կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-03-14 15:12
Քաղաքական

Հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է. Սերգեյ Բագրատյանը` Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

Հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է. Սերգեյ Բագրատյանը` Բակո Սահակյանի ԱՄՆ այցի մասին

Մենք այսօր Արցախի միջազգային ճանաչումն ապահովելու խնդիր ունենք. խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը` անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի` ԱՄՆ կատարած այցին:

«Արցախի միջազգային ճանաչումը կարող ենք իրականացնել` ներկայացնելով, բարձրաձայնելով խնդիրը, հասցնելով միջազգային կառույցներին, որ, ազգերի ինքնորոշման իրավունքից ելնելով, պետություն է հիմնադրվել, իսկ այդ պետության ճանաչումն անհրաժեշտ է քաղաքակիրթ հասարակության համար»,- շեշտեց նա:

Պատգամավորի խոսքով` ԱՄՆ-ն այսօր քաղաքականություն թելադրող հզորագույն պետություն է:  «Իհարկե, պետք է այդ պետության հետ աշխատել, քաղաքական ինստիտուտներին ներկայացնել խնդիրները, փորձել դրական իմիջ ապահովել, որպեսզի մեր գերխնդիրը՝ Արցախի ճանաչումը,  դառնա օրակարգ»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է այցի արդյունքներին, հաշվի առնելով նաև այն, որ Գլենդելի փողոցներից մեկը Արցախ է անվանակոչվել, Բագրատյանն ասաց, որ ցանկացած դրական տեղաշարժ իր լուման է ունենում Արցախի միջազգային ճանաչման հարցում: «Այս պահին ՀՀ-ն խնդիր ունի աշխարհին ներկայացնելու իր ցավը, ասելու, որ կա ժողովուրդ, որը պատրաստ է ազատ հայրենիք ունենալ: Արցախն արդեն կատարել է իր պետականության քայլերը՝ ունի իր Սահմանադրությունը, կառավարությունը, նախագահը, ընտրություններն անցնում են միջազգային չափանիշներին համապատասխան, այսինքն՝ պետություն ունենալու ինստիտուտներն արդեն կայացել են: Արցախն իրավունք ունի պահանջելու ճանաչում: Պահանջների ձևակերպման տարբեր ձևաչափեր կան, իհարկե, հզորագույն երկրի ինստիտուտների հետ առաջին դեմքով աշխատելն արդյունավետ ճանապարհ է»,- ընդգծեց Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ մարտի 12-ից Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն: