կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-24 11:29
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԼՀԿ-ն ՍԴ կդիմի Քոչարյանի գործով նիստից հետո․ Էդմոն Մարուքյան

Հուլիսի 7-ից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով լսումներից հետո նոր ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կդիմի ՍԴ՝ վիճարկելու Սահմանադրության փոփոխության օրինագիծը՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում՝ խմբակցության ասուլիսի ժամանակ։

Ի դեպ, Քոչարյանի պաշտպանները մտավախություն ունեին, որ մինչև հուլիսի 7-ն էլ իշխանությունները մտադիր են ազատվել ՍԴ գործող նախագահից ու դատավորներից, քանի որ նրանց որոշումը կարող է վճռորոշ լինել երկրորդ նախագահի համար։ Փաստորեն, «Լուսավոր Հայաստանը» ևս մտադրություն է հայտնել դիմելու արդեն նոր ձևավորված ՍԴ։

Էդոն Մարուքյանն ասաց, որ դիմումի վրա աշխատանքներն սկսել են, և հենց գործող նիստը տեղի ունենա և ավարտվի, ՍԴ կմուտքագրվի նշված օրինագիծը հակասահմանադրական ճանաչելու դիմումը:

«Այսինքն՝ մոտավորապես  օրերի խնդիր է, և էս առումով ԼՀԿ-ն հետևյալն մոտեցումն ունի, որ գործընթացը մենք միանշանակ և աներկբա պահպանելու ենք միայն իրավական տիրույթում»,-ասաց Մարուքյանը:

ԱԺ ԲՀԿ խմբակցությանը իրենց նախընտրության մասին հայտնել են․ ԲՀԿ-ն առայժմ ոչինչ չի պատասխանել, քանի որ ԲՀԿ-ի ստորագրությունները 25-ն են և, ըստ էության, առանց ԼՀԿ ստորագրությունների ՍԴ դիմելու համար բավարար չեն։ Մարուքյանն ասաց, որ եթե մինչև հուլիսի 7-ը ԲՀԿ-ն այլ բան որոշի, իրենց այդ մասին կասի, առայժմ ոչինչ չի ասել։

Մարուքյանը հիմնավորեց, որ իրենց համար նշանակություն չէր ունենա երբ դիմել ՍԴ, եթե նշված օրինագծի մասին իմանալով ՍԴ-ն հրատապ նիստ չգումարեր։ Ասաց, որ իրենց համար սկզբունքային է, որ ո՛չ նախկին, ո՛չ ներկա իշխանություններին չսատարեն այս դիմումով։

Նրանք ներկայացրին այն խախտումները, որոնց հիման վրա դիմելու են ՍԴ:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշեց, որ բոլոր գործողությունները, որոնք կատարվել են, ի խախտումն ՀՀ Սահմանադրության էին, և այդ խախտումները մի քանի ուղղությամբ են եղել:

«Առաջին խախտումն այն է, որ ՍԴ փոփոխությունները, երբ ընդունվում են ԱԺ-ի կողմից, մինչև երկրորդ ընթերցումն անպայմանորեն պետք է ուղարկվեն ՍԴ եզրակացության համար: Սա առաջին հերթին կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ՝ 169-րդ հոդվածի 2-րդ մասով, նոր դրա հիման վրա՝ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի 86-րդ հոդվածով: Սա ակնառու խախտում էր, և այս հարցը պետք է դառնա քննարկման առարկա»,-ասաց նա:

Մյուս խախտումը պատգամավորը համարում է այն, որ ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխություններով ՀՀ նախագահին զրկել են սահմանադրական փոփոխությունները ստորագրելու և հրապարակելու իրավունքից:

«ԱԺ-ի 1 խմբակցությունն իր որոշմամբ մեկ այլ սահմանադրական մարմնի լիազորություն է ի չիք դարձրել, ինչը ևս ՀՀ օրենսդրության և Սահմանադրության խախտում է: Այս խախտումների հիման վրա ՀՀ Սահմանադրությունը հնարավորություն է տալիս պատգամավորների մեկ հինգերորդին դիմնել ՍԴ»,-նշեց Տարոն Սիմոնյանը:

Նրա համոզմամբ, եթե իրենց քաղաքական գործընկերներն այս ամենն անտեսում են, ապա ինքը հիմքեր ունի կասկածելու, որ նրանք կա՛մ գիտակցված կեղծավորությամբ խեղաթյուրում են ՍԴ պահանջները, կա՛մ ամբողջ մեր հասարակությանը և հատկապես այն հատվածին, որ հավատարիմ է և ամեն գնով փորձում է հավատալ իշխանության խոսքին, այսպես կոչված, ազնիվ տգիտության քարոզ են իրականացնում՝ իրավաբանական գիտելիքները իջեցնելով զրոյական մակարդակի, ինչը անթույլատրելի է, որովհետև մենք պետականություն ունենք, և այդ պետականության երաշխավորն իրավունքի գերակայությունն է:

«Եթե մենք իրավունքի գերակայությունը և իրավունքի պետությունը ոտնակոխ ենք անում, ապա իմացե՛ք, որ դա բումերանգի էֆեկտով գալու է այն մարդկանց առաջ, որոնք այսօր այդ գործողություններն անում են, ինչպես մենք ականատեսը եղանք, որ տեղի են ունենում նախորդ իշխանությունների նկատմամբ»,-ասաց Տարոն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության հեղինակությամբ հունիսի 22-ին ընդունված Սահմանադրական փոփոխությունների նախագծով առաջարկվում է ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված և Սահմանադրական դատարանի անդամի կամ դատավորի պաշտոնում ընդհանուր տևողությամբ ոչ պակաս, քան 12 տարի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի անդամի (դատավորի) լիազորությունների ժամկետը համարվում է ավարտված, և պաշտոնավարումը դադարում է: Իշխանությունը այս նախագծով մտադիր է դադարեցնել ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանի, Ֆելիքս Թոխյանի և Հրանտ Նազարյանի պաշտոնավարումը, իսկ ՍԴ ներկայիս նախագահ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել՝ որպես ՍԴ անդամ: ԱԺ-ում այս նախագծի երկու ընթերցմամբ ընդունումը՝ ընդդիմադիր խմբակցությունների բոյկոտի պայմաններում, շատերը համարում են սահմանադրական կարգի տապալում։

Մանրամասն՝ տեսանյութում․