կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-08 16:07
Քաղաքական

Հայրենադարձության պետական որեւէ ծրագիր չկա. ՀՅԴ ԳՄ «Հայրենադարձների» հանձնախմբի անդամ

«Հայաստանում ապրող հայրենադարձներն այսօր բազում խնդիրների են բախվում սկսած սոցիալական ամենատարբեր խնդիրներից, մինչեւ ամուսնության գրանցում, քաղաքացիություն ստանալ, եւ նույնիսկ՝ ամուսնալուծության հարցեր»,- վստահեցրեց  ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի «Հայրենադարձների» հանձնախմբի պատասխանատու Ժիրայր Պեոճեքյանն ու հանձնախմբի հիմնադրման մեկ տարին ամփոփեց թվարկելով արված աշխատանքները. «Նախ հայրենադարձվել պատրաստվող հայրենակիցները, որպես խորհրդատվական գրասենյակ, հիմնականում մեզ դիմել են կրթության եւ աշխատանքի հետ կապված խնդիրներով։ Թե, օրինակ, հայրենադարձվելուց հետո ինչպես կազմակերպեն դպրոցահասակ երեխաների կրթությունը՝ հանարակրթական դպրոցներում, քանի որ դրսում երեխան սովորել է արեւմտահայերեն, իսկ Հայաստանում կրթությունը արեւելահայերեն է։ Այսինքն, փորձել ենք հնարավորինս օգնել, որպեսզի երեխայի կրթական հարցերը լուծվեն առանց դժվարությունների։ Բայց, հայրենադրաձվածի ամենամեծ խնդիրը աշխատանքի տեղավորման  հարցն է։ Մենք, նրանց ասում ենք, որ դա Հայաստանի իրականությունն է, որ հենց Հայաստանի քաղաքացին էլ այսօր աշխատանքի տեղավորման խնդիր ունի, ինչպես եւ հայրենադարձը»։ 

Ըստ բանախոսի՝ հիմնական խնդիրների ցանկում նաեւ առանձնակի տեղ են զբաղեցնում կրթական, առողջապահական, ֆինանսական խնդիրները. «Մենք կազմակերպել ենք հայրենադարձ ընտանիքների հետ 5 հանդիպումներ, որոնց մասնակցել են տասնյակ ընտանիքներ։ Հանդիպումները նվիրվել են ամեն մեկը մի թեմայի՝ կրթական, առողջապահական, ֆինանսական եւ այլն։ Մի բարերար ստանձնել է Շուշիում հինգ ընտանիքի տան վարձակալության հինգ տարվա գումարի փոխհատուցումը, ցարդ ունենք մեկ ընտանիք, չորսը կարող են դիմել»։

Ժիրայր Պեոճեքյանի փոխանցմամբ՝ հայրենադարձվածները խնդիրների դեպքում ստանում են փաստաբանական գրասենյակի անվճար խորհրդատվություն։ Իսկ կորոնավիրուսի համավարակի շրջանում 220 ընտանիքի սննդամթերք է բաժանվել, այդ թվում ոչ միայն հայրենադարձվածների, այլեւ օտարերկրացիների, որոնք եկել են Հայաստան եւ ստեղծված իրավիճակի պատճառով հարկադրված մնացել Հայաստանում։ 

Չնայած բազում խնդիրներին «Հայրենադարձների» հանձնախումբը վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից, այդ ընտանիքների կողքին պիտի կանգնեն. «Թեպետ, հայրենադարձությամբ զբաղվելը պետության գործն է, բայց հայրենադարձության պետական որեւէ ծրագիր չկա, փոխարենը եղել են մանր-մունր ծրագրեր, հետո՝ Սփյուռքի նախարարություն, հետո՝ ձեւական ծրագրեր…»։

Մանրամասները՝ տեսանյութում.