կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-07 14:53
Քաղաքական

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ և նախապես գցում է ՀՀ-ի վրա. Ա. Աշոտյանն՝ իշխանություններին

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ և նախապես գցում է ՀՀ-ի վրա. Ա. Աշոտյանն՝ իշխանություններին

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ինչպես եւ կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։

Երկու խիստ ուշագրավ փաստ։

1. Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռեւերանսներն արեց Ալիեւի նկատմամբ, ընգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, Ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։

2. Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։

Տղերք, գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։

Սրա տակից դուրս գալ պատրաստվու՞մ եք»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել էր Արցախյան խնդրի կարգավորմանը։ Նա, մասնավորապես, նշել էր. «Ղարաբաղի հարցի որևէ լուծում չի կարող գործնականում դառնալ լուծում, եթե դա ընդունելի չէ ՀՀ ժողովրդի համար, եթե դա ընդունելի չէ Ղարաբաղի ժողովրդի համար, այդ թվում` ԱԺ-ի համար: Այսինքն՝ դա ոչ թե իմ բարի ցանկությունից է այդպես, այլ այդպես է եղել ի բնե: Եթե անգամ նախկինում եղել են իշխանություններ, որոնք մտածել են, թե կստորագրեն ու կտանեն մի հատ ինչ-որ լուծում կտան` իրենք գերագնահատել են իրենց ուժերը», ու հավելել. «Փուլային տարբերակի նման լուծում ձևակերպված չէ, քանի դեռ մենք չենք եկել, ասել` եկեք մի հատ փակ նիստ անենք ու մենք մեր լուծման տարբերակը ձեզ ներկայացնենք: Իսկ մենք այդպիսի լուծմամբ կգանք, երբ որ ԱԳ նախարարը, ես կտեսնենք, որ ինչ-որ մի տարբերակ կա, որը կարող է սկզբունքորեն քննարկելի, ընդունելի լինել: Քանի դեռ մենք չենք եկել, մնացած ամեն ինչը դիրքորոշումներ են»։ Բացի այդ՝ Փաշինյանը շեշտել էր նաև, որ ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի ոչ միայն ՀՀ և ԼՂՀ, այլև Ադրբեջանի ժողովրդի համար: Իսկ լուծման հնարավոր ցանկացած տարբերակ, Փաշինյանի խոսքով, նախ կքննարկվի ՀՀ և ԼՂՀ Անվտանգության խորհուրդներում, կառավարություններում և նոր միայն խորհրդարաններում: