կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-26 13:27
Քաղաքական

ՀՅԴ-ՍԴՀԿ հանդիպում. շատ հարցերում կողմերի կարծիքները համահունչ են

ՀՅԴ-ՍԴՀԿ հանդիպում. շատ հարցերում կողմերի կարծիքները համահունչ են

Այսօր ՀՅԴ Գերագույն մարմնում տեղի ունեցավ ՀՅԴ ԳՄ եւ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության Հայաստանի վարչության ներկայացուցիչների հանդիպումը:

 

Հանդիպմանը մասնակցում էին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ԳՄ անդամներ Աղվան Վարդանյանն ու Լիլիթ Գալստյանը, ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանը, վարչության անդամներ Վազգեն Մեսրոպյանը, Դմիտրի Մարտիրոսյանը, Վարազդատ Եղիազարյանը:

 

Հանդիպման մասնակիցները քննարկեցին երկրում տիրող ներքաղաքական իրավիճակը, ինչպես նաեւ Սիրիայի հայ համայնքի խնդիրները:

 

ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանը նախ նշեց, որ, ցավոք, վերջին տարիներին ավանդական կուսակցությունների վիճակը Հայաստանում բարվոք չէ, եւ ընդամենը մի քանի համատեղ հայտարարություն է եղել: Կողմերը կարեւորեցին հետագա հանդիպումները նաեւ երրորդ ավանդական կուսակցության հետ համատեղ:

 

«Մենք ձեր աչքի առաջ ենք»,- ասաց Աղվան Վարդանանը: Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանն ընդգծեց, որ ՀՅԴ-ի գործունեությունն, իրոք, բոլորի աչքի առջեւ է, եւ իրենք շատ բարձր են գնահատում ՀՅԴ խմբակցության գործունեությունը ԱԺ-ում:

 

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության համար, ըստ Նարեկ Գալստյանի, անհասկանալի է քառյակի ձեւաչափը: Փարատելու համար կուսակցության կասկածները եւ ամեն ինչ հստակ դարձնելու համար Աղվան Վարդանյանը նախ ընդգծեց, որ հասկանում է մտահոգությունները, բայցեւ վստահեցրեց, որ քառյակի ձեւաչափն աշխատող է: Դրվում է կոնկրետ խնդիր, միասնական դիրքորոշման դեպքում այն դառնում է գործողություն:

 

Անդրադառնալով խորհրդարանական կառավարման համակարգին` երկու կուսակցությունների ներկայացուցիչներն էլ եւս մեկ անգամ հայտնեցին իրենց կարծիքը, որ կողմ են այդ համակարգին:

 

Խոսվեց նաեւ ՀՅԴ յոթ հայտնի կետերի մասին: Նարեկ Գալստյանը նշեց, որ շատ հարցերում կարծիքները համահունչ են: ՀՅԴ ներկայացուցիչները նշեցին, որ այստեղ հեղինակային իրավունքի խնդիր չկա, եւ որ ամեն ինչ արվում է հանուն մեր երկրի: