կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-19 14:20
Հասարակություն

«Պետք է փաստել ՀԱՅ ՄԱՐՏԻՐՈՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ». Հայոց թերթերի կոչը Հայ տիեզերասասան եղեռնի ականատես վկաներին

«Պետք է փաստել ՀԱՅ ՄԱՐՏԻՐՈՍԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ». Հայոց թերթերի կոչը Հայ տիեզերասասան եղեռնի ականատես վկաներին

1918 թ. հայ պարբերական մամուլի էջերին վերոգրյալ վերտառությամբ սյունակներ են հանդիպում, որոնց ներքո հայոց թերթերի խմբագրակազմերը հատուկ մշակված հարցաշարով կոչ են հղում եղեռնի ականատես վկաներին՝ պատմելու, ներկայացնելու հայ մարտիրոսագրությունը պատմող փաստեր, վավերաթղթեր, ինչպես նաև իրենց վկայությունները: Նաև շեշտադրաբար նշվում է այն մասին, որ հարցաշարի պատասխանները պետք է գրվեին կտրուկ, անսեթևեթ, որոնք պետք է ուղարկվեին բոլոր հայկական թերթերի խմբագրատներ, մասնավորապես հետևյալ հասցեին՝ Պոլիս, Բերա, Ս. Երրորդություն եկեղեցի, «ՆՊԱՍՏԱՀԱՎԱՔ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲ»:

Անհրաժեշտաբար նշենք, որ մեր նյութում մենք պահպանել ենք իրենց եզրույթները՝ բնորոշելու և նպատակային ընդգծելու այդ շրջանում կիրառվող թեմատիկ բառաֆոնդը: Այդ բառերը շեղագիր ընդգծումով են:

Ստորև ներկայացնում ենք հարցաշարի մի նմուշ՝ արևմտահայերենից արևելահայերենի փոխադրած տարբերակով՝ չհեռանալով բնագրից.

  1. Տեղահանությունից առաջ ձեր քաղաքում կամ գյուղում ի՞նչ դեպքեր պատահեցին, և կամ ի՞նչ հայտարարություններ եղան, որ դուք նկատում եք ջարդի կամ աքսորի նախանշաններ:
  2. Տեղահանությունից առաջ կամ դրա ընթացքում քանի՞ հայ մտավորականներ, աչքառու անձնավորություններ ձերբակալվեցին, բանտարկվեցին. ի՞նչ պատահեց նրանց հետ, գիտե՞ք արդյոք նրանց անունները:
  3. Տեղահանությունը ո՞ր թվականին տեղի ունեցավ, այդ ընթացքում ովքե՞ր էին ձեր վայրի կառավարիչն ու մյուդիրը և պաշտոնական գլխավոր անձինք. այժմ որտե՞ղ են նրանք գտնվում:
  4. Տեղահանության կամ ջարդի պատմության մասին գրե՛ք. քանի՞ հոգով ճամփա ելաք, ո՞ւր համախմբվեցիք, յուրաքանչյուր հանգրվանի մեջ քանի՞ օր… մնացիք: Նկարագրեք դեպքերը… գրական, բանաստեղծական ցուցմունքներով, եղածներն իրենց բոլոր մերկությամբ իբրև ականատես պատմեք միայն:
  5. Ո՞ւմ կամ որո՞նց եք հանցավոր նկատում, գրե՛ք այդ մարդկանց անուններն և այսօր նրանց գտնվելու վայրերը: Թուրք ժողովուրդը, գյուղացիությունն ի՞նչ մասնակցություն ունեցան և որչափո՞վ: Նրանց առաջնորդներից որո՞նց եք ճանաչում, և, ի՞նչ եք կարծում, վերջիններս որտե՞ղ են գտնվում:
  6. Ի՞նչ փաստաղթեր ունեք. ձեզ մոտ նկարներ գտնվո՞ւմ են. կա՞ն վկաներ, եթե՝ այո՛, տվե՛ք նրանց անուններն և ցո՛ւյց տվեք գտնված տեղերը:
  7. Բռնի իսլամացածներից որտե՞ղ, որչա՞փ և որո՞նց գիտեք: Ինչպիսի՞ վերաբերմունք է եղել նրանց նկատմամբ:
  8. Ինչպիսի՞ն է տարագրված հայերի նյութական և բարոյական ներկա վիճակը:
  9. Կա՞ն հայանպաստ անձինք. որո՞նք են և որտե՞ղ են հիմա, ինչպե՞ս են նրանք կատարել, նրանց առաջ ինչպիսի՞ խոչընդոտներ են առաջ բերել և որո՞նց կողմից:
  10. Ի՞նչ աղբյուրներից է նյութական օժանդակություն հասել ձեզ, որչա՞փ և ո՞ւմ միջոցով:


Էլինա Միրզոյան

Թուրքագետ, բանասիրական գիտությունների թեկնածու

Akunq.net