կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-30 10:45
Հասարակություն

Եթե տեսնում եք այն, ինչ ես եմ տեսել 1990֊ականներին, ու ոչինչ փոխել չեք կարող, դու՜րս եկեք, էլի. Դ. Վանյանը՝ իշխանություններին

Եթե տեսնում եք այն, ինչ ես եմ տեսել 1990֊ականներին, ու ոչինչ փոխել չեք կարող, դու՜րս եկեք, էլի. Դ. Վանյանը՝ իշխանություններին

Դավիթ Վանյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.

Իննսունականների սկիզբն էր։ 22 - 23 տարեկան խոստումնալից երիտասարդ էի ու Շամշադինի շրջանի գործկոմի անդամ։ Պատերազմ էր ու հեղափոխական, նաև էպիկական ժամանականեր էին։ Մի օր կռվում էինք, մի օր աշխատում։

Մի մարդ եկավ ընդունելության ու ասաց․
— Դավիթ ջան, ես այսինչ մարդն եմ, ծնողներիդ լավ եմ ճանաչում, իրենք էլ ինձ լավ գիտեն։
Ասացի․
— Շատ լավ։
— Շրջխորհրդի գործկոմը,— շարունակեց նա,— ամեն տարի կոմունալ ծառայությունների մատուցման հոդվածով մի կլորիկ գումար է հատկացնում բոլոր շենքերի ծխնելույզներն ու օդափոխության խողովակները մաքրելու համար։ Ամեն տարի մենք դիմում ենք գործկոմի քարտուղարին, նա որոշումը պատրաստում է, անց է կացնում գործկոմի նիստով, մենք գումարը ստանում ենք ու հավասար կիսվում։
— Բա ծխնելույզնե՞րը,— ասացի ես,— ո՞վ է մաքրում։
— Ոչ մեկը։ Դրանք մաքրելու կարիք իրականում չկա։
— Չէ, ասացի,— քանի ես եմ այստեղ, այս պաշտոնին, դա լինող բան չի։ Ես կմտածեմ, թե ինչպես անեմ, որ այդ մի քանի տասնյակ հազար ռուբլին մաքրող կազմակերպություն ստանա։
Մարդը ուղիղ նայեց աչքերիս, համարեց որ հիմար եմ, որ բան չհասկացա ու գնաց։

Ես այդ մասին մոռացել էի արդեն, երբ մի երկու օր անց գործկոմի նիստ էր, ու նախագահի տեղակալներից մեկը այս հարցը զեկուցեց, թե․
— Ծխնելույզները ծանրաբեռնված են, վտանգները մեծ են, մարդիկ գազի փոխարեն փայտ են այրում, հարկավոր է շտապ մաքրել։
Նախագահը, որ լավ տղա էր, ինքնաբերաբար հարցը դրեց քվեարկության։ Բոլորը կողմ էին ես դեմ։ Երբ հայտարարվեց, որ որոշումն ընդունված է, ես վեր կացա ու ասացի․
— Քանի ես այստեղ աշխատում եմ, այս հարցը չի կարող այսպես լուծվել, որովհետև երկու օր առաջ․․․
Չէի հասցրել մի բան ասել, նախագահի տեղակալը մի խառնաշփոթ բարձրացրեց ու նստեց իր տեղը։ Նախագահը թե․
— Ես հասկացա։ Հարցը հանվում է օրակարգից։ Այն որքան հասկանում եմ, օրակարգում չկար անգամ և Դուք, պարոն տեղակալ, այն այսօր դրեցիք քննարկման։ Նիստը հայտարավում է փակված։
Բոլորը վեր կացան, այլայլված էին, բացի նախագահից ու ինձանից։ Ինձ այդպես թվաց՝ առնվազն։ Ես մնացի նստած և այդ պահին մտածեցի, որ սա միայն մի հարց էր, որի մեխանիզմը ես հասկացա մի տարի աշխատելուց հետո։ Որ հազար ու մի այդպիսի հարցեր կան, որոնց տակ ես դնում եմ իմ ստորագրությունը, առանց իրականության պատկերացումի։ Որ այս ամենը փտած է մինչև ուղն ու ծուծը, որ ամեն օր Արցախից ու սահմանից դիակներ ենք ստանում ու հողին տալիս, իսկ չինովնիկը մնում է չինովնիկ։
— Ի՞նչ եղավ Դավիթ,— Հարցրեց նախագահը, մի մտածիր, ես ամեն ինչ իր տեղը կդնեմ։
— Ես դուրս եմ գալիս աշխատանքից, պարոն նախագահ՝ ասացի ու դուրս եկա նիստերի դահլիճից և առաջին ու վերջին պետական պաշտոնից։

Հիմա Ձեզ եմ դիմում, սիրելի ընկերներ, որ լծված եք պետականությանը։ Եթե տեսնում եք այն, ինչ ես եմ տեսել, ու ոչինչ փոխել չեք կարող, դուրս եկեք, էլի։ Թե չէ, ինչ ասես որ մարդ չի մտածում։