարանը տեսել է կալանքի հիմքեր, բայց գտել է, որ գրավը կարող է տվյալ իրավիճակում փոխարինել կալանքին, որի հետ մենք համաձայն չենք: Մենք գտնում ենք, որ նրա հիվանդություններն այնպիսին չեն, որոնք անհամատեղելի են կալանքի հետ»,- ասաց գլխավոր դատախազը՝ հավելելով, որ Մանվել Գրիգորյանի հիվանդությունների՝ կալանքի հետ համատեղելիությունը ստուգելու համար փորձաքննություն է նշանակված, որի պատասխանները դեռ չկան:
ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ իրենք կարծում են, որ Մանվել Գրիգորյանը, լինելով ազատության մեջ, կարող է դրսևորել ոչ պատշաճ վարքագիծ, ինչի համար էլ Վերաքննիչ բողոք են ներկայացնում: «Ամբողջ ծավալով քննություն է ընթանում, գործը շատ բազմածավալ է, շատ մեծ քանակությամբ քննչական դատավարական գործողություններ են իրականացվում, նշանակված են բազմաթիվ փորձաքննություններ»,- մանրամասնեց Դավթյանը:
ՀՀ գլխավոր դատախազի հետ հանդիպումից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ բողոքի գործողությունները չեն դադարեցնում. որոշում կայացվեց բողոքի ակցիան շարունակել Վերաքննիչ դատարանի շենքի մոտ: