կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-07-27 12:20
Քաղաքական

Արդարությունը կարող է ուժեղ լինել, եթե օրենքի գերակայության պայմաններում է աշխատում. Բագրատյանը՝ Մարտի 1-ի բացահայտման մասին

Արդարությունը կարող է ուժեղ լինել, եթե օրենքի գերակայության պայմաններում է աշխատում. Բագրատյանը՝ Մարտի 1-ի բացահայտման մասին

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի կարծիքով` քննությունը կպարզի Մարտի 1-ի իրականությունը: Այս մասին նա ասաց Yerkir.am-ի հետ զրույցում` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին:

Հիշեցնենք, որ երեկ Ռոբերտ Քոչարյանը հրավիրվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ Մարտի 1-ի գործով որպես վկա հարցաքննվելու: Կարճ ժամանակ անց երկրորդ նախագահին մեղադրանք առաջադրվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա, այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Քոչարյանն այս ամենում քաղաքական պատվեր է տեսնում:

Հարցին, թե արդյո՞ք միայն Քոչարյանը պետք է հարցաքննվի կամ պատասխանատվության ենթարկվի Մարտի 1-ի գործով, Բագրատյանը պատասխանեց, որ դա իրավական հարթության խնդիր է, և ոչ ոք չի կարող քննության ընթացքը գուշակել կամ կանխատեսել: «Քննությունը ցույց կտա»,- նշեց նա:

Դիտարկմանը` Քոչարյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները, հայտարարել է` կգնամ, կնստեմ, բայց մինչև վերջ կպայքարեմ, Բագրատյանն արձագանքեց. «Բոլորս` որպես հանրության մաս, մի ցանկություն ունենք, որ արդարությունը վերականգնվի: Մարտի 1-ի հետևանքով մենք անդառնալի կորուստներ ենք ունեցել: Դա պետք է մինչև վերջ բացահայտվի, և հասարակությունն էլ միարժեք ընդունի, որ արդարություն կա, արդարությունը վերականգնված է: Պետք է անպայման հետամուտ լինենք, որ արդար դատաքննություն անցկացվի: Որևէ մեկի անձը չի կարող երկրի բարձրագույն շահից ավելի վեր դասվել: Ամեն ինչ պետք է արվի օրենքի շրջանակներում: Արդարությունը կարող է ուժեղ լինել, եթե օրենքի գերակայության պայմաններում է աշխատում»:

Դիտարկմանը` երեկ երկրորդ նախագահն ակնարկեց` ինչո՞ւ են միայն իրեն հարցաքննում, մյուսները` թե' առաջին նախագահը, թե' երրորդ նախագահը, մյուս պատասխանատուները կարծես դուրս են մնում գործընթացից, պատգամավորը պատասխանեց. «Վստահ եմ, որ եթե գործի շահերը պահանջեն, եթե բավարար ապացույցներ լինեն` քննելու նաև մյուս նախագահներին, անպայման կարվի: Կարծում եմ, որ քննչական մարմինը որևէ կաշկանդվածություն չունի, որովհետև քաղաքական կամք և հանրային պահանջ կա` արդար դատաքննություն անցկացնելու»: