կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-11 17:07
Աշխարհ

«Մեծ Ադրբեջան» նախագիծը` թուրքական լրացմամբ. Ստանիսլավ Տարասով

«Մեծ Ադրբեջան» նախագիծը` թուրքական լրացմամբ. Ստանիսլավ Տարասով

Ադրբեջանական «Թուրան» տեղեկատվական գործակալությունը երեկ հանդես է եկել սենսացիոն լուրով` մոտ ժամանակներս կհայտարարվի «Արևմտյան Ադրբեջանի հանրապետության (Իրևան) վտարանդի կատավարության» մասին: Այդ մասին, ըստ գործակալության, հայտարարել է Թուրքիայի Կայսերի քաղաքի համալսարանի պրոֆեսոր Գաֆար Չախմախլըն Համաասիական կենտրոնների կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ. ըստ yerkir.am-ի` Regnum-ում տպագրած իր հոդվածում գրում է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը:

Ֆորումում Չախմախլըն հանդես է եկել որպես այդ հանրապետության նախաձեռնողական խմբի նախագահ: Ըստ նրա` «նախ կստեղծվի հանրապետության Ազգային խորհուրդ, հետո կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ և, վերջապես, կձևավորվի վտարանդի կառավարությունը»: Չախմախլըի խոսքով` գլխավոր նպատակը «բոլոր պատմական հողերը վերադարձնելն է, ներառյալ` Երևանը, Զանգեզուրը, Գյումրին, Դարալայազը և ժամանակակից Հայաստանի սահմաններում մնացած բոլոր պատմական հողերը»: Ինչ վերաբերում է Թուրքիային, այդտեղ խոսքը Կարսի և հարավարևելյան որոշ վիլայեթների մասին է, որտեղ, քրդական տարրին զուգահեռ, ըստ նրա, կա նաև ադրբեջականի առկայությունը:

«Նշենք, որ Չախմախլըն, որն աշխատում է Կայսերի քաղաքի Արջիյաս համալսարանում 2011-ից, այնտեղ  հայոց լեզու է դասավանդել: Նա մի շարք հոդվածների ու գրքերի հեղինակ է, որոնք նվիրված են Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի նորագույն պատմությանը: Չխորանանք պատմական մանրամասների մեջ, որոնք հատուկ վերլուծության կարիք ունեն, այլ կենտրոնանանք այլ կարգի իրադարձությունների վրա»,- գրում է Տարասովը և հավելում` բանն այն է, որ «Ադրբեջանի Արևմտյան հանրապետություն» նախագիծը, որի արմատները գալիս են 1919 թվականի սկզբից, Ադրբեջանում «Մուսավաթ» կուսակցության կառավարման շրջանում սկսեցին առաջ մղվել դեռևս 2000-ականների սկզբներին: «Ժամանակագրորեն դա համարյա համընկնում է այն պահի հետ, երբ ԱՄՆ պետդեպարտամենտը սկսեց նամակներ ստանալ որոշ կոնգրեսականներից, որոնցում, պետդեպարտամենտի այն ժամանակվա պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդի խոսքով, «կային պահանջներ Իրանից Հարավային Ադրբեջանի անկախացմանը և Ադրբեջանական Հանրապետությանը միացման հնարավորությանը աջակցելու մասին»: Այդ ժամանակ ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում փորձեց ակտիվորեն խաղարկել իրանական խաղաքարտը` «ադրբեջանական հաղթաքարտեր» կիրառելով: Որոշ ամերիկյան պարբերականներ, կոնգրեսականների կարծիքներին հղումով, գրում էին, որ «Ադրբեջանի ու Իսրայելի միջև ռազմական համագործակցության ընդլայնման նկատառումով խորհուրդ է տրվում հիշել Արևմտյան Ադրբեջանի մասին` արդեն Թուրքիայի հետ հետագա հարաբերությունների սպեկտրում»,- նշում է Տարասովը և հիշեցնում նաև այն, որ Բաքվում քննարկվում էր երկիրն Հյուսիսային Ադրբեջանական Հանրապետություն վերանվանելու կարծիքը`ադրբեջանական միասնականության գաղափարի հնարավոր իրագործման ակնարկով:

Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով` Վաշինգտոնի և Թեհրանի հարաբերություններում ներկայիս առճակատման տեսանկյունից տրամաբանական կլիներ Իրանում ադրբեջանական խաղաքարտի խաղարկումը, բայց ոչ` Թուրքիայում: Նա կարծիք է հայտնում, որ դա էլ պայմանավորված է քրդական գործոնով, նաև` ենթադրությամբ, որ Անկարան չի կարողանա վերահսկողության տակ պահել քրդերով բնակեցված հարավարևելյան շրջանները:

«Այնպես որ` կասկած չկա, որ «Արևմտյան Ադրբեջանի հանրապետության կառավարության» ի հայտ գալը որոշակի  իրադարձություններ կխթանի, նախևառաջ` Թեհրանում: Այդ կապակցությամբ բաքվեցի փորձագետները ենթադրում են, որ հարկավոր է պատրաստ լինել Իրանի դաշնայնացմանը, քանի որ դա ոչ թե աշխարհագրական, այլ քաղաքական անվանում է: Ամեն ինչ պետք է ընթանա ինքնավարություն-դաշնայնացում- անկախ պետություն սցենարով: Սակայն նաև Թուրքիայում չի բացառվում իրադարձությունների հենց այդ ընթացքը, թեև հրապարակայնորեն իշխանությունները  դա չեն խրախուսում, քանի որ երկյուղում են, որ պետական մակարդակով «Իրանում և Թուրքիայում անջատողականներին» աջակցելը կարող է Բաքվի, նաև, հնարավոր է, Անկարայի համար Հայաստանի հետ ավելի լուրջ դիմակայության վերածվել, որն այդ պարագայում կկանգնի Թեհրանի կողքին»,- գրում է Տարասովը:

Իսկ ներկայումս, ըստ նրա, Բաքվում դեռևս գերակշռում է կարծիքը, որը ժամանակին հայտնել է ադրբեջանցի քաղաքագետ Մուբարիզ Ահմեդօղլուն. «Հայերի հետ պետք է խոսել այսպես` եթե մենք սկսենք նրանցից պահանջել Իրևանը, Զանգեզուրը և Թուրքիայի Կարսի շրջանին սահմանակից տարածքները, որոնք պատմականորեն պատկանում են Ադրբեջանին, այդ ժամանակ նրանք պետք է ազատագրեն մեր օկուպացված շրջաններն ու Զանգեզուրը: Իսկ մենք, մեր հերթին, կթողնենք նրանց Իրևանը և Թուրքիայի Կարսի շրջանին սահմանակից մասերը»:

Ըստ Տարասովի` սակայն կան նաև թուրքական Քուրդիստանի և Արևմտյան Հայաստանի նախագծերը և դրանց իրականացման ծրագրեր: «Այնպես որ,  կարծես, առջևում սպասվում է Մերձավոր Արևելքն ընդգրկող հերթական լուրջ իրադարձությունների կասկադ: Հարկավոր է դրան պատրաստ լինել»,- եզրափակում է ռուսաստանցի քաղաքագետը: