կարևոր
2287 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-28 12:07
Քաղաքական

Վստահաբար, հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաեւ Սամվել Բաբայանը․ «Հրապարակ»

Վստահաբար, հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաեւ Սամվել Բաբայանը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մենք գրել էինք, որ Արցախի գլխավոր դատախազությունում 44-օրյա պատերազմի եւ 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության առնչությամբ քրեական վարույթ է հարուցվել։ Վարույթի շրջանակում Արցախում հարցաքննվել է նաեւ 2020թ․ մայիսի 29-ից մինչեւ նոյեմբերի 10-ը Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը զբաղեցրած Սամվել Բաբայանը։ Մեզ հասանելի է դարձել հարուցված քրեական վարույթի շրջանակում Սամվել Բաբայանի տված ցուցմունքը։ 

Այն ժամանակ Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանին տված ցուցմունքում Բաբայանը հայտնել է, որ 44-օրյա մահաբեր պատերազմի ժամանակ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 2 անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմն ամեն գնով կանգնեցնելու խնդրանքով։ Ըստ այդ ցուցմունքի՝ Փաշինյանին նախ խնդրել են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը եւ այդ ժամանակ գործող նախագահ Արայիկ Հարությունյանը, իսկ երկրորդ անգամ՝ Արցախի ԱԺ-ում ընդգրկված քաղաքական ուժերը։ Սամվել Բաբայանը պատմել է, որ ինքը տեղյակ է եղել այդ խնդրանքներից եւ իր ցուցմունքում ասել է, որ երբ Փաշինյանը պատերազմը կանգնեցնելու համար դիմել է ՌԴ նախագահին, ադրբեջանական կողմն ավելի մեծ պահանջներ է ներկայացրել։ 

«Նոյեմբերի 9-ի երեկոյան ես տեղեկացել եմ, որ Փաշինյանը պատրաստվում է ստորագրել հայտնի հայտարարությունը, եւ այն կանխելու համար գնացել եմ ՀՀ կառավարություն, բայց արդեն ուշ էր, ինձ չի հաջողվել հանդիպել Փաշինյանին։ Ես Փաշինյանի այդ քայլը համարում եմ դավաճանություն։ Պատերազմի ընթացքում Արայիկ Հարությունյանի հետ պարբերաբար քննարկել ենք պատերազմի ընթացքն ու համոզվել, որ Պաշտպանության բանակն ի վիճակի չի եղել դիմակայելու հարձակմանը։ Արայիկ Հարությունյանը ցանկանում էր, որ օր առաջ ռազմական գործողությունները դադարեցվեն։ Սակայն գիտակցում էր, որ դա իրենից կախված չէ»,- ասել է Բաբայանը։

Բաբայանի ողջ ցուցմունքը չենք հրապարակում` անվտանգության նկատառումներից ելնելով։ Տեղեկացանք, որ նոյեմբերի 29-ին ԱԺ Քննիչ հանձնաժողովը հարցաքննելու է նաեւ Սամվել Բաբայանին՝ ելնելով նրա ցանկությունից։ Հանձնաժողովի ձեւավորումից հետո Սամվել Բաբայանը, որպես անկախ խորհրդատու, պետք է մասնակցեր հանձնաժողովի աշխատանքներին, սակայն հետո կեսից փոշմանել էր՝ հայտարարելով, թե «կան խաղի կանոններ, եթե ինչ-որ մեկի անունն ունեն խայտառակելու, ինձ չունեն»։ Հետաքրքիր է, թե ինչ ցուցմունք է տալու Բաբայանը քննիչ հանձնաժողովին եւ արդյո՞ք պնդելու է արցախյան ցուցմունքում ասածները՝ Փաշինյանին անվանելով դավաճան, որն օր առաջ չի կանգնեցրել պատերազմը։ 

Երեկ մենք կապվեցինք Արցախի նախկին գլխավոր դատախազ, հետագայում պետնախարար Գուրգեն Ներսիսյանի հետ, ով վարել է այդ գործի քննությունը, սակայն նրա՝ պետնախարար նշանակվելուց հետո վարույթը կարճվել է։ 

- Պարոն Ներսիսյան, ԱԺ քննիչ հանձնաժողովից Ձեզ կանչե՞լ են հարցաքննության։

- Չէ։

- Դրա անհրաժեշտությունը չե՞ք տեսնում։

- Ես չեմ որոշում, եթե իրենք գտնեն՝ կարիք կա, կհրավիրեն։

- Դուք պատմելու ոչինչ չունե՞ք՝ որպես Արցախի նախկին գլխավոր դատախազ, ով տիրապետում է բացառիկ տեղեկությունների։

- Հանձնաժողովի քննարկման առարկան ես չեմ որոշում, իրենք են որոշում, եթե գտնեն, որ հարցեր կան ինձ ուղղված, ես կգնամ, պատրաստ եմ։

- Արցախի գլխավոր դատախազությունում հարուցված քրեական վարույթի շրջանակներում Սամվել Բաբայանը, Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը հարցաքննվե՞լ են։

- Ես բազմաթիվ այլ հարցաքննություններ եմ կատարել այդ քրեական վարույթի շրջանակում։

- Մասնավորապես Սամվել Բաբայանին հարցաքննե՞լ եք։

- Այդ վարույթի շրջանակում՝ ոչ։

- 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթի շրջանակում չե՞ք հարցաքննել։

- Հիմա լավ չեմ հիշում, հնարավոր է, որ հարցաքննած լինեմ, որքան հիշում եմ՝ վստահաբար հարցաքննվել են Արայիկ Հարությունյանը, Ջալալ Հարությունյանը, որքան հիշում եմ՝ նաեւ Սամվել Բաբայանը։

- Սամվել Բաբայանի հարցաքննությունից հետեւյալ դրվագը հիշո՞ւմ եք․ «Երկու անգամ դիմել են Փաշինյանին՝ պատերազմը կանգնեցնելու խնդրանքով»։

- Ես մանրամասնությունները չեմ կարող ասել, դրանք այնպիսի արձանագրություններ են, որոնք վարույթում են եւ հասանելի են. եթե անհրաժեշտությունը կա, կարող են վերցնել, ուսումնասիրել, ես չեմ հիշում։

- Ձեր ստացած տեղեկությունները, քրեական վարույթի նյութերն ուղարկե՞լ եք այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազություն, դատախազ Արթուր Դավթյանին։ 

- Այո,  այդ վարույթի շրջանակում փոխգործակցություն եղել է։

- Իսկ այդ նյութերով Արթուր Դավթյանը քրեական վարույթ նախաձեռնե՞լ է։

- Կային քրեական վարույթներ, դրանց շրջանակում պետք է հարցաքննություններ կատարվեին։ 

- Ինչո՞ւ հետագայում կարճվեցին այդ վարույթները՝ երբ Դուք պետնախարար դարձաք, որեւէ մեկը չպատժվեց։

- Ես դա չեմ կարող մեկնաբանել, կարող եք դատախազությունից հարցնել։

- Այսինքն՝ երբ դարձաք պետնախարար, Ձեզ այլեւս չհետաքրքրե՞ց 44-օրյա պատերազմի մեղավորների, պետական դավաճանություն կատարած անձանց շրջանակը։

- Հետաքրքրության առարկան մի բան է, լիազորությունների շրջանակում որեւէ քայլ ձեռնարկելը՝ լրիվ այլ բան։

- Սակայն պարզ չէ՝ ինչո՞ւ կիսատ թողեցիք դատախազի Ձեր առաքելությունը, հատկապես, երբ այդ գործը ստանձնել էիք՝ խոստանալով լիարժեք ուսումնասիրել ու հայտնաբերել պատերազմի մեղավորներին։

- Պետական պաշտոնյայի ֆունկցիոնալ պարտականություն է եղել, որն իմ կողմից արվել է, բայց կիսատ չի թողնվել։ Ես ինձ հետ չէի կարող քրեական գործերը պտտել, քննությունն իրականացրել եմ, եւ այն պետք է շարունակվեր, իսկ թե ինչու կարճվեց՝ ես չգիտեմ։

- Պետնախարարի պաշտոնը մի՞թե այնքան է կաշկանդել, որ չեք հետեւել այդ գործի ճակատագրին։ Ձեր պաշտոնը թույլ էր տալիս, չէ՞, հետեւել իրավապահ մարմինների աշխատանքին։

- Պետնախարարի ֆունկցիաների մեջ չկար իրավապահ համակարգի նկատմամբ վերահսկողության կամ հետեւողականության ֆունկցիա։ 

- Ձեր ընկեր Արթուր Դավթյանին հարցրե՞լ եք՝ իմ տված նյութերով ի՞նչ ուսումնասիրություն է արվել, ո՞վ է հարցաքննվել, քանի՞ վարույթ է նախաձեռնվել, մեղավորներ գտե՞լ եք, թե՞ ոչ։ Մասնավորապես՝ ինչո՞ւ Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, երբ իրեն 2 անգամ խնդրել էին, տեղեկացրել, որ պարտվում ենք, ուժերն անհավասար են, բանակը չի դիմանում։ 

- Հիմա Արթուր Դավթյանը գլխավոր դատախազը չէ։

- Այն ժամանակ։

- Այն ժամանակ բազմաթիվ հարցերում ակտիվ համագործակցել ենք ե՛ւ մեզ մոտ, ե՛ւ Հայաստանում հարուցված քրեական վարույթների առումով, քննությունն առաջ ենք տարել։ Անհնար է, որ իմ կողմից ուղարկված քննչական պահանջներն անհետացած լինեն։ 

- Իսկ պատերազմի ելքը կանխորոշող որեւէ հստակ փաստ ներկայացրե՞լ եք Արթուր Դավթյանին։

- Գիտեք, հիմա խոսում եք բազմահատորանոց քրեական գործից եւ ինձ առաջարկում, որ դրանից նյութեր պատմեմ, հնարավոր չէ։ Դրա համար պետք է դիմել Արցախի դատախազությանը»։