կարևոր
3811 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-29 11:15
Քաղաքական

Հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում․ չեք տեսել պատից կախ, տեսնում եք ճակտից կախ․ դիտարկում

Հարկատուների հաշվին աշխարհ են տեսնում․ չեք տեսել պատից կախ, տեսնում եք ճակտից կախ․ դիտարկում

Լրագրող Վահե Սարուխանյանը գրում է․

«Ամսի 25-ին ՀՀ կառավարական բորտը նախագահին Զվարթնոցից տեղափոխել է Փարիզի Շառլ դը Գոլ օդանավակայան, որտեղ վայրէջք է կատարել ամսի 25-ի առավոտյան։ Նախագահի հետ, ըստ էության, եղել են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, այլ պաշտոնյաներ։ Դը Գոլում պատվիրակությանը իջեցնելուց հետո օդանավը թռել է Փարիզի մեկ այլ օդանավակայան' Լե Բուրժե (նախատեսված է բիզնես ավիացիայի համար), որտեղ նախագահին եւ ուղեկցողներին սպասել է մինչեւ ամսի 27-ի ուշ երեկո (2,5 օր), երբ ուղղություն է վերցրել դեպի Երեւան։

Գաղտնիք չէ, որ էս օդանավի եւ նրա անձնակազմի բոլոր ծախսերը վճարվում են ՀՀ պետբյուջեից, այսինքն' հարկատուների գրպաններից, ավելի կոնկրետ' էն հարկատուների, որոնք մասնավոր, ոչ պետական ոլորտում են աշխատում, որովհետեւ, ինչպես ժամանակին կասեր նույն Փաշինյանը, բյուջեն նստած է հենց էդ մի քանի հարյուր հազար մարդկանց ուսերին, իսկ պետբյուջեից աշխատավարձ ստացողներն ընդամենը իրենց ստացածի մի մասը հարկերի տեսքով նորից վերադարձնում են պետբյուջե։

Էս երկրում, որտեղ գործող կառավարության օրոք անվտանգային խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլեւ օր-օրի ավելի են ահագնանում, ու ամեն լուման պետք է որ ծախսվի հստակ հաշվարկված, որպեսզի հետո էստեղ-էնտեղ չլացեն, թե պետությունը ինչ-որ բանի համար անհրաժեշտ գումար չունի, ահա այդ երկրում պաշտոնյաների «աշխատանքային» գաստրոլները դարձել են առօրյա կյանքի մաս, ավելին' գովազդդվող կյանքի մաս։ Էդ նույն կառավարության ու նրան առընթեր ԱԺ-ի եւ այլ օրգանների ներկայացուցիչները մի արհեստական առիթ են ստեղծում «աշխատանքային այցի» անվան տակ, որ թռնեն, օրինակ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն կամ Եվրո-2024 նայեն, Օլիմպիական խաղերի բացման մասնակցեն, հնարավորինս շատ երկրներից սթորիներ ու ռիլեր դնեն իրենց հիացած երկրպագուների համար, ի վերջո աշխարհ տեսնեն, քանի դեռ դա հնարավոր է հարկատուների հաշվին։ Ի՞նչ է դրանից շահում էն նույն հարկատուն, որի մուծած հարկերով վերեւներում նստած ինչ-որ մեկը թռնում է գուցե իր կյանքի մեջ առաջին ու վերջին անգամ մարզական խոշոր միջոցառման մասնակցելու պաշտոնական հյուրերի համար նախատեսված օթյակում։ Չեք տեսել պատից կախ, տեսնում եք ճակտից կախ»։