Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.
«Խոհեր պոեզիայի շուրջ
Ես կուզեյի դիմել երիտասարդ լսարանին:
Մի փորձեք նորից Ամերիկա հայտնագործել: Այն վաղուց արդեն հայտնագործել են վիկինգները:
Ինչպես ասում են՝ այս լուսնի տակ, նոր ոչինչ չկա: Եվ ամեն մի նորություն,ընդամենը լավ մոռացված հնի կրկնություն է:
Մի փորձեք գնալ արտաքին օրիգինալության հետևից, հնչուն մականուններ, գրքերի անվանումներ: Դրանք շատ կարճատև էֆեկտ են ունենում: Հիմա ով է հիշում, թե ով էր ասենք Վշտունին կամ Կարենցը:
Կամ գրքին վերնագիր են դնում, ու հետո սկսում են բացատրել, թե դա ինչ է նշանակում (ասենք վերնագիրը դրել են Ցեխաջուր ու բացատրում են, որ այնտեղ աստղեր կարող են լինել):
Սովետի փլուզումից հետո, երբ սկսվեց ամենաթողության դարը շատացավ էրոտիկ գրականությունը:
Մեզ մոտ ևս: Բայց երբ գրածիդ մեջ պոեզիա չկա, այլ միայն տռփանք ու սեռական օրգանների փողոցային անվանումներ, դա նույնպես արագ հագեցնում է:
ՖԲ-մ շատ-շատ են բավական հարթ, բայց անդեմ ու պարզունակ գործերը, որոնք մեկ, երկու տողից հետո չես ուզում շարունակել կարդալ, որովհետև արդեն գիտես թե ինչ է լինելու հաջորդ տողը:
Փորձեք գտնել ձեր ոճը, որը ձեզ շահեկանորեն կտարբերի մյուսներից:
Տեսեք (օրինակ եմ բերում դարձյալ ՖԲ-յան տարածքից) ձեզ կարող է դուր գալ, կամ դուր չգալ ասենք Ստեփան Ումառ Հարութունյանի կամ Դավիթ Վանյանի պոեզիան, բայց դուք չեք կարող ժխտել, որ այն երբեք չես շփոթի ուրիշ որևէ մեկի գրվածքի հետ:
Որքան կուզեյի, որ կարողանայիք ինձ զարմացնել այնպես, ինչպես Սոս Մնացականյանն է հաճախակի զարմացնում իր անսպասելի պատկերավոր մտածողությամբ:
Ես միայն տղամարդկանց անուններ եմ տալիս, բայց թող չստեղծվի տպավորություն, թե չկան հիշվող կանացի անուններ (թող ինձ ներեն մեր կին ստեղծագործողները, պարզապես դա այնքան էլ իմ թեմատիկան չի):
Մի հրապուրվեք գովաբանական տիրադներով: Մի բարեկամաբար ասված քննադատական խոսքը, շատ ավելի թանկ արժե, որովհետև ձեզ ստիպում է մտածել, կատարելագործվել, առաջ գնալ:
Տղաներ կան, որոնց ես երկու, երեք տարի առաջ հեռանկարային էի համարում, և սպասելիքներ ունեյի: Բայց նրանք դոփում են տեղում, բացարձակ չեն աճել, և ես կամաց, կամաց կորցնում եմ հետաքրքրությունս նրանց հանդեպ:
Ես մի լավ ավագ ընկեր ունեյի՝ նկարիչ Կառլեն Հովսեփյանը:
Նույնիսկ մեր այսօրվա նկարիչներից շատերը որոնք նրան մեծ, կամ լավ նկարիչ չեն համարում, ընդունում են, որ նա մեծ մանկավարժ էր, և կարողանում էր անմնացորդ սեր ներշնչել երեխաներին, պատանիներին ԳԵՂԵՑԻԿԻ հանդեպ:
Նման մարդիկ սերունդ են դաստիարակում:
Հոգևոր արժեքների, նյութականին ստորադասվելու այս դաժան ժամանակահատվածում, մեր գրականությունը պիտի կարողանա չկորցնել իր դեմքը:
Ուրախ կլինեմ, եթե իմ այս դատողություններով,որևիցե մեկին կարողացա օգտակար լինել:
ՎԱՐՈՒԺԱՆ»: