կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-24 11:43
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ անվտանգության թեմայով՝ ընդդիմության երկու նախաձեռնությունները այս քառօրյային իշխանությունը մերժել է․ Ի․ Սաղաթելյան

ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան անդրադարձավ քառօրյայի ընթացքում ընդդիմության երկու կարևոր նախաձեռնություններին, որոնք հերթական անգամ տապալեց քաղաքական մեծամասնությունը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մեկը առաջարկն էր Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, որպեսզի Հայաստանի ինքնիշխանության և անձեռնմխելիության հարցը կասկածի տակ դնողները ենթարկվեին քրեական պատասխանատվության, որը քաղաքական մեծամասնությունը, Սաղաթելյանի գնահատմամբ, անհիմն և ծիծաղելի պատճառաբանություններով մերժեց՝ այն ներկայացնելով քաղաքացու շահերից չբխող նախաձեռնություն։

«Նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել այն, որ այս ժամանակահատվածում և՛ կառավարության, և՛ խորհրդարանի որոշ ներկայացուցիչներ հրապարակային կերպով հարցականի տակ էին դրել ՀՀ տարածաքային ամբողջականությունը»,-ասաց նա։

Երկրորդ նախաձեռնությունը Հայաստանի նկատմամբ Թուրքիայի շարունակական ագրեսիայի թեմայով ԱԺ հայտարարության տարածման անհրաժեշտությունն էր։ Ընդդիմությունը հրատապ նիստ էր պահանջել, փակ քննարկումից հետո, ցավոք, սա ևս տապալվեց։

«Ընդամենը ցանկանում էինք արձանագրել այն ագրեսիան, որը գոյություն ունի Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների հանդեպ և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել, որը ևս մերժվեց օրվա իշխանության կողմից»,-ասաց նա։

Իշխան Սաղաթելյանն այս նախաձեռնություններին անդրադարձավ, որպեսզի ՀՀ քաղաքացիները ավելի խորությամբ գիտակցեն, թե ովքեր են այսօր իշխանության ղեկին և ուր են տանում Հայաստանի և Արցախի Հանրապետությունները։

Մանրամասն՝ տեսանյութում․