Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Ես մի փառահեղ հորեղբոր տղա ունեի, որի հետ ցավոք ծանոթացանք շատ ուշ, և շատ կարճ ժամանակով:
Նա ինձ ասում էր. «Ես երեք հայրենիք ունեմ՝ Հայաստանը, որ իմ նախնիների երկիրն է: Պարսկաստանը, որտեղ ես ծնվել եմ, և ԱՄՆ-ն, որտեղ ես հիմա ապրում եմ»:
Իմ գլխում այն տարիներին չէր տեղավորվում այդ միտքը:
Ինչպես թե երեք հայրենիք՝ ես հայ եմ, իմ հայրենիքը Հայաստանն է, և վերջ:
Եվ միայն շատ տարիներ հետո, երբ հանգամանքների բերումով, ինքս ամբողջ քսան տարի, ստիպված եղա ապրել հայրենիքիցս հեռու՝ Ռուսաստանում, ընդ որում հստակ չիմանալով կստացվի երբևիցե՝ վերադառնալ թե ոչ, նոր միայն հասկացա այդ խոսքերի խորքային իմաստը:
Ապրելով այլ երկրում, դու ակամա աշխարհին նայում ես այդ երկրի պատուհանից:
Համակվում ես այդ երկրի պրոբլեմներով, որի քաղաքացին ես դարձել:
Դու երկփեղկվում ես:
Իսկ հիմա եկենք փորձենք մտնել այն մարդկանց մաշկի տակ՝ որոնք միայն գենետիկորեն են հայ, իսկ ծնվել, մեծացել, կայացել են այլ երկրներում:
Մեզնից ոմանց վրդովվեցրել էր Մարգարիտա Սիմոնյանի սիրո խոստովանությունը Ռուսաստանին: Բայց չէ որ նա այնտեղ է ծնվել և բոլոր թելերով կապված է Ռուսաստանի հետ:
Եվ հետո նա քաղաքականության մեջ է, հնարավոր է և ինչ որ բաներ ասում է պատվերով:
Բայց նա չի դադարում հայ լինելուց, նրա ամուսինը՝ Տիգրան Քյոսայանը, միշտ էլ ապացուցել է, որ ինքը լավ հայ է, և նրանց երեխաները հայ են մեծանում:
Ինչու ենք այդպես շտապում, նրան մեր ժողովրդի թշնամիների շարքերում գրանցելու:
Չէ որ մենք վաղուց դուրս ենք եկել այն տարիքից, երբ մեզ թվում էր, թե մեզ սիրում են մեր գեղեցիկ աչքերի համար:
Մենք վաղուց արդեն հասկացել ենք, որ յուրաքանչյուր պետություն (այդ թվում և Ռուսաստանը) գործում է միայն սեփական երկրի շահերից ելնելով:
Եվ մենք էլ, եկեք խոստովանենք, դեպի Ռուսաստան էինք ձգվում ոչ թե նրա գեղեցիկ կապույտ աչքերի համար, այլ որովհետև նա էր տարածքաշրջանում, միակ խոշոր քրիստոնյա պետությունը, որտեղ մեզ գոնե ֆիզիկական բնաջնջում՝ չէր սպառնում:
Եվ մենք հիմա իրավունք չունենք նեղանալու, որ մեզ օգտագործել են, որպես փալաս, իրենց պրոբլեմները լուծելով մեր հաշվին:
Պարզապես պետք է հետևություններ անել, և ոչ թե խռովկան աղջկա պես դեմքը ծռմռել:
Եվ տեսեք ինչ վատ սովորություն է առաջացել մեզ մոտ, մեր այն հայրենակիցներին, որոնք համաձայն չեն մեր գաղափարախոսությանը, հայացքներին՝ իսկույն թուրք ենք կոչում:
Ախր ինչպես կարելի է…
Մենք քիչ ենք, շատ քիչ ենք, մեզ մոտ նույնիսկ միավորը թիվ է, և միայն համախմբվելով մենք կարող ենք դիմագրավել մեր գլխին թափվող արհավիրքներին:
Մենք պիտի կարողանանք մի կողմ թողնել երկրորդական պրոբլեմները, և միաբանվել առաջնայինի՝ ԵՍ ՀԱՅ ԵՄ կարգախոսի շուրջը:
Որովհետև մեր պայքարում մենք միայնակ ենք:
Ինչ որ ակնթարթներ, ինչ որ պետությունների շահեր կհամնկնեն մեր երկրի շահերին և նրանք կքայլեն մեզ հետ, բայց շատ արագ էլ կանհետանան, հենց որ նրանց երկրի շահը այդ պահանջի:
Քաղաքականության մեջ Բարոյականությունը կատեգորիա չի:
Եկենք մի փոքր ավելի հանդուրժող լինենք միմիանց հանդեպ, և լինենք պետականամետ (Ես պատրաստ եմ օրինակ ծառայել, և էլ չատել Բաբաջանյանին ու Սաֆարյանին):