կարևոր
5620 դիտում, 9 ամիս առաջ - 2023-07-07 15:23
Քաղաքական

Եթե Մակրոնը նման բան ասած չլիներ, ապա պաշտոնական մերժում կլիներ Ֆրանսիայի կողմից. Խաչատրյան

Այո, քննարկումներ կան, կոնսուլտացիաներ կան: Այս մասին այսօր՝ հուլիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ՀՅԴ-ն կամ «Հայաստան» դաշինքը քննարկում է Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը:

Հարցին՝ ճիշտը մասնակցե՞լն է, թե՞ չմասնակցելը, պատգամավորը պատասխանեց. «Բարդ է ասել: Ճիշտը համախմբվելն է եւ  ցույց տալ, որ Երեւանը գոնե համակարծիք չէ այն քաղաքականության հետ, որն իրականացվում է: Չնայած, իհարկե, լուրջ մտավախություններ ունենք, որ կգործադրվի ամբողջ վարչական լծակը: Ես վստահ եմ, որ պետք է համախմբվել եւ թեկնածու առաջադրել, ով կկարողանա հստակ ուղերձ հղել: Չեմ կարծում, որ Երեւանի ընտրությունները զուտ կենցաղային ընտրություններ են, ամեն դեպքում քաղաքականացված ընտրություններ կլինեն: Այս պահին քննարկումներ շատ կան, այդ թվում «Հայաստան» դաշինքի շրջանակներում»;

Անդրադառնալով խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ կա պայմանավորվածություն, եւ դրանով է պայմանավորված Քոչարյանի վերջին պասիվությունը, Արթուր Խաչատրյանն անհավանական համարեց նման պայմանավորվածության գոյությունը: Նա տեղեկացրեց, որ «Հայաստան» խմբակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ վերջին անգամ հանդիպել է մի քանի ամիս առաջ. «Բայց այնպես չէ, որ Քոչարյանի հետ հանդիպումները միշտ եղել են պարբերական: Այսինքն այն ժամանակ հանդիպում էր երեք ամիսը մեկ, հիմա արդեն 4 ամիս է: Ըստ անհրաժեշտության են քննարկումներ լինում»:

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանի վերջին հայտարարություններին, ըստ որի՝ ՀՅԴ-ն է Մակրոնի հայտարարության վերաբերյալ ապատեղեկատվություն տարածել, Խաչատրյանը նշեց. «Պապոյանը սուրճի բաժակ է նայե՞լ, որտեղի՞ց որոշեց»։

ՀՅԴ անդամի խոսքով՝ այդ մասին շատերն են խոսել, այդ թվում՝ ֆրանսիացի պատգամավորներից մեկը, իսկ իշխանությունը բովանդակությունը թողել և ձևի հետևից է ընկել։

«Մակրոնն ասել է, որ ինքը պաշտպանում է Արցախի շահը, իսկ Փաշինյանը ոչ մի բան չի անում։ Դրա մասին խոսել է նաև Ժոզեպ Բորելը, ԵԽԽՎ նախագահը, բոլորն էլ ասում են, որ Փաշինյանը ձեռքերը լվացել է Արցախից։ Հիմա էլ ասում են՝ Դաշնակցությունն է արել։ Իրենք են մեղավորը», - պարզաբանեց նա։

Արթուր Խաչատրյանի համոզմամբ՝ եթե Մակրոնը Փաշինյանի մասին նման բան ասած չլիներ, պաշտոնապես կհերքվեր, բայց այդ խոսքերի մերժումը Ելիսեյան պալատից չի եղել։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մարսել կատարած եռօրյա այցի ընթացքում հանդիպել էր Մարսելի տարբեր ազդեցիկ շրջանակների հետ։

Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև Ֆրանսիայի Ազգային Ժողովի պատգամավոր Սաբրինա Ակրեսթի-Ռուպաշը, ՀՅԴ Արևմտյան Եվրոպայի ԿԿ ներկայացուցիչ Հրաչ Վարժապետյանը դիմել է Ֆրանսիայի նախագահին․ «Պարոն նախագահ, Արցախի շրջափակման և ադրբեջանական ագրեսիայի դեմ Ձեզնից ակնկալում ենք առավել ազդու նախաձեռնություն, գործնական և ոչ թե միայն բարոյական»։ Ի պատասխան Մակրոնը հայտարարել է․ «Ես Ալիևի վրա ավելի շատ ճնշում եմ բանեցրել և կբանեցնեմ, քան Փաշինյանը։ Հարցը Փաշինյանն է։ Ես Արցախի հարցով միակն եմ, որը հստակ կեցվածք և պատգամ ունեմ»։