կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 09:11
Հասարակություն

Վա՛յր իջիր տգիտությանդ վերին աստիճանից, դավաճա՛ն հուդա. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Ս. Սաֆարյանին

Վա՛յր իջիր տգիտությանդ վերին աստիճանից, դավաճա՛ն հուդա. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Ս. Սաֆարյանին

ՀԱԵ Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական փոխանորդ Մաղաքիա վարդապետ Ամիրյանն անդրադարձել ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի՝ Վեհափառ Հայրապետի հասցեին արված անպարկեշտ արտահայտություններին։

Ստորև ներկայացնում ենք Հոգեշնորհ Հոր անդրադարձը.

«Հատուկ Ստյոպա Սաֆարյանի և իր նման վայրահաչողների համար։

Ոմն տհաս և խոսքի բարոյականությունից զուրկ անձը(եթե կարելի է անձ համարել)բացահայտ խեղաթյուրում է Ամենայն Հայոց Հայրապետի մարդասիրական և հոգևոր պատասխանատվության հոգածության բարի վերաբերմունքը։ Առանց պրպտելու,արդեն իսկ պարզ է թե ինչ տերերի կամ ինչպիսի արժեհամակարգի է ծառայում, անհայրենիք և անթասիբ Ստյոպա Սաֆարյան անուն ազգանունով անձը։ Լավ, այդ մարդ արարած (այդպես եմ դիմում քանի որ ամեն դեպքում Աստուծո արարչության պտուղն ես) ինչքան կարող ես մաղձով և թույնով լցված լինել, որ համարձակվել ես այդքան ստոր և գռեհիկ լինել։ Չէ, դու այնքան ես հեռացել իրականությունից և քրիստոնեական արժեհամակարգից, որ սադուկեցիների և վայ օրենսգետների նման դու էլ կմեղադրեիր մեր Տիրոջը Իր Աստվածային առաքելության քարոզչության համար։

Վայր իջիր տգիտությանդ վերին աստիճանից և Սուրբ Գիրք կարդա անմիտ մարդ, սերտիր Քրիստոսահաստատ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Առաքելաշավիղ հայ հոգևորականության հիմնական քարոզչության առաքելության բանաձևը, որի հիմնասյունը՝ մարդկայինի հանդեպ հոգատարության և խնամքի դրսևորումն է։ Այնքան ես արմատացել տգիտության խավարի մեջ, որ կուրորեն չցանկացար տեսնել և լսել անգամ այս դժվարին օրերին Մայր Աթոռից հնչող աղոթքներն ու օրհնությունները, չփորձեցիր անգամ Հրաշափառ Հարության այս օրերին մնալ սիրո և ներդաշնակության մեջ(քո նմանը ինչ գիտի ինչ է սերը), այլ առավելությունդ համարեցիր դավաճան Հուդայի նման մի քանի արծաթով խեղաթյուրել Մայր Աթոռի տարածաց մարդկային մեծ դրսևորում պարունակող հաղորդագրությունը։ Մարդկային էթիկայի և բարոյականության չափանիշները անտեսելով զազրախոսեցիր նաև ասելով, իբր թե Կաթողիկոսին չի հետաքրքրում մյուս դատապարտյալների առողջական վիճակը։

Լսիր և իմացիր ուրեմն դավաճան հուդա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը տարիներ ի վեր հոգ է տանում բազմաթիվ դատապարտյալների՝ հոգևոր քարոզչություն իրականացնելով կալանավայրերում, սոցիալական բազմաթիվ օգտակարություն բերում նրանց ընտանիքներին։ Մյուս զառանցանքներիդ չեմ անրադառնում, որովհետև իմաստուն խոսքն ասում է,.«Հաչացող շան ետևից քար չեն գցում» կամ ինչպես Աստվածաշունչն է ասում.«Մարգարիտը խոզերի առջև չեն նետում»։

Առայժմ այսքանը։ Պապանձվեք»։

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 15-ին, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը դիրքորոշում էր հայտնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության առնչությամբ։ Նա նշել էր՝ հարցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։

«Երկու օր առաջ ազգովի, աղոթքով միաբանված տոնախմբեցինք Սուրբ Հարության տոնը, որը դիմավորեցինք համավարակի այս ծանր ու դժվարին իրադրության մեջ։ Այդ առիթով Երկնավորից Ս․ Հարության շնորհների հայցի հետ մեկտեղ Մեր պատգամը հղեցինք աշխարհասփյուռ Մեր ժողովրդին՝ կարևորելով, որ հատկապես համավարակի վտանգի առջև մենք կարողանանք պահպանել մեր մարդկայնությունը, տերունապատվեր սիրով ու հոգատարությամբ շաղախել մեր կյանքն ու գործը, իսկ փորձությունից դուրս գալ ավելի ուժեղ, միասնական ու համախմբված՝ իբրև Քրիստոսին հավատարիմ հարուցյալ ժողովուրդ։Մարդու աստվածապարգև կյանքը բարձրագույն արժեք է և դրա նկատմամբ հոգածու վերաբերմունքը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է։
Համավարակի այս պայմաններում աշխարհի տարբեր երկրներում տեսնում ենք, որ մասնավոր ուշադրություն է դարձվում ազատազրկման վայրերում գտնվող անձանց,  ողջունելի քայլեր են ձեռնարկվում՝ հասարակության համար վտանգ չներկայացնողների ազատ արձակման և կամ խափանման միջոցների փոփոխության՝ զերծ պահելու նրանց վտանգավոր այս վարակից։ Նման հարցերում Եկեղեցու դիրքորոշումը խարսխված է սիրո, խնամքի և գթասրտության աստվածային պատգամի վրա, և այս առումով Մեր հորդորն է, որ հայրենի մեր իշխանությունները շարունակեն այս ուղղությամբ անհրաժեշտ քայլեր նախաձեռնել։ 
Ինչ վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, հաղորդ լինելով նախագահի առողջության առնչությամբ բժիշկների մասնագիտական կարծիքներին, կարևոր ենք համարում, որ արդարադատության իրագործման հետ մեկտեղ ձեռնարկվեն բոլոր կանխարգելիչ միջոցներն ու միջոցառումները, այդ թվում՝ խափանման միջոցի փոփոխություն՝ համավարակի այս շրջանում ապահովագրելու նրան առողջական վիճակի հետագա բարդացումներից»։