Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եթե չլիներ Ցեղասպանությունը և Արցախյան պատերազմը, մեր տարածաշրջանում հայերը կլինեին 20 միլիոն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը։
«Եթե չլիներ Ցեղասպանությունը՝ մեկ, եթե չլիներ Ղարաբաղի պատերազմը՝ երկու, որի հետևանքով 500 հազար հայեր Ադրբեջանից արտաքսվեցին, եթե չլիներ Վրաստանում հակահայկական ուղղվածությունը, որ չբերեց բախումների, բայց ճնշումների հետևանքով հայերը ստիպված ազգանունները փոխեցին, վրացականացրին կամ ռուսականացրին և թիֆլիսահայությունը նվազեց, մենք այսօր տարածաշրջանում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Իրան, Թուրքիա, 20 միլիոն հայություն կարող էինք ունենալ»,-ասաց Գևորգ Պողոսյանը։
Զուտ Արևմտյան Հայաստանում մինչև Ցեղասպանությունը հայերի թիվը մոտ 3 միլիոն էր։ Սոցիոլոգը մարդաբանական հաշվարկներ է կատարել ու պարզել, որ եթե Ցեղասպանությունը չլիներ, այդ 3 միլիոնից մենք հիմա մոտ 12 միլիոն հայ բնակչություն պետք է այնտեղ ունենայինք, որովհետև հայ ժողովրդի աճը այս տարիների ընթացքում մոտ 4 անգամ է եղել։
«Նայել եմ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում հայերի աճի տեմպը այս տարիներին․ գործակիցը 4 է։ Եթե Հայաստանում 1918 թ-ին ունեինք 820 հազար բնակչություն, իսկ 1989 թվականի վերջին սովետական մարդահամարով ունեինք մոտավորապես 4 միլիոն, սա 4 գործակից է, այսինքն՝ այս 70-80 տարում մոտ 4 անգամ աճել է հայ բնակչությունը։ Օրինակ, արդեն պատերազմի տարիներեին՝ 1941 թ-ին, 1,5 միլիոն էինք՝ 2 անգամ էր աճել, հետո արդեն Խորհդային Միության վերջում դարձավ 4 անգամ՝ 3 մլն 900 հազար էինք»,-մանրամասնեց Գևորգ Պողոսյանը։
Հայերը հիմնականում ապրել են 6 վիլայեթներում, ավելի մեծ թիվ են կազմել քաղաքաբնակները՝ Ստամբուլում․ «Որովհետև հայկական մշակույթը, ֆինանսները, արդյունաբերությունը, առևտուրը կենտրոնացած էին Կոնստանդնուպոլսում»։
Նրա ուսումնասիրած աղբյուրները բազմաթիվ են՝ թուրքական պաշտոնական մարդահամարների և վիլայեթների հաշվարկները, հայ եկեղեցական մատյանները, ընդհանուր միջազգային տվյաները։ Բոլոր այս աղբյուրներից օգտվել է․ թվերը երբեմն չէին համընկնում, որովհետև հաշվարկի մեթոդաբանությունն էր տարբեր, օրինակ, թուրքերը ազգություն չէին հարցնում, հարցնում էին կրոն, իսկ հայ եկեղեցում ազգությունն էին նշում և տվյալները տարբերվում էին, բայց Գևորգ Պողոսյանը բոլորն էլ հաշվի է առել։
20-րդ դարասկզբի աղետից տուժել է հայերի ոչ միայն թվաքանակը, այլև տարածվածության մակերեսը։
«Այն կենսական տարածքը, որ մենք զբաղեցնում էինք, զգալիորեն կրճատվել է։ Եթե 1914-15 թթ հայերը բավականին մեծ կենսատարածք ունեին, այսինքն՝ Թուրքիան, Իրանը, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը հայ ժողովրդի կենսատարածքն էր, ապա հիմա մենք հիմնականում կենտրոնացված ենք միայն Արևելյան Հայաստանում»,-նշեց Գևորգ Պողոսյանը։
Այսօրվա տարբեր տվյալներով Թուրքիայում ընդամենը 34 հազար հայեր կան, Վրաստանում չնչին թվեր են՝ մի քանի հազարի մասին է խոսքը, Ադրբեջանում ասում են՝ 10-12 հազար, բայց սոցիոլոգը շատ խիստ կասկածում է․ «Այնինչ մենք ունեինք շատ լուրջ հայություն և՛ Վրաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում, և՛ Իրանում։ Միայն Իրանում էին պահպանվել, այն էլ ամերիկյան ճնշումների հետևանքով իրանահայերից շատերը գնացին, բայց սա արդեն ներքին ճնշումների հետ կապ չունի»։
Մարդկային ռեսուրսը, որ կորցրել ենք Հայոց Ցեղասպանության հետևանքով, վերականգնել հնարավոր չէ ոչ մի ձևով՝ ցավով նշեց սոցիոլոգը։ Ցեղասպան ժողովրդից միայն գումարային պահանջը, որը հաշվարկվել է նվազագույն ձևով, գնահատվել է մոտ 33 միլիարդ դոլար։
Գևորգ Պողոսյանը գիտնականների այն խմբում է, որոնք մշակել են Հայոց ցեղասպանության հետևանքների վերացման թղթածրարը՝ «Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի կորուստները և հատուցման կառուցակարգերի մեթոդաբանական հիմքերը» հետազոտությունը։ Եթե Գևորգ Պողոսյանը հաշվարկել է Ցեղասպանության մարդաբանական հետևանքները, ապա Հայկ Մելիք-Ադամյանը՝ Արևմտյան Հայաստանի հանքահումքային ռեսուրսների կորստից հայ ժողովրդի կրած վնասն ու Թուրքիա պետության շահույթը։ Աշխատությունը գրվել է պետության պատվերով՝ Հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական Հռչակագրի ընդունումից հետո, որպեսզի հստակ լինի՝ ինչ կորուստներ ունի հայ ժողովուրդը և հատուցման ինչ հնարավորություններ կան։
Գևորգ Պողոսյանի համար անհասկանալի է փաստը, որ այս ամբողջ նյութը ձեռքի տակ ունենալով՝ ներկա քաղաքական իշխանությունը, չգիտես ինչու, հատուցման խնդիրը չի բարձրացնում․ «Ցավոք սրտի, իրենք այդ հարցը դեռ չեն բարձրացնում, չգիտեմ ինչու, երևի չեն ուզում Թուրքիայի հետ հարաբերությունները սրել։ Այս հարցը բարձրացնում է միայն գիտական հանրությունը»։
Ակադեմիկոսի համար անհասկանալի են նաև վերջերս հնչող հայտարարությունները, որ մենք պետք է թուրքերին ներենք․ «Բայց դա էլ անհասկանալի է՝ ներել կարելի նրանց, ովքեր ներողություն են խնդրում, եթե իրենք չեն զղջում, մենք ի՞նչն ենք ներում»։
Նա համոզված է, որ եթե նույնիսկ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու խնդիր առաջանա, առաջին պահանջը պետք է լինի՝ ճանաչել Ցեղասպանությունը, հետո նոր՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել։
Գևորգ Պողոսյանը թուրք մասնագետների հետ հայ-թուրքական փոխադարձ ճանաչողության ծրագիր է իրականացրել ու պարզել, որ թուրք ժողովուրդը բավականին տեղյակ է Հայոց ցեղասպանության մասին և եթե պետական քաղաքականությունը լինի ճանաչումն ու հատուցումը, նրանք չեն զարմանա, հանգիստ կընդունեն՝ չհաշված ծայրահեղ ազգայնականներին։
«2010 թ-ին հետազոտություն ենք անցկացրել․ հարցաթերթը նույն հարցերով այնտեղ իրենք էին տրամադրել, այստեղ՝ ես․ Ցեղասպանության հարցը երկու հարցաթերթում էլ կար և պարզվեց, որ այնտեղ բնակչությունը բավականին էլ տեղյակ է, որ Ցեղասպանությունը եղել է։ Ցավոք սրտի, ժխտողականությունը գալիս է երկրի պետական քաղաքականությունից։ Ինձ բազմիցս Թուրքիայից էլ են զանգել, հարցրել՝ եթե մենք ճանաչենք, ձեր պահանջը ի՞նչ է լինելու։ Խորը մտահոգված էին, էլի։ Ասացի՝ ճանաչելը բարոյական խնդիր է, ձեր պատմությանը առերեսվելու խնդիր է, դուք հլա մի հատ ճանաչեք, հետո կխոսենք, որովհետև մնացածը վիճակվող ու երկարատև գործընթաց է, դուք կարող է՝ տաք, կարող է՝ չտաք, բայց ճանաչելը դա թուրք ժողովրդի բարոյական քայլն է»,-մանրամասնեց Գևորգ Պողոսյանը։
Սոցիոլոգը ուսումնասիրել է նաև Արևմտյան Հայաստանում ապրող հայերի հանդեպ թուրքերի վերաբերմունքը․ «Մեր հետազոտությունները վկայեցին այն մասին, որ թուրքերը հայերին շատ գնահատում էին, այսինքն, եթե բժիշկներ էին, թուրքերը մտածում էին, որ հայ բժիշկը շատ ավելի լավն է, եթե ինժեներ էր, շինարար էր, ճարտարապետ էր՝ անպայման հային էին ընտրում, որովհետև գիտեին, որ շատ լավ մասնագետ է»։
Ստամբուլում հայկական ավելի շատ դպրոցներ կային, քան թուրքական՝ նշում է Գևորգ Պողոսյանը, հայերը շատ բաներ են ստեղծել և թուրքերը դա շատ նորմալ էին ընկալում։
«Եթե թուրքերի կամ ադրբեջանցիների պետական քաղաքականությունը այդպիսին չլիներ, մինչև այսօր էլ հայերը կարող էին նորմալ ապրել իրենց պատմական հայրենիքում, իրենց կենսատարածքներում»,-վստահեցրեց սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը։
Աննա Բալյան