Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտությունը պահանջում է որոշակի պետական հոգածություն: Իսկ դա տարբեր երկրներում տարբեր բնույթի է լինում: Այն երկրները որոնք ցանկանում են արագ զարգացման հեռանկար ունենալ, գիտության հանդեպ հոգածությունը բավականին ուժեղ է լինում, որն ապահովում է արդյունքներ: Իսկ այն երկրները, որոնք քիչ ռեսուրսներ ունեն, տարբեր բնույթի հիմնավորումներ են առաջ քաշում, օրինակ՝ «այն գումարները, որոնք տրամադրվում են արդյունավետ չեն օգտագործվում, կառավարման համակարգը օպտիմալ չէ» և այլն. այս մասին հայտարարեց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին. հայտնում է Yerkir.am-ը:
ԿԳՄՍ նախարարության կողմից շրջանառության մեջ դրված «Բարձրագույն կրթության և գիտութան մասին» օրենքի նախագծով նախատեսվում են մի շարք փոփոխություններ, որոնցով ակադեմիայի կարգավիճակն էականորեն կիջնի, ակադեմիական ինստիտուտները կառույցի կազմից դուրս կգան և այլն։ Այս ամենի վերաբերյալ վերջին օրերին ակադեմիայում բուռն քննարկումներ են տեղի ունեցել։
Ռադիկ Մարտիրոսյանը նշեց, որ ԿԳՄՍ նախարարը հայտնել էր, որ նպատակը ինստիտուտների ինքնակառավարումը ուժեղացնել է, իսկ օրենքի նախագծի հիմնավորման մեջ էլ նշված է, թե իբր այժմ ինստիտուտների ինքնուրույնությունը լիարժեք չէ: Ինստիտուտներում կայացած փակ քննարկումների ժամանակ քվերակություն կայացավ, որպեսզի հասկանան, թե արդյոք ինստիտուտները դժգոհում են և ցանկանում են դուրս գալ ակադեմիայից: Դրա արդյունքում պարզվեց, որ ինստիտուտների 90 տոկոսը կողմ են արտահայտվել ԳԱԱ-ի կազմում մնալուն և նշել են, որ գիտական արդյունքները հենց ԳԱԱ-ի շնորհիվ է ստացվել:
Ըստ ակադեմիկոսը՝ քանի որ մեր երկիրը տնտեսապես հզոր չէ, գիտությանը տրամադրվող միջոցները համեստ են եղել, սակայն մյուս կողմից մեր գիտությունը աշխարհում ճանաչված է գիտական հանրության կողմից:
Ռադիկ Մարտիրոսյանը բացասաբար է վերաբերում օրենքի նախագծի այն առաջարկին, որ ասպիրանտական տեղերը տրվեն բացառապես բուհերի տնօրինությանը. «Այդ օրենքի հեղինակները, եթե նախօրոք նախատեսել են, որ ակադեմիայի hամակարգում ինստիտուտները չեն լինելու, բայց որտեղ են լինելու՝ հայտնի չէ, դա նշանակում է, որ ասպիրանտական, գիտական խորհուրդներն ակադեմիական համակարգում չեն։ Հայտնի է, որ գիտական ինստիտուտների գիտական խորհուրդները ամենաբարձր մակարդակն են ունեցել և ունեն», - նշեց Մարտիրոսյանը:
ԳԱԱ նախագահը հայտնեց, որ 2018-19 թթ. ակադեմիայում անցկացվել են գիտական աշխատանքների արդյունավետության գնահատման գործընթաց, արդյո՞ք օպտիմալ են աշխատում, արդյո՞ք այն արդյունքները, որոնք ստացվում են, համապատասխանում է ժամանակակից գիտության նվաճումներին և այլն:
«Դրա շնորհիվ արվել են բազմաթիվ առաջարկներ, բարեփոխումներ, այդ արդյունավետությունը բարելավվելու համար: Դրանցից է օպտիմալացումը, երբ տարբեր ինստիտուտներ, որոնք իրենց գիտական ուղղվածությամբ մոտ են, միավորվեն: Նախագահության վարչակազմը բոլորը միասին հարյուր մարդ են, փոքր ինստիտուտի չափ է, ուրիշ ոչինչ: Անունն է հնչում այդպես ուղղակի», - անդրադառնալով ակադեմիայում նախատեսվող բարեփոխումներին՝ ասաց Մարտիրոսյանը, հավելելով, որ 21-րդ դարում գիտական լուրջ արդյունքների կարելի է հասնել միայն ուժերի համադրմամբ:
Միջազգային հեղինակավոր Scopus համակարգը, որը հավաքագրում է գիտության և կրթության ոլորտում վիճակագրական տվյալները ու աստիճանակարգում, վերջերս աշխարհի գիտական կազմակերպությունների ոլորտում անցկացրել էր ուսումնասիրություններ և աստիճանակարգել աշխարհի 10 հազար գիտական կազմակերպություն, որոնց մեջ մտնում են ակադեմիաներ, գիտական ինստիտուտներ և այլն։ Մեր ակադեմիան այդ ցուցակում գրավում է բավականին բարձր դիրք, 755-րդը՝ ի տարբերություն մեր հարևան երկրների։ «Այդ 10000-ից Հայաստանից կան 14 կազմակերպություններ, որոնցի 12-ը ԳԱԱ ինստիտուտներն են», - նշեց Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը հայտնեց, որ այժմ ակադեմիայի նախագահին ընտրում են ակադեմիկոսների ընդհանուր ժողովը: Բայց ակադեմիայի նախագահին կարող է նշանակել նաև երկրի ղեկավարը ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից առաջադրված 2-3 թեկնածուներից՝ հավասարակշռելով ինքնավարությունը:
Ակադեմիկոսը նշեց, որ այն օրենքի նախագծում, որը ներկայացվել է, ընդհանրապես չկա ակադեմիայի կարգավիճակի վերաբերյալ դրույթ. «40 էջանոց նախագծում ԳԱԱ-ի մասին ընդամենը 11 տող է գրված», - հավելեց ԳԱԱ նախագահը՝ նշելով, որ ակադեմիան դառնում է մասնագետների միավորում, հասարակական կազմակերպություն, որը խորհուրդ է տալիս մյուս կազմակերպություններին:
Անդրադառնալով նախագծի վտանգներին՝ Մարտիրոսյանը հիշատակեց Վրաստանի օրինակը, որի ակադեմիկոսները հայտարարում են՝ «մեր գիտությունը մահանում է», իսկ բոլոր այն երկրները որոնք ընդունել են նման օրենքներ, կամ հետ են վերադառնում ակադեմիական գիտության կամ զղջում են: «ԱԺ Կրթության և գիտության հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը նշել էր, որ 15 պատգամավորով գնացել են Վրաստան՝ ուսումնասիրելու վրացական փորձը, և այնտեղ վրացիներն ասել են՝ «մեր սխալները չանեք, թե չէ ձեր գիտությունը կմեռնի: 2018 թ. աշնանը՝ ԳԱԱ 75-ամյակին, Վրաստանի Ակադեմիայի փոխնախագահը մոտեցավ Փաշինյանին և ասաց «պրն. Վարչապետ, խնդրում եմ, խոսացեք մեր ղեկավարության հետ, որ վերադարձնի մեր ինստիտուտները», - նշեց ակադեմիկոսը:
«Սա է մեր հիմնական խնդիրը: Մեր համակարգում գոյություն ունի 34 ինստիտուտ, այդ ինստիտուտները աշխատում են և ստանում են գիտական արդյունքներ: Նախագիծը չի հիշատակում ինստիտուտների ճակատագրի մասին», - եզրափակեց Ռադիկ Մարտիրոսյանը: