կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-11-13 13:49
Հասարակություն

Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա. Ռուզաննա Առաքելյանի հարցը` Փաշինյանին

Ինչպե՞ս խոսել հայրենադարձության մասին, եթե հայրենադարձության հայեցակարգ չկա. Ռուզաննա Առաքելյանի հարցը` Փաշինյանին

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանն այսօր ԱԺ նիստի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի շրջանակներում ուշադրություն հրավիրեց հայաստանյան մարզերի և գյուղերի վիճակին` հնչեցնելով երկու հարց:

Նա նախ Փաշինյանից հետաքրքրվեց, թե հայրենադարձություն ապահովելու մասին ինչպե՞ս կարելի է խոսել, եթե հայրենադարձության հայեցակարգ, որպես այդպիսին, չկա: «Դուք ուզում եք, որ երիտասարդները վերադառնան և օգտվեն ձեր նշած առաքելություններից, բայց երիտասարդը դեռ չգիտի` ո՞ւր է գալիս, ի՞նչ է անում…»,- նշեց Առաքելյանը:

Անդրադառնալով նաև Փաշինյանի նշած միկրոբիզնեսի գաղափարին` Առաքելյանը հարցրեց` եթե որևէ օլիգարխ, որը բիզնես ունի բարձրլեռնային ինչ-որ գյուղում և ապրում է Երևանում, օգտվելու է հարկային` Փաշինյանի նշած արտոնություններից, ապա այդ դեպքում ինչպե՞ս պետք է վարվել:

Փաշինյանը հերքեց, որ գյուղերում չկան օլիգարխներ: «Եթե խոշոր բիզնեսը սահմանամերձ շրջանում ներդնում անի, պետք է խոշոր ներդրում անի, չէ՞: Հակառակ դեպքում ի՞նչ իմաստ ունի գնալ, ներդրում անել` տարեկան 20 միլիոն շրջանառություն ապահովելու համար: Հետևաբար, այդ պայմանը լիարժեք ապահովված է: Հիմա սահմանամերձ շրջաններում մենք ունենք խոշոր ներդրումներ, որոնք ծառայում են մարզի բնակչությանը: Օրինակ` «Տավուշ տեքստիլ» ընկերությունը լավ օրինակ է, որը հարյուրավոր աշխատատեղեր է ստեղծել և այդ պրոցեսը շարունակում է, և մենք քաջալերելու ենք, որ շարունակի»,- նշեց նա:

Անդրադառնալով ներգաղթը քաջալերելուն` Փաշինյանն ընդգծեց, որ Հայաստան վերադարձողների համար որոշակի արտոնություններ սահմանվել են: «Սակայն այդ դեպքում հարց է ծագում` իսկ այն մարդը, որ ճամպրուկները կապել էր և ուզում էր գնալ, մենք նրան ի՞նչ ենք ասում: Ասում ենք` գնա՞, մի տարի այնտեղ ապրի, հետո արի, այս արտոնություններից օգտվի՞: Մեր խնդիրը, մեր մոտեցումը պետք է լինի երկրի գրավչության բարձրացում, և մենք, նաև` դուք, նաև` բոլորս, նաև` շատերը, երկար ժամանակ առաջնորդվել ենք այն կանխավարկածով, որ միայն սոցիալական խնդիրը չէ պատճառը, որ մարդիկ արտագաղթում են: Այստեղ կա արդարության խնդիր, կա օրինականության խնդիր, կա հնարավորությունների խնդիր, կա արժանապատվության խնդիր: Մենք այսօր, այո, երաշխավորում ենք, որ որևէ մեկը որևէ ուրիշ մեկի ապօրինի կերպով չի կարող ասել` աչքիդ վերևը ունք կա: Ով ուզում է լինի: Մենք հաշվարկել ենք` Հայաստանի Հանրապետությունում արտագաղթին ինչքան է նպաստում, օրինակ, տարբեր ճնշումների մեխանիզմը` սկսած թաղային հեղինակություններից, վերջացրած` իրավապահ համակարգի կողմից գործող ապօրինություններով, տնտեսական գործունեության սահմանափակումներով և արտոնություններով: Մենք այս ամենը վերացրել ենք ու վերացնում ենք: Հետևաբար, ներգաղթի կոնցեպտը հետևյալն է` Հայաստանը պետք է դառնա լավագույն տեղը ապրելու համար»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Արձագանքելով Փաշինյանի ելույթին` դաշնակցական պատգամավորը նշեց. «Իմ խորին համոզմամբ` մենք չպիտի ասենք` որն է ավելի լավ` թույլ չտանք, որ ապրողներն այս պահին արտագաղթե՞ն, թե՞ հայրենադարձությունը խթանենք: Կարծում եմ`երկուսն էլ շատ կարևոր են»:

Ըստ Փաշինյանի` հայրենադարձությունն այսօր արդեն խթանվում է «Եթե դուք տեսնեք, թե ի՞նչ է տեղի ունենում անշարժ գույքի շուկայում, կհասկանաք, որ հայրենադարձությունը խթանվում է ամեն օր: Մեր երկրում անշարժ գույքի գներն աճում են, և դա նաև այն պատճառով, որ բազմաթիվ մեր հայրենակիցներ, որոնք ապրում են արտերկրում, այս օրերին, այո, գալիս են և Հայաստանում անշարժ գույք ձեռք բերում: Գալիս են և ներդրումներ են անում, և այդ ամեն ինչը լինելու է ներգաղթի շատ կարևոր պատճառ: Այո, մենք խնդիր պիտի դնենք, և ես ուզում եմ ասել, որ  մեր կուսակցությունը հիմնադրման օրից իր ծրագրային փաստաթղթում արձանագրել է` առաջիկա 20 տարվա ընթացքում բնակչության  թիվը պետք է կրկնապատկել: Այդ քաղաքական ուղեգիծը մեզ համար գաղափարական նշանակություն ունի, բայց մենք դա չենք պատկերացնում տեխնիկական ինչ-որ գործողությունների արդյունքում: Մենք հավատացած ենք եղել, և այսօր էլ հավատում ենք, որ դա երկրի բովանդակային բարեփոխումների արդյունք պետք է լինի»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը: