Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը մտադիր է երկու նոր նախաձեռնությամբ հանդես գալ՝ ըստ Yerkir.am-ի լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Իվետա Տոնոյանը և Վահե Էնֆիաջյանը։
Առաջինը՝ կորոնավիրուսի դեմ իշխանությունների պայքարի արդյունավետությունը գնահատելու համար մտադիր են ԱԺ քննիչ հանձնաժողով ձևավորել։
«Պետք է ստուգել՝ արդյո՞ք կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները եղել են ժամանակին և ճիշտ, քանի որ վարչապետն ասաց, որ դժոխքի միջով են անցնում, առողջապահության նախարարը ներողություն խնդրեց, բայց այլևս ներողություն խնդրելով սահմանափակվել հնարավոր չէ, որովհետև գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,-նշեց Իվետա Տոնոյանը։
ԲՀԿ մյուս նախաձեռնությունը դիմելն է Սահմանադրական դատարան՝ հավաքների ազատությունը սահմանափակելու որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար։
ԲՀԿ-ն դիմել է խորհրդարանական ընդդիմադիր մյուս ուժին՝ «Լուսավոր Հայաստանին», իրենց նախաձեռնություններին միանալու համար, որպեսզի ձայները բավարարեն այս նախաձեռնությունները կյանքի կոչելու համար։
Արտախորհրդարանակն ընդդիմության հետ համագործակցությունը ևս ակտիվ շարունակելու են՝ ասաց Վահե Էնֆիաջյանը, և դրա նախաձեռնող կորիզը կազմելու է Հայ Հեղափոխական Դաշնակցություն, Հայրենիք և Նոր Հայաստան կուսակցությունների հետ կոնսոլիդացիան, որոնց հետ պայամանվորվածություններ արդեն ձեռք են բերվել, իսկ արտախորհրդարանական մյուս ուժերի, օրինակ, Դեմոկրատների հետ, քննարկումներ են անցկացնելու օրակարգային տարբեր հարցերի շուրջ։
ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դատավարությունն այսօր երեկոյան ժամը 19-ին է տեղի ունենալու։
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը շարունակելու է աշխատել, խմբակցության ղեկավարի փոփոխման հարց չի քննարկվելու։
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ԱԺ ԲՀԿ խմբակցությունը բոյկոտեց ԱԺ նիստը՝ հայտարարելով, որ երեկ տեղի ունեցածը իրավական ու քաղաքական բեսպրեդել էր։ Երեկ փակ գաղտնի քվեարկությամբ ԱԺ-ն որոշեց համաձայնություն տալ գլխավոր դատախազի միջնորդություններին՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդեպ քրեական հետապնդում հարուցելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու մասին։ Դրանից հետո մինչև ուշ երեկո ԲՀԿ ղեկավարին հարցաքննեցին ԱԱԾ-ում։ Շենքի դիմաց հավաքված քաղաքացիների և լրագրողների հանդեպ Ոստիկանությունը կոպիտ ուժ կիրառեց, 100-ից ավելի քաղաքացիներ բերման ենթարկվեցին օրվա ընթացքում։
Մանրամասն՝ տեսանյութում․