կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-03 16:02
Քաղաքական

Ուսումնասիրել ոչ միայն զոքանչների, այլև սիրուհիների ունեցվածքը. ՀՀԿ-ականը սրամտեց

Ուսումնասիրել ոչ միայն զոքանչների, այլև սիրուհիների ունեցվածքը. ՀՀԿ-ականը սրամտեց

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց հետ փոխկապակցված անձանց եկամուտների ձեւավորման աղբյուրները եւ գույքային վիճակն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» հարցը:

Նա նշեց, որ նման հանձնաժողով ստեղծելու հարցը թեև վաղուց կա հանրային օրակարգում, սակայն առիթը եղավ 1000 դրամների նախագիծը, երբ հասարակությունը սկսեց արդարացի հարցեր բարձրացնել, օրինակ`  ինչու 25 տարվա պետության  բյուջեում փող չկա, որպեսզի հոգան անվտանգության ու առողջության պահպանման հարցերը:

«Օդում կախված է հարց, որ 25 տարիների  ընթացքում կառավարություններն իրականացրել են ազգային հարստության, ունեցվածքի ոչ արդյունավետ կառավարում, այն թալանվել է: Ուստի պետք է  ստեղծել ԱԺ ժամանակավոր  հանձնաժողով, որը կուսումնասիրի բարձրաստիճան պաշտոնատար  անձանց գույքային վիճակը, դրանց ծագումնաբանությունը, և ՀՀ քաղաքացիները կունենան հարցի պատասխանը, թե ով ինչքան հարստություն է կուտակել իր պաշտոնավարման ընթացքում»,- ասաց Փաշինյանը:

ՀՀԿ-ական պատգամավոր Վահրամ Մկրտչյանը մատնացույց արեց վերջերս ԱԺ-ի կողմից ընդունված «Ապօրինի հարստացման քրեականացման մասին» օրենքը, որը կարող է լուծել պատգամավորի բարձրացրած հարցերը, և ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման կարիք այլևս չի լինի:

Փաշինյանը հակադարձեց, որ, երբ այդ օրինագիծը ԱԺ-ում քննարկվում էր, ամենակարևոր շեշտադրումը և բացը այն էր, որ օրենքը հետադարձ ուժ չուներ, և նախկինում հարստություն կուտակած անձինք կարող են չանհանգստանալ իրենց հարստության համար, մինչդեռ` իր ասածը վերաբերում է ոչ թե պատիժ սահմանելուն, այլ զուտ տեղեկատվությանը, որ հանրությունն իմանա, թե բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ ունեն, և այդ ունեցվածքն ինչպես է առաջացել: Ավելին` Փաշինյանի կարծիքով` նախագիծը պետք է ընդլայնել և դրանում ներառել, այսպես կոչված, «զոքանչների ինստիտուտը», թե որտեղից է առաջացել բարձրաստիճան պաշտոնատար անձանց զոքանչների հսկայական ունեցվածքը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լևոն Մարտիրոսյանը տեղից արձագանքեց. «Նաև` սիրուհիների»:

Փաշինյանը կարծիք հայտեց, որ սիրուհիների թեմայով ՀՀԿ-ն հաստատ հատուկ կարծիք կունենա:

Լևոն Մարտիրոսյանն առարկեց. «Սիրուհիները ունիվերսալ են լինում»:

Փաշինյանն էլ տեղի չտվեց. «Կան նաև ունիվերսալ պատգամավորներ, այդտեղ շատ պետք չէ խորանալ»: