կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-08 13:14
Հասարակություն

Ապօրինի ոչինչ չի կատարվել. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Գոման գյուղի եկեղեցու շուրջ աղմուկի մասին

Ապօրինի ոչինչ չի կատարվել. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Գոման գյուղի եկեղեցու շուրջ աղմուկի մասին

Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդությունը հերքում է, որ Ախալքալաքի շրջանի Գոման գյուղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցում կատարվել են անօրինական աշխատանքներ, որի արդյունքում վնասվել են եկեղեցու շրջակայքում գտնվող դամբարանները. այս մասին գրում է Jnews.ge-ն։

Ջավախքի հոգևոր առաջնորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանը մեկնաբանելով, այսօր Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալության տարածած տեղեկությունն ասաց.

«Մենք նպատակ ունենք Գոմանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին վերանորոգել։ Օրեր առաջ, երբ որ Վրաստանից մասնագետներ էին եկել Բալխո գյուղ, մենք իրենց հրավիրեցինք նաև Գոման, ցույց տալու այն եկեղեցին, որը ուզում ենք վերանորոգել և իրենց ասացինք, որ արդեն ունենք եկեղեցու վերակառուցման նախագիծը, որ միշտ դժվարություններ է լինում, իրենք էլ հաստատեցին, որ անհրաժեշտ փաստաթղթերն ամբողջացնելուց և ուղարկելուց հետո քննենք հարցը և որոշենք եկեղեցին վերակառուցելու պայմանները», – ասում է վարդապետ Ամիրյանը:

Ջավախքի փոխանորդությունը նախագիծ է պատրաստել և ամբողջական փաստաթղթերը Վրաստանի կրոնի գործակալությանն ուղարկելու համար անհրաժեշտ է եղել նաև երկրաբանի եզրակացությունը, որի համար էլ տրակտոր է աշխատել եկեղեցու տարածքում

«Մենք Ախալցիխեից երկրաբանի ենք հրավիրել, ով պետության համապատասխան նախարարության կողմից լիցենզավորված անձ է, այսինքն՝ օրինական ճանապարհով իր աշխատանքները կատարող: Վերջինս իր աշխատանքները կատարելու համար պահանջել է տրակտոր, որպեսզի երեք տեղ, հիմքերի մոտ փոքրիկ փոս անեն, հիմքերը ստուգելու համար։ Մենք ապահովել ենք բոլոր պայմանները և նա կատարել է իր աշխատանքը։ Ոչ ոք հակաօրինական գործողություն չի արել, ոչ ոք եկեղեցին չի վնասել, ուղղակի քանի որ հիմքերի մոտ քանդվել է մոտ 1-1,5 մետր խորությամբ փոս, մի քանի ոսկոր է դուրս եկել, որը որ սենսացիա չի, և բնական է, որտեղ էլ փորես ոսկորներ դուրս են գալու։ Իրենց մատնանշած, որ քանդվել են դամբարաններ դա սուտ է, այդտեղ ոչ մի դամբարան չի քանդվել», – բացատրում է Տեր Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։

Վերջինիս խոսքերով, Գոմանում ոչ մի անհատի կողմից ապօրինի գործողություններ չի կատարվել, այդտեղ պետության կողմից լիցենզավորված երկրաբանի կողմից կատարվել է հիմքերի ամրությունը հետազոտելու աշխատանքներ։

Նրանք տեղյակ չեն եղել, որ քրեական գործ է հարուցվել։

«Ես չգիտեի, որ քրեական գործ է հարուցվել, իրենք պարտավոր էին ինձ տեղեկացնելու։ Ինձ ասացին, ես գնացել եմ այնտեղ և նույն բանն իրենց եմ ասել, հետո համաձայնվել եմ պատասխանել նրանց հարցերին։ Առաջնորդարանում ընդունել եմ քննիչին, հատուկ թարգմանիչի հետ միասին և ես իրենց բացատրել եմ ամբողջ եղելությունը և քննության ժամանակ մեզ հասավ նաև երկրաբանի կատարած աշխատանքների պատասխանները, ստորագրությամբ, կնիքով և դրանք ցույց տվեցի քննիչին և ասացի, որ սա Ձեզ ապացույց, որ սա կատարել է պետության կողմից լիցենզավորված հատուկ մարդը՝ երկրաբանը», – ավելացնում է Ջավախքի հոգևոր առաջնորդը։

Ըստ նրա չկա որևիցե մի փաստաթուղթ, որը կապացուցի Գոմանի կիսավեր եկեղեցու մշակութային ժառանագություն հուշարձան լինելու փաստը։

«Ես քննիչին ասացի, որ առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու են քրեական գործ հարուցել, քանի որ նրանք չունեն, որևէ փաստաթուղթ, որը որ ապացուցում է, որ դա պատմական նշանակության հուշարձան է։ Ոչ մեկ մեզ այդպիսի թուղթ ցույց չի տվել: Քննիչին ասել եմ, որ կարող եմ նաև չպատասխանել նրա հարցերին, որովհետև նրանց հարուցած քրեական գործը հիմք չունի, որ այդ «ապօրինությունները» կատարվել է պատմական հուշարձանի հետ, չկա որևէ փաստաթուղթ, որ այդ կիսավեր եկեղեցին պատմական հուշարձան է», – պարզաբանում է Տ. Մաղաքիա վրդ. Ամիրյանը։

Առաջնորդն ասում է, որ տեղի բնակչության և իրենց ցանկությունն է, վերակառուցել եկեղեցին։ Գոմանցիները հատուկ նամակով և ստորագրությամբ դիմել են քաղաքապետարան, խնդրելով՝ արտոնել վերականգնել իրենց գյուղի եկեղեցին և քաղաքապետարանը համապատասխան նամակով դիմել է, որպեսզի ամբողջացվի բոլոր փաստաթղթերը, վերանորոգման հետ կապված և ներկայացվի համապատասխան մարմիններին։

«Մենք ունենք այդ բոլոր փաստաթղթերը, սկսած գյուղացիների դիմումից, քաղաքապետի նամակն ուղղված մեզ և մենք անգամ առաջին նամակը կրոնի գործակալությանն ենք ուղարկել 2020 թվականի փետրվարին։ Այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել եմ գործը վարող քննիչին, ապօրինի ոչինչ չի կատարվել», – հավելում է Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդը։

Հավելենք, որ այսօր՝ հունիսի 7-ին Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային գործակալությունը տեղեկություն է տարածել առ այն, որ Ախալքալաքի շրջանի Գոման գյուղում մշակութային ժառանգության հուշարձանի վնասման փաստով սկսվել է հետաքննություն։