Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ը հայտնել էր, որ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցներն ընդդեմ կառավարության մարտի 29-ի որոշման (դրանով ինստիտուտի մասնաշենքերից մեկը 25 տարվա վարձակալության հիմքով տրամադրվել է «ԱԶԱԴ ֆարմասյութիքլզ» դեղագործական ընկերությանը) ցույց էին անում կառավարության շենքի առջև:
Այսօր թեմայի առնչությամբ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների պատասխանատու, աշխատողների իրավունքների պաշտպանության գրասենյակի իրավաբան Սուրեն Պարսյանը, անդրադառնալով հարցի իրավական կողմին, ասաց որ 2019 թվականի մարտի 29-ին կառավարությունը գաղտագողի և շատ նուրբ այն ներառեց չզեկուցվող հարցերի շարքում և այս որոշումը կայացրեց, ըստ որի` ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի առաջին մասնաշենքն ամբողջությամբ հանձնվեց «ԱԶԱԴ» շվեյցարական դեղագործական ընկերությանը:
«Որոշման ընդունման հետ կապված ընթացակարգային լուրջ իրավական բացթողումներ կան: Մասնավորապես` կրթության և գիտության նախարարության եզրակացությունը, ըստ էության, հանձնաժողովի անդամների կողմից չի վավերացվել և կցված չէ որոշման նախագծին: Երկրորդ` հաշվի չեն առնվել ինստիտուտի կոլեկտիվի շահերը: Ինստիտուտն ուներ պայմանագիր, կոլեկտիվն էլ, ըստ այդ պայմանագրի, ստանում էր հավելավճարներ, լրացուցիչ աշխատավարձ, ամբողջ ինստիտուտը ստանում էր շահագործման պահպանման ծախսեր` համաձայն պայմանագրի: Այդ մասնաշենքի առաջին և երկրորդ հարկերը վերցնելով ու մասնավորին տալով` ինստիտուտի և կոլեկտիվի համար ստեղծվում են խնդիրներ: Սա կառավարության կողմից սխալ մոտեցում է, և այդ սխալի փոխհատուցումը որոշման մեջ որևիցե ձևով արձանագրված չէ: Եթե այս մարդկանցից վերցնում ենք լաբորատորիաները, ապա իրենք իրենց ստանձնած պարտավորություններն ինչպե՞ս են կատարելու: Մենք կանգնում ենք պայմանագրի չկատարման վտանգի առջև: Երրորդ` 2014 թվականին մասնաշենքի երրորդ հարկը արդեն իսկ տրամադրվել էր վերոհիշյալ շվեցարական ընկերությանը: Հարկի ընդհանուր մակերեսը մոտավորապես 500 քառ. մետր է, որի վարձակալության ամսական արժեքը կազմում է 790.000 ՀՀ դրամ: Սա մուտք էր գործում ինստիտուտի բյուջե, ինչով էլ այն լուծում էր բազմաթիվ սոցիալական, տնտեսական, կազմակերպական խնդիրներ: Հիմա որոշվել է, որ երեք հարկերի համար կվճարվի 1.200.000 ՀՀ դրամ: Մեկ հարկը տրամադրվում է 800.000 դրամով, երբ, ըստ էության, պետք է այդ վարձակալության վճարը երեք անգամ թանկանար: Ըստ կառավարության որոշման` այդ գումարը ոչ թե ուղղվելու է ինստիտուտին, այլ գնալու է պետական բյուջե: Այս դեպքում ևս վնաս է հասցվում ինստիտուտին և աշխատողներին: Եթե մեր նպատակն է ամեն գնով պետական բյուջե լցնել, ապա` սա ուրիշ, բայց մենք կարևորում ենք գիտությունը, կրթությունը»,- ասաց Պարսյանը:
Նա կարևորեց մի խնդիր ևս` կան կոռուպցիոն ռիսկեր, քանի որ կառավարությունն ուղղակի եղանակով ամբողջ մասնաշենքը հանձնել է շվեյցարական դեղագործական ընկերությանը: «Հայաստանում գործում ենք բազմաթիվ դեղագործական ընկերություններ: Ինչո՞ւ հենց այս ընկերությանը և երեք անգամ ցածր վարձավճարով: Միայն նշեմ, որ այս ընկերությունը ստանձնել է պատսվորություն` երրորդ մասնաշենքում կիրականացնի 300.000.000 դրամի չափով ներդրում, բայց այդ նախագիծը որոշման նախագծի հետ ներկայացված չէ: Այն նշում է, որ 10 լաբորատորիա պետք է ստեղծվի, բայց թե դրանք ի՞նչ հագեցվածություն և տեխնիկա պիտի ունենան, նշված չէ,- ներկայացրեց բանախոսը:
Նա հավելեց, որ «ԱԶԱԴ»-ը խոստացել է ներդրումներ կատարել դեղագործության ոլորտում, և կառավարության հետ հիմա քննարկվում է Աջափնյակ վարչական շրջանում նրանց մեկ ամբողջական շենք տրամադրելու հարցը: «Հիմա` այս մարդկանց կազմակերպությունը պարտադրում է այն մարդկանց տեղափոխվել այս լաբորատորիաներից, իսկ հետագայում` 4-5 տարի հետո, կարող է իր գործունեությունն այլ տեղում շարունակել: Սա ճիշտ ու երկարաժամկետ մոտեցում չէ: Եթե մեր նպատակն է ամեն գնով պահել այս ընկերությանը Հայաստանում` հանուն ապագայում նախատեսվելիք 20 միլիոն դրամի ներդրման, ապա կառավարությունը պետք է վերանայի իր որոշումը ու չեղարկի այն և նոր հանձնախումբ կյանքի կոչի` հասկանալու համար խնդիրները և պատճառահետևանքային կապերը: Եթե այս մարդկանց տեղափոխում են, այդ ծախսերն ո՞վ է հոգալու: Ինստիտուտը նման ֆինանսական միջոցներ չունի, մարդիկ ևս չունեն»,- նշեց Պարսյանը:
Ըստ նրա` նախորդ կառավարությունը տարիներ շարունակ պնդում էր, որ պետական ընկերություններն անարդյունավետ են գործում, մինչդեռ գիտական կենտրոնի աշխատակիցներն իրենց ստեղծագործ աշխատանքով գալիս են ապացուցելու հակառակը: «Նրանք ունենք գիտական, կրթական, արտադրական ոլորտում հաջողություններ: Հիմա ղեկավարությունը հարվածում է նրանց: Սա պետք է լավագույն օրինակներից մեկը լինի մեր պետական հատվածի համար, որ կարող է արդյունավետ գործել ու մեծ գումարներ ստանալ դրա դիմաց: Հիմա այս մարդիկ 400.000 ԱՄՆ դոլարի մասնավոր պատվերներ ունեն, որոնք լաբորատորիաների տեղափոխման հետևանքով կարող է չիրականանալ»,- ասաց Պարսյանը:
Հարցին, թե ի՞նչ կլինի կառավարության որոշման չչեղարկման դեպքում, նա պատասխանեց. «Այս մարդիկ կրելու են վնասներ, քանի որ ստանձնել են պայմանագրային պարտավորություններ, ինչի չկատարման դեպքում դիմելու են կառավարություն` վնասի փոխհատուցման պահանջով: Կա այլ հարց` ինչպե՞ս են այս մարդիկ շարունակելու իրականացնել իրենց ծառայություններն արդեն նոր իրավիճակում: Սրանք լուրջ խնդիրներ են: Կառավարությունը պետք է այս ամենը քննարկի ու պատասխան տա: Սա պիտի մինչ որոշում կայացնելն արվեր: «ԱԶԱԴ» ընկերությունը որևէ պարտավորություն չի կրում այս մարդկանց ծախսերը հոգալու համար: Իրականում, այս իրավիճակը նույնն է, թե տարվա կեսին ԵՊՀ-ից որևէ շենք վերցնեն ու տան ուրիշին»:
Թե ինչո՞վ է պայմանավորված այս խնդրի առկայությունն ու, առհասարակ, ին՞չ է սպասվում ապագայում` ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի ղեկավար Վիգեն Թոփուզյանը չկարողացավ ասել: «Դա մենք չենք նախաձեռնել, այլ` կառավարությունը: Հարցը պետք է նրանց ուղղել: Խնդիրն այն է, որ կազմակերպությունը, որը ինստիտուտի շենքերից մեկը վերցնելու հավակնություն ունի, հաշվի չի առնում, որ այդ մասնաշենքում մարդիկ են աշխատում: Այսօր այդ մասնաշենքումգործում է երկու լաբորատորիա` մարդկային միավորներով հագեցած գիտական խումբ, այնինչ շատերի կողմից լաբորատորիան միայն որպես սենյակ է ընկալվում: Մենք, լինելով պետական կազմակերպություն, ամեն ինչ անում ենք, որ այն գոնե պահպանվի, և հնավորության դեպքում առաջ գնանք»,- ասաց նա:
Ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Ռաֆայել Թամազյանն էլ կարծում է, որ հարցին պետք է ավելի գլոբալ նայել: Նա այն կարծիքին է, որ Խորհրդային միությունից Հայաստանը ժառանգել է լավ գիտական համակարգ, բայց այն զարգացնելու փոխարեն ՀՀ յուրաքանչյուր կառավարություն փորձեց «նեղել գիտությանը»: «Մենք դառնում ենք «բանանային հանրապետություն»: Այս պարագայում մենք ոչինչ չենք ունենալու` ո’չ արտադրություն և ո’չ էլ գիտություն»,- եզրափակեց նա: