կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-23 16:10
Առանց Կատեգորիա

Ուսանողները կարող են դիմել բուհի ղեկավարությանը. ԿԳՄՍՆ-ն չի արձագանքում վարձավճարի դեմ բողոքող՝ ԵՊՀ ուսանողների պահանջին

Ուսանողները կարող են դիմել բուհի ղեկավարությանը. ԿԳՄՍՆ-ն չի արձագանքում վարձավճարի դեմ բողոքող՝ ԵՊՀ ուսանողների պահանջին

ԿԳՄՍ նախարարությունը ԵՊՀ ուսանողների՝ վարձավճարների բարձրացման հետ կապված  բողոքը թողնում է ուսանողների և բուհի ղեկավարության տիրույթում:

Yerkir.am-ը նախարարությունից հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է այս պահին նախարարությունը պատրաստակամ հանդիպել ուսանողներ հետ՝ համատեղ լուծումներ գտնելու համար: Ի պատասխան մեր հարցմանը՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ ուսման վարձավճարների չափը, ուսման վճարը մասնակի փոխհատուցող ուսանողական նպաստների չափը սահմանում և այն տրամադրելու գործառույթներն իրականացնում է բուհը:  

Մեր հարցին, թե որքանո՞վ է, ըստ նախարարության, այս պահին տեղին վարձավճարների բարձրացումը, եթե ուսանողները լիարժեք չեն հաճախում դասերի, նախարարությունից հստակ մեկնաբանություն չենք ստացել՝ պատճառաբանությամբ, թե այդ հարցը գտնվում է բուհերի ղեկավարության և ուսանողների քննարկման տիրույթում:  

«Ելնելով այն հանգամանքից, որ ուսման վարձավճարների հետ առնչվող հարցերը գտնվում են բարձրագույն ուսումնական հաստատությունների իրավասության շրջանակում՝ ուսանողները կարող են դիմել բուհի ղեկավարությանը՝ հարցը քննարկելու և, հաշվի առնելով նաև համաճարակով պայմանավորված իրավիճակը, որոշակի լուծումներ գտնելու և հնարավորության դեպքում ուսման վարձավճարների հարցում ընդառաջելու, զեղչեր կիրառելու խնդրանքով»,- նշվում է նախարարության պատասխանում:

Փաստացի, նախարարությունը հղում է կատարում օրենքին, ազատում իրեն որևէ պարտականությունից՝ թողնելով հարցը ուսանողների ուսերին: Մյուս կողմից էլ՝ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտարարում է, որ վարձերը բարձրացնելու ցանկությունը վաղուց էր հասունացել՝ դեռ այն ժամանակ, երբ կորոնավիրուսի մասին խոսք անգամ չկար: Բայց հարց է առաջանում՝ հնարավոր չէ՞ր, հաշվի առնելով ստեղծված ֆորսմաժորային իրավիճակն ու այս ընթացքում բուհերում դասապրոցեսի ոչ լիարժեք անցկացումը, գոնե այս տարի զերծ մնալ վարձերը թանկացնելուց:

Վերջում նախարարության կողմից հղում է արվում «Կրթության մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածին, որի համաձայն՝ վճարովի հիմունքներով սովորողներն ուսման վարձը կարող են վճարել ըստ կիսամյակների կամ ուսումնական տարվա ամիսների՝ ուսման վարձը հավասարաչափ բաժանելով տվյալ ուսումնական տարվա ամիսների թվին:  

Նշենք, որ այս տարի ուսման վարձերը ԵՊՀ-ում բարձրացել են 70-160 հազար դրամով: Այս որոշման դեմ բողոքող ուսանողները ստորագրահավաք էին կազմակերպել և նախորդ շաբաթ բողոքի ակցիա իրականացրել կառավարության շենքի առջև: Նրանք 5000-ից ավելի ստորագրություններով նամակ էին փոխանցել կառավարությանը՝ ուսման վարձերի մասնակի փոխհատուցման պահանջով:  

 

No description available.