կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-03 16:14
Հասարակություն

ՈՒՂԻՂ. Լարված իրավիճակ ԿԳՄՍՆ-ի դիմաց. ՀՅԴ ՀԵՄ երիտասարդները սպասում են Արայիկ Հարությունյանին

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամներն այսօր` դեկտեմբերի 3-ին հավաքվել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ` ակնկալելով հանդիպել նախարարին:

Ավելի վաղ նրանք այս մասին հայտարարություն էին տարածել, նշելով նաեւ իրենց պահանջները.

«1․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտներում արդիական պահանջներից եւ ազգային պետություն ունենալու հրամայականից բխող համապատասխան ռազմավարությունների մշակում եւ հրապարակում։

2․ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի ոլորտների պետական ֆինանսավորման էական ավելացում։

Առաջիկա տարիների համար անհրաժեշտ է ռազմավարական նպատակ ունենալ կրթությանը հատկացվող միջոցների ծավալի մեծացումը` այնպես, որ այդ միջոցները կազմեն ՀՆԱ 3-4 տոկոսը, իսկ գիտության պարագայում` այդ թիվը պետք է գերազանցի ՀՆԱ 1 տոկոսը:

3․ Ապահովելով Հայոց լեզու եւ Հայոց պատմության առարկաների` բուհերում դասավանդման պարտադիր սկզբունքը` ձեռնամուխ լինել համապատասխան հայեցակարգերի ու մասնագիտական ծրագրերի մշակմանը։

Հայոց լեզու առարկայի դասավանդման շրջանակներում պետք է ձեռք բերվեն հիմնավոր գիտելիքներ, որոնք թույլ կտան բուհի շրջանավարտներին տիրապետել մասնագիտական տերմինաբանությանը։ Հայոց պատմություն առարկայի պարագայում ուսանողների շրջանում պետք է ձեւավորել քննական մտածողություն եւ սեփական հայրենիքի առջեւ ծառացած մարտահրավերների խորքային ընկալում։

4․Ապահովելով Հայոց Եկեղեցու պատմություն առարկայի պարտադիր դասավանդումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնել առարկայի շրջանակներում ազգային ինքնության անքակտելի մասը կազմող Հայ Առաքելական Եկեղեցու էության ներկայացմանը, աշակերտների շրջանում պետականամետ եւ հայաստանակենտրոն մտածելակերպի ամրապնդմանը։

5․ Շրջանառությունից հանել կամ արմատապես վերանայել Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նախագիծը։

Ձեռնամուխ լինել ԲՈՒՀ-երի իրական ակադեմիական ազատության եւ կառավարման ինքնավարությանը նպաստող նախագծի ներկայացմանը, որը նպատակ պետք է ունենա ապահովելու ԲՈՒՀ-գիտություն-աշխատաշուկա կապը:

Նախագծում պետք է որոշակի լինի նաեւ գիտության զարգացման գործում Գիտությունների Ազգային Ակադեմիայի դերը:

6. Այս փոփոխությունների կարեւորությունն անտեսող կամ ազգային օրակարգը հեգնող ցանկացած պաշտոնյա պետք է օր առաջ ազատվի զբաղեցրած պաշտոնից»:

Այս հայտարարությանը արձագանքել էր նախարարությունը` հայտարարելով, որ հանդիպման պայմանավորվածություն չկա նրանց ու նախարարի միջեւ:

Հիշեցնենք, որ երիտասարդները նախարարի հրաժարականի պահանջով երկշաբաթյա նստացույց էին անցկացել նախարարության շենքի առջեւ: Նրանց պնդմամբ` նախարարությունը վարում է ապազգային քաղաքականություն, հետեւաբար Արայիկ Հարությունյանը պետք է հրաժարական տա: