կարևոր
1141 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 17:37
Քաղաքական

«Մեծ Հայքի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»

«Մեծ Հայքի» փոխարեն կարող է հայտնվել «Մեծ Ադրբեջան»

Մանհեթենի կենտրոնում գտնվող «Թյուրքեւի» (Turkish House) 36-հարկանի երկնաքերում կայացել է Էրդողանի առաջին հանդիպումը իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքիյանի հետԱյն տեւել է ընդամենը մեկ ժամ, սակայն փորձագետներն ուշադրություն են դարձրել, որ գործընկերները երկխոսել են թուրքերենով, որում որոշակի բազմիմաստ սիմվոլիզմ է նկատվում։

Շատ, նախեւառաջ մերձավորարեւելյան փորձագետներ, որոնք հոգեբանորեն լավ են զգում իրավիճակը, ուշադրություն են դարձրել, որ Իրանը Նյու Յորքում Էրդողանի հետ հանդիպմանը ներկայացնում էր նախագահ Փեշեզքիյանը՝ էթնիկ ադրբեջանցի, որը պաշտոնական բանակցություններում, հնարավոր առիթով, սկսել է օգտագործել իր համար հարազատ ադրբեջաներենը։ Եվ այն, որ նրա առաջին հանդիպումը Թուրքիայի առաջնորդի հետ տեղի է ունեցել թուրքական «Թյուրքեւի» տանը, նույնպես ուշագրավ է։ Այս կապակցությամբ այդ փորձագետները տեսնում են Իրանը, ինչպես նաեւ տարածաշրջանի շատ այլ երկրներ ընդգրկող ազգային ինքնության ճգնաժամի նշաններ, որի վրա հասարակություններն ու պետությունները կառուցում են իրենց եւ ուրիշների սուբյեկտիվ ընկալումը:

Իրանի նախագահական ընտրություններում Փեշեզքիյանի հաղթանակով թյուրքական ինքնության մասին վեճերը սկսեցին երեւան գալ, եթե ոչ առաջավոր քաղաքական դիսկուրս, ապա հանրային հարթություն։ Չնայած Իրանի թյուրքական բնակչության մասին պաշտոնական վիճակագրություն հրապարակայնորեն չկա, կիսապաշտոնական աղբյուրները նշում են, որ առնվազն 30 մլն էթնիկ թյուրքեր ապրում են երկրի տարբեր շրջաններում: Իրանի թյուրքական բնակչությունը բաժանվում է ենթախմբերի, ինչպիսիք են ադրբեջանցի թուրքերը, թուրքմենները, քաշքայի եւ Խորասանի թուրքերը: Այս թյուրքական համայնքների շարքում ամենատարածվածն Իրանի հյուսիս-արեւմուտքում բնակվող ադրբեջանցի թյուրքերն են։ Այսպես, Իրանի ռազմավարական ատլասում, որը հրապարակվել է Իրանի գլխավոր շտաբի աշխարհագրական կազմակերպության կողմից 2014ին, նշվում է՝ պարսիկները կազմում են Իրանի բնակչության կեսից պակասը:

Որոշակի հանգամանքներում, եթե իրանական հասարակության բեւեռացումը սկսի ընթանալ էթնիկ գծով, նման գործոնը կարող է զգալի աշխարհաքաղաքական ենթատեքստ ձեռք բերել։ Առավել եւս, որ Իրանում բնակվող թյուրքերը զգալի դեր են խաղացել Իրանի պատմության մեջ՝ որպես երկրի հիմնարար բաղադրիչներից մեկը դարերի ընթացքում: Այսպիսով՝ Իրանը երկու տարբերակ ունի՝ կամ հարմարվել եւ վերականգնել նոր ինքնություն, որը համապատասխանում է իրականությանը, կամ խրվել անցյալը վերապրելու փորձերի մեջ, ինչը կարող է հանգեցնել հոգեբանական սոցիալական ոչնչացման: Թուրք փորձագետների կարծիքով, այն փաստը, որ Փեզեշքիյանն աջակցություն է գտնում Իրանի հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեիի կողմից, խոսում է այն մասին, որ նրա ընտրությունն ուղղված էր այդ խնդրի հարթեցմանը: Իր հերթին դա նշանակում է լուրջ շրջադարձ Թեհրան-Բաքու ադրբեջանական հարաբերություններում, ինչպես նաեւ ուժերի հավասարակշռության փոփոխություն Անկարա-Թեհրան-Բաքու եռանկյունումԸնդ որում, այսպես կոչված պանթուրքիզմի բանաձեւում առաջնության դափնին կարող է Բաքվի կողմից խլվել Անկարայից, թեեւ թուրք քաղաքագետ Հասան Օքթայը, ով Անկարայում Կովկասի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենն է, պնդում է՝ Փեզեշքիյանն «Իրանի նախագիծն է, որը տարածաշրջանում աշխարհաքաղաքական բեկում է իրականացնում»:

«Կարծում եմ՝ նախկին նախագահ Իբրահիմ Ռայիսիի մահը ողբերգական պատահականություն չէր, այլ քաղաքական սպանության, մահափորձի արդյունք էր», - հայտարարել է Օքթայը Բաքվի ԶԼՄ-ներին: «Դա նախազգուշական ազդանշան էր։ Իրանի իշխանությունները հասկացան եւ համակարգը արմատական փոփոխությունների սպառնալիքի չենթարկելու համար իշխանության բերեցին ժողովրդի անվերապահ աջակցությունը վայելող Փեզեշքիյանին։ Կարծում եմ՝ Իրանի պետական կառույցներն ընտրել են Փեզեշքիյանին, որպեսզի կանխեն երկիրը նոր Սիրիայի կամ Իրաքի վերածելու սցենարը եւ թույլ չտան, որ այն փլուզվի»:

Օքթայը գրագետ է զգում տարածաշրջանում հնարավոր զարգացումների միտումը, բայց պատահական չէ, որ փորձում է ամեն ինչ դարձնել միայն Թուրքիայի կողմը։ Մինչդեռ իրական քաղաքականության մեջ արդեն գործում են «Արեւմտյան Ադրբեջան» նախագծերը, որոնք նախատեսում են Ադրբեջանի վերադարձ Երեւան, Գյումրի եւ հայկական այլ տարածքներ: Միեւնույն ժամանակ, չի բացառվում նաեւ Թուրքիայի հարավ-արեւելքում (Կարս) թուրքական շրջանների մի մասի հանձնումը Ադրբեջանին։ «Մեծ Ադրբեջանի» նախագիծը, որը ներառում է Անդրկովկասյան հյուսիսային Ադրբեջանի միավորումը հարավային, իրանականի հետ, սակայն, առայժմ, մնում է միայն թղթի վրա։ Հիշենք նաեւ այն, թե ինչպես Բաքվում համեմատաբար վերջերս քննարկվում էր երկրի անվանումը Հյուսիսային Ադրբեջանի Հանրապետություն փոխելու գաղափարը՝ ադրբեջանական միասնության գաղափարի հնարավոր իրագործման ակնարկով։

Թուրքիայում չեն բացառում իրադարձությունների զարգացման նման սցենարը, թեեւ հրապարակավ իշխանությունները դա չեն խրախուսում, քանի որ մտավախություն կա, որ պետական մակարդակով «Իրանում անջատողականներին» աջակցելը կարող է Անկարայի համար եւս ավելի լուրջ հետեւանքներ ունենալ, չէ՞ որ կա նաեւ թուրքական Քուրդիստանի նախագիծը: Այնպես որ, թվում է, թե առջեւում մեզ սպասում է Մերձավոր Արեւելքն ընդգրկող հերթական լուրջ իրադարձությունների կասկադը։ Պետք է պատրաստվել դրան։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի