կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-15 11:09
Քաղաքական

Հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Ալեն Սիմոնյանին

Հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ. ՀԱԵ Ջավախքի առաջնորդը՝ Ալեն Սիմոնյանին

Ջավախքի Ընդհանուր Առաջնորդական Փոխանորդ Մաղաքիա Վարդապետ Ամիրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վեհափառ Հայրապետի հասցեին ուղղված ոչ կոռեկտ արտահայտություններին: 

Նա, մասնավորապես, նշել է.

«ՀՀ Ազգային Ժողովի Փոխնախագահ Ալեն Սիմոնյանին։
Համավարակի դժվարին այս օրերին մի փոքր հոգու և մտքի լայնախոհությունը չէր խանգարի Ձեզ՝ ՀՀ Ազգային Ժողովի Փոխնախագահ Տիար Ալեն Սիմոնյան։ Վտանգավոր և կործանարար պատերազմական օրեր ենք ապրում, միասնական մտածումով և տքնաջան աշխատանքով պայքարելով անտեսանելի թշնամու դեմ, ինչի հետևանքով գրեթե ամեն օր մարդկային կորուստներ ենք ունենում։ Ամենայն Հայոց Հայրապետի մասին Ձեր ոչ տեղին մեկնաբանությունը անմիաբանություն է ծնում՝ առանց այն էլ անմիաբան մեր հասարակության մեջ։ Դուք ընդհանրապես և մասնավորապես այս օրերին, որպես օրենսդիր մարմնի ղեկավարներից մեկը՝ ավելի ողջամիտ և խելամիտ պետք է լինեք, գիտակցելով Տիրավանդ այս խոսքի մարդասիրական նշանակությունը.«Ես չեկա միայն առողջներին կանչելու, այլ նաև հիվանդներին»։ Այնուամենայնիվ, մեծապես կարևորելով օրենքի առջև բոլորն են հավասար բանաձևումը, սրբագրեք Ձեր գրառումը, քանի որ Ամենայն Հայոց Հայրապետի խոսքը մարդասիրական և հոգևոր կամքի բարի դրսևորում է։
Մեզ այս օրերին և ընդմիշտ միաբանվել է պետք»։
 
Հիշեցնենք՝ NEWS.am-ը հարցում էր ուղարկել Մայր աթոռին՝ փաստելով, որ նոր կորոնավիրուսային ինֆեկցիայի համաճարակի կապակցությամբ աշխարհի տարբեր երկրներում իրականացվող կանխարգելիչ մարդասիրական միջոցառումների շարքում  է քրոնիկ կամ համակցված հիվանդություններ ունեցող և ռիսկային խմբում գտնվող կալանավորների խափանման միջոցի փոփոխությունը, մինչդեռ ռիսկի խմբում գտնվող՝  ԱՀ առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը քննարկելու համար դատական նիստն արդեն տևական ժամանակ է տեղի չի ունենում և դեռ պարզ չէ, թե այն երբ տեղի կունենա։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի՝ լրատվամիջոցին ի պատասխան հայտնած դիրքորոշմանը։

Նա, մասնավարապես, նշել էր. 

«Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ասել է, որ կարևոր է համարում Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը:

Ասեմ, որ հազարավոր ՀՀ քաղաքացիներ արդեն շատ երկար ժամանակ է կարևոր են համարում Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոփոխության հարցը:

Կարծում եմ` քաղաքացի Կտրիճ Ներսիսյանը, ով տասնամյակներ շարունակ լռել է, լռել է, լռել է, այսօր` նոր իրավիճակում, ազատ կարող է դատարանում երաշխավոր հանդիսանալ քաղաքացի Ռ.Քոչարյանի խափանման միջոցի փոփոխության համար, և դրա համար բավարար դրամական միջոցներ կգտնվեն»: