կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-28 15:21
Հասարակություն

Աստվածաշունչ և խաչ՝ Արայիկ Հարությունյանին․ բուհ չընդունված դիմորդները ԿԳՄՍՆ առջև են

Աստվածաշունչ և խաչ՝ Արայիկ Հարությունյանին․ բուհ չընդունված դիմորդները ԿԳՄՍՆ առջև են

Բուհ չընդունված դիմորդներն ու ծնողները ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանից այսօր որևէ պահանջ չունեին, պարզապես Աստվածաշունչ և խաչ էին բերել՝  նվիրելու նախարարին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք մտադիր էին նվերներն անձամբ տալ նախարարին, բայց ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը մոտեցավ և առաջարկեց իր միջոցով փոխանցել Արայիկ Հարությունյանին․ «Եկել եմ նախարարին ուղղված նվերը վերցնելու, եթե կարելի է փոխանցեք, վերցնեմ: Նախարարը տեղյակ է բոլոր խնդիրներից, նա բավականին մանրամասն խոսել է: Նվերը նախարարն ընդունում է և, որպես հավատացյալ մարդ, շնորհակալ է նվերի համար»,- ասաց նա։

Չընդունված դիմորդներից մեկը  հույս հայտնեց, որ նախարարը, ընդունելով այդ նվերը, գուցե սկսի ավելի մարդկային ձևով վերաբերվել իր կատարած աշխատանքին։

«Մեծ հույս ունենք, որ նախարարը, ընդունելով այս նվերը, գուցե սկսի ավելի մարդավարի ձևով վերաբերվել իր մասնագիտությանը, ավելի ազգանվեր գործունեություն վարել և ավելի մոտ կանգնի եկեղեցուն: Հուսով ենք, նախարարը՝ կարդալով ապատեղեկատվություն չի տարածի այն մարդկանց վերաբերյալ, որոնք 17-ից 18 տարեկան պատանիներ են և կլինի ավելի մարդկային իր գործի մեջ ու չի փորձի իրենց մեղքերը բարդել դիմորդների վրա»,- ասաց նա:

Գոհար Մամիկոնյանը վստահեցրեց, որ այդ գիրքը նախարարը կարդացել է, իսկ աշխատանքն ուղղված է ոլորտում բարեփոխումներին:

Դիմորդները համաձայն չէին:

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաներ իրականացնող դիմորդները և ծնողները դժգոհում են ընդունելության կարգի փոփոխությունից, որի հետևանքով 7.5-8 միավոր ստացած դիմորդներն ընդունվել են, իսկ 18-20 միավոր ստացածները՝ դուրս մնացել։ Նրանք արդեն մի քանի օր է ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի, ԿԳՄՍՆ-ի, ԱԺ-ի դիմաց։ Երեկ ոստիկանությունը բերման ենթարկեց նրանցից երկուսին և ակցիան տեղափոխվել Ոստիկանության Կենտրոնի բաժանմունքի դիմաց։