կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-25 00:08
Հասարակություն

Խոհեր (շարունակություն). Վարուժան Ղազանչյան

Խոհեր (շարունակություն).  Վարուժան Ղազանչյան

Բանաստեղծ, հրապարակախոս Վարուժան Ղազանչյանը գրում է.

«Հոդվածիս հետևած արձագանքները իմ հոգում փոթորիկ բարձրացրին:

Արձագանքողներից շատերին ես արդեն լավ ճանաչում եմ՝ ՖԲ-ից, ոմանց էլ անձնական հանդիպումների շնորհիվ:

Բոլորն էլ համոզմունք ունեցող, հարգանքի արժանի մարդիկ են:

Բայց տպավորություն է, որ ոչ մեկը չի ուզում լսի, հասկանա դիմացինին:

Փաստ է, որ մենք միշտ անպարտ ենք եղել, երբ միասնական ենք: Օտարը մեզ չի կարողացել հաղթել:

Մենք պարտվել ենք միայն այն ժամանակ, երբ ներսից դավաճան է հայտնվել (Աղբյուր Սերոբի սպանությունը, Անիի անկումը Սարգիս Գետադարձ կաթողիկոսի դավաճանության հետևանքով, և այլն, և այլն): Մեզնից յուրաքանչյուրը տասնյակ նման օրինակներ կարող է բերել:

Ուրեմն առաջին ամենակարևոր պայմանը մեր միասնությունն է:

Անցնենք առաջ, ինչն է խանգարում այդ միասնությանը:

Մեր ռուսահայ հայրենակիցներին, որոնց համար Ռուսաստանը նույնպիսի հայրենիք է, ինչպիսին Հայաստանն է (կխնդրեմ իմ հայաստանցի ընկերներին չվրդովվել, այլ ընդունել որպես փաստ) բնական է որ մտահոգում է իրենց երկու հայրենիքների հարաբերությունների վատթարացումը (սա նույնպես փաստ է): Բնական է, որ դրա համար նրանք մեղադրում են Հայաստանի ներկա իշխանություններին:

Այս տրամաբանությամբ Մարգարիտա Սիմոնյանի, և իր ամուսնու ուղերձը իշխանություններին է ուղղված, և ոչ թե Հայաստանին կամ հայ ժողովրդին:

Նրանք չէին ենթադրում, որ կգտնվեն ոչ քիչ թվով մարդիկ (պայմանականորեն նրանց կոչենք Նիկոլականներ), որ բոլոր ասվածները կընդունեն որպես անձնական վիրավորանք, և կսկսեն ամենավերջին խոսքերով (թուրք և այլն) հակադարձել:

Թեև տվյալ անձինք ոչ թե իրենց հակադրում են իրենց ժողովրդին, այլ ընդամենը դեմ են ներկա ռեժիմին (պայմանականորեն նրանց կոչենք ՀակաՆիկոլականներ):

Ես ինքս ինձ չեմ տեսնում ոչ առաջինների, ոչ էլ երկրորդների շարքերում: Ես պետականամետ եմ, և փառք Աստծո ինձ նմանները գնալով շատանում են:

Լավը տեսնելով ես ուրախանում եմ, վատը տեսնելով վրդովվում:

Տեսեք՝ վատ է, որ կոռուպցիան վերացել է, որ ճանապարհներ են կառուցվում, որ մենք դարձել ենք ռազմաարդյունաբերական երկիր, և այլն,և այլն:

Իսկ լավ է, որ պետությունը մի մարդ է ղեկավարում: Մի մարդու սխալվելու հավանականությունը միշտ էլ ավելի մեծ է, և ուղիղ ճանապարհ է դեպի բռնապետություն (չնայած ես ձեզ ասեմ, որ ինքս ինձ համար դեռ չեմ որոշել, բռնապետությունը մեր ազգին օգուտ կտա, թե վնաս):

Հետո տեսեք՝ Քոչարյանի դատավարությունը: Ինչո՞ւ նրա կողքին նստած չի Լևոն Տեր- Պետրոսյանը: Մեդալը միշտ երկու երես է ունենում:

Հիմա գնդակը մեր վարչապետի դաշտում է: Ասեմ թե ինչ եմ սրանով ուզում ասել:

Կոռուպցիա չհանդուրժող համակարգը ստեղծված է: Ուրեմն արդեն կարելի է կամաց, կամաց հեռացնել այն ազնիվ, բայց անփորձ երիտասարդ կադրերին, որոնք չկարողացան իրենց դրսևորել այս երկու տարիների ընթացքում, փոխարինելով նրանց փորձառու, հմուտ մասնագետներով, որոնք կկարողանան շտկել իրավիճակը:

Հիշում եք կարմիր բանակում կային կոմիսարներ, որոնք հրամանատարներից մի բան էլ ավելի իրավունքներ ունեին:

Թող այդ ջահելները մնան կոմիսարի կարգավիճակում և հսկեն:

Չնայած կարծում եմ դա էլ է ավելորդ: Ինչ, հիմա համակարգում, նույնիսկ՝ ամենավերևներում, քիչ կան նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած անձինք, որոնք նորմալ աշխատում են: Էլ չասած ամբողջ միջին օղակի մասին, որում համատարած նախկիններ են: Գլխավորը համակարգն է:

Հետո ես դժգոհ եմ ազգային արժեքների ստորադասումից:

Մեր մշակույթի նկատմամբ եղած անտարբեր վերաբերմունքից:

Մի խոսքով շատ բան կա և թեր և դեմ:

Եվ մեզ օդի պես միասնություն է անհրաժեշտ, որպեսզի կարողանանք լուծել այդ բոլոր կարևորագույն խնդիրները...

ՀԱՅԸ` ՀԱՅԻ մեջ թշնամի պիտի չփնտրի»: