Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դեռ հրավեր չկա, որ Սերժ Սարգսյանը ներկայանա 2016-ի ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով. Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ ՀՀԿ նախկին խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նրա համոզմամբ՝ դա անիմաստ հանձնաժողով է, քանի որ Ապրիլյան պատերազմում մեր ժողովուրդը հաղթել է՝ իշխանության, ընդդիմության ու ժողովրդի միակամության պայմաններում: Չնայած տարածքային կորստին՝ Բաղդասարյանը պատերազմը հաղթանակած է համարում, քանի որ թշնամու նպատակը՝ կարճ ժամանակում Ստեփանակերտում թեյ խմել, չիրականացավ և թշնամին աղերսեց խաղաղություն:
«Իսկ ինչ վերաբերում է վառելիքի և զենք չլինելու կասկածներին, ես խնդրում եմ ձեռնպահ մնալ, քանի որ քննությունն այդ ամենի վրա լույս կսփռի: Որևէ անգամ մեր զինատեսակները մեր գործողությունների ժամանակ անպատրաստ չեն եղել, և հազար անգամ դրա ականատեսը եղել են նաև մեր ընդդիմադիր գործիչները»,- ասաց նա:
Բաղդասարյանի համոզմամբ՝ հանձնաժողովը կազմավորվել է սևերի և սպիտակների բաժանված հասարակության ենթատեքստում՝ հերոսներին ստորացնելու, զրոյացնելու նպատակով:
«Բայց եթե նրանք հռչակել են նոր Հայաստան և մտադիր են հինն ամբողջովին վերացնել ու նոր հերոսներ ծնել, պետք է նկատի ունենան, որ հերոսները ծնվում են պատերազմների ժամանակ, իսկ մեզ պատերազմներ պետք չեն»,- ասաց ՀՀԿ գործիչը:
Սերժ Սարգսյանը Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով կգնա՞, թե՞ ոչ. Վահրամ Բաղդասարյանն ասաց՝ նա կտա այդ հարցի պատասխանը. «Դա նրա անձնական որոշելու խնդիրն է, դա քաղաքական որոշման խնդիր չէ, որպեսզի քննարկենք: Համենայն դեպս, ինչքան ես տեղյակ եմ, առայժմ նման հրավեր չկա»:
ՀՀԿ-ն պարբերաբար գումարում է Գործադիր մարմնի նիստեր, աշխատանքը գնում է բնական հունով: Այս պահին հետևում են քաղաքական պրոցեսներին, մաքրում, «մաղում» շրջանային կառույցները, որպեսզի կուսակցությունն ակտիվանա ոչ թե ինքնանպատակ, այլ՝ ըստ անհրաժեշտության:
Արցախից հակահեղափոխություն ծավալելու՝ Սերժ Սարգսյանի մտադրության մասին կասկածողներին Վահրամ Բաղդասարյանը խորհուրդ տվեց փարատել կասկածները. «Հակահեղափոխություն լինելու համար նախ՝ պետք է եղած լինի հեղափոխություն, այնինչ՝ եղել է կլասիկ իշխանափոխություն: Ես կոչ եմ անում իշխանությանը՝ մի փոքր ձեռնպահ մնալ «հեղափոխություն» եզրույթից, քանի որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ եթե կան տնտեսական հեղափոխության կոչեր, այդ երկրներում ընդհանրապես խուսափում են ներդրումներից: Պետք է, պարզապես բառի գեղեցկության մասին մտածելով, հայտարարություններ չանեն, այլ ասեն՝ եղել է իշխանափոխություն»:
Իշխող քաղաքական ուժը, նրա համոզմամբ, դեռ չի պատկերացնում, որ իշխանություն է, իրեն ընդդիմադիր դաշտում է զգում: «Այսօրվա մեր իշխանությունը կլասիկ ընդդիմության դերակատարում է վերցրել և ընդդիմադիր դաշտում կա բաց»,- ասաց նա:
Երկրում ստեղծված վախի մթնոլորտը, Բաղդասարյանի խոսքով, նաև վնասում է ընդդիմադիր դաշտի կայացմանը, և դա կարող է տանել անարխիայի:
Վահրամ Բաղդասարյանը խոսեց նաև Արսեն Բաբայանի ձերբակալության, Հրայր Թովմասյանի հանդեպ քրեական գործի, հեղափոխության՝ իր զավակներին խժռելու մասին:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութով: