Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ճիշտ հաշվարկելու դեպքում սա կարողա է լինել արդարացված, իսկ եթե որոշակի կարգավորումներ սխալ ուղղությամբ տանենք, կստացվի, որ ծանրաբեռնում ենք մարդկանց գույքային պարտականությունները: Կարգավորումները, որ տրված են, միայն օրենքի ուժով չեն։ Դրանք թողնված են ենթաօրենսդրական ակտերով, որպեսզի գնահատման չափորոշիչները և մնացած կարևոր կետերը կարգավորվեն կառավարության որոշումներով: Մինչև 10 մլն գնահատված գույքը պետք է հարկվի 0.05%-ով, սա բավարար է և չի ավելացնում հարկային բեռը»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով գույքահարկում նախատեսված փոփոխություններին:
Պատգամավորի խոսքով՝ մոտեցման խնդիր է, կախված է նրանից, թե քաղաքացին ինչպես է նայում հարցին:
«Խնդիրն այն է, որ 100 մլն և բարձրի դեպքում հարկերը խիստ բարձրանում են, առանձին դեպքերում՝մինչև 4 անգամ: Սակայն դա պարզ քաղաքացուն վնաս չի տա, քանի որ նա 100 մլնից ավել արժողությամբ առանձնատներ չունի: Խնդիրը, որ մենք առավել վտանգավոր ենք համարում, գնահատման կարգն է, թե ով և ինչ չափորոշիչներով պետք է այն իրականացնի: Արդարացիությունը կարող ենք ապահովել թե ոչ, սա է մտահոգվելու առիթ տալիս»,-նշեց նա:
Բագրատյանի խոսքով՝ պետք է քննարկել չհարկվող շեմ հասկացությունը:
«Ունենք 30 % աղքատության շեմ, այդ 30%-ի առավելագույն ունեցվածքը հաշվարկել է պետք և այդ թիվը համարել չհարկվող շեմ, որպեսզի առնվազն այդ խավին որևէ կերպ չվնասենք: Այն քաղաքացին, ով ի վիճակի է վճարելու, պետք է շատ վճարի, իսկ դրա հաշվին պետք է չվճարի աղքատ խավը, այս ուղղությամբ է պետք տեղաբաշխել: Հարուստը պիտի շատ վճարի, դրանով օգնելով այն հայրենակիցներին, ովքեր այսօր ի վիճակի չեն անգամ այդ փոքր գույքահարկը վճարել։ Գաղափարախոսությունը պետք է այդպես դրվի, իսկ թե ապահովում է այս օրենքը այդ գաղափարախոսությունը, վիճահարույց է: Ընդունել օրենք, հետո սպասել, թե ենթաօրենսդրական այնպիսի ակտեր կլինեն, որոնք կբավարարեն, որևէ երաշխիք չունենք։ Պետք է փաթեթն ամբողջովին քննարկել, համալիր ուսումնասիրություն կատարելուց հետո նոր կարելի է օրենքի մասին վստահ խոսել»,-նշում է Բագրատյանը:
Հարցին, արդյոք օրենքի այս փոփոխությունը կարող է հանգեցնել անշարժ գույքի գնի անկման, Սերգեյ Բագրատյանը պատասխանեց.
«Կարևոր կետ ենք առաջարկել՝ հարգել ժառանգության իրավունքը: Այն քաղաքացին, ով գույքը ստացել է ժառանգությամբ, պետք է ունենա հնարավորություն առնվազն որոշ ժամանակ վճարել այդ գույքի համար արտոնյալ պայմաններում: Եթե չլինի այդ հնարավորությունը, քաղաքացին շատ հավանական է, վաճառի իր գույքը: Կա նաև ժառանգության տարբերակ, երբ մարդը գույքը վաճառելու տարբերակ չունի, այսինքն՝ պետք է գտնել տարբերակ, որ այդ մարդիկ չտուժեն»:
Դիտարկմանը, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում տնտեսական անկայուն և ծանր վիճակ է, որքան է տեղին օրենքն ընդունել և կիրառել այսօր, պատգամավորը պատասխանեց․
«Օրենքը բավականին ժամանակ է, որ դրված է, համավարակն էր չնախատեսված։ Արդյոք պետք է համավարակի պայմաններում հետաձգել օրենքը, թե ոչ, քննարկման նյութ է։ Կարելի է օրենքն ընդունել, բայց կիրառությունը դնել համավարակից հետո, քանի որ այո, քաղաքացու վճարունակության հետ կապված կասկածները ողջամիտ են»:
Հիշեցնենք, որ Հարկային օրենսգրքում կառավարության ընդունած փոփոխությունների համաձայն, 2021 թվականի հունվարի 1-ից անշարժ գույքի համար գանձվող հարկը հաշվարկվելու է տվյալ գույքի ոչ թե կադաստրային, այլ շուկայականին մոտարկված արժեքի հիման վրա։ Սեփականատերերը, սակայն շարունակելու են վճարել գույքի արժեքի 0,05 տոկոսից մինչև 1 տոկոս գույքահարկ՝ կախված դրա շուկայականի արժեքից։
Մանրամասները՝ տեսանյութում․