Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Այլազգի արցախցիներ» նախագիծ-շարքի հերոսն այս անգամ ազգությամբ ռուս, ռուսաց լեզվի ուսուցչուհի եւ դասախոս Եկատերինա Դուբինինա-Ավետիսյանն է:
Կոմերիտական ուղեգրով Ռուսաստանի Ուստ-Իլիմսկ քաղաքում ռուսաց լեզու դասավանդող Եկատերինա Դուբինինայի ու նկարիչ Կարմեն Ավետիսյանի հանդիպումն առաջին իսկ վայրկյաններից կանխորոշում էր ամուսնության ավարտակետը: Ծննդով Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքից Կարմենը Եկատերինային տեսնելուն պես հասկացավ՝ բարութան, մարդասիրության ու հոգատարության մարմնացում աղջիկը իրական հարսնացուն է հյուսիսից:
«Ծանոթության պահից Կարմենը զգուշացրել եւ բացատրել է ինձ, որ մենք Արցախում ենք ապրելու, հայկական ավանդույթներով ու հայեցի ապրելակերպով: Նա ինձ չի խաբել, լավ կյանքի խոստումներ չի տվել. հասկանում էի՝ ում հետ գործ ունեմ եւ ուր եմ գնում: Համոզված էի, որ ամեն ինչ լավ է լինելու, որովհետեւ նա շատ դաստիարակված, քաղաքավարի ու խելացի երիտասարդ էր՝ մյուսիներից տարբերվող»,- ասում է Եկատերինան:
Ռուս եւ հայ ազգության հատման այս պատմության դեպքում խտրական վերաբերմունք չեղավ: Եկատերինայի ծնողները միայն զգուշացրել են՝ հայերի ընտանիքի մոդելն այլ է, եթե պատրաստ ես այդ կյանքին՝ որոշումը քոնն է:
Եվ որոշումը չուշացավ: Ամուսնացան Ուստ-Իլիմսկում եւ մեկնեցին Արցախ 1980-ին:
Արցախ գալով՝ Եկատերինան ու Կարմենը նախ մի քանի ամիս ապրել են Սարուշենում՝ Կարմենի ծնողների հետ: Նիհարիկ, կապուտաչյա ու ռուսախոս հարսը դեպի Ավետիսյանների տուն է սեւեռել համագյուղացիների ուշադրությունն ու հետաքրքրասիրությունը: Հետազոտման փուլը, սակայն, երկար չտեւեց. գյուղխորհուրդը միաձայն հաստատեց՝ Կարմենի ընտրությունը ճիշտ էր:
Կես տարի Սարուշենում ապրելուց հետո Եկատերինայի ու Կարմենի ծնողները տուն են գնել Ստեփանակերտում. նորապսակները տեղափոխվել են մայրաքաղաք: Կարմենն աշխատանքի է անցել գեղանկարչական աշխատարանում, իսկ Եկատերինայի մասնագիտական աշխատանքն ուշանում էր. ստիպված եղավ մեկ տարի աշխատել գյուղատնտեսության ոլորտում, հետո եւս 6 տարի՝ մանկապարտեզում: Բայց այդտեղ համբերությունը սպառվեց: Մեղմի եւ զիջողի բնավորության գծերը տանը թողնելով՝ Եկատերինան իր հետ է վերցրել դասավանդելու վճռականությունը եւ այցելել կրթության նախարարություն՝ ռուսերեն դասավանդելու ցանկություն-պահանջը հայտնելու:
Եվ այստեղ եւս չի սխալվել՝ իր համար հարթելով Արցախում դասավանդելու ճանապարհը՝ նախ Ստեփանակերտի 10-րդ դպրոցում, հետո՝ 11-րդ դպրոցում, որոշ ժամանակ անց՝ նաեւ Շուշիի կիրառական արվեստի ինստիտուտում:
«Արցախի եւ Ռուսաստանի դասավանդման մեթոդները տարբեր են: Ես իմ մասնագիտական աշխատանքում կիրառում եմ Ռուսաստանի մեթոդը: Ուսուցիչը պետք է մասնակից լինի աշակերտի կյանքին ոչ միայն դասաժամին, եւ ծանոթ լինի նրա ծնողներին, որովհետեւ աշակերտը դպրոցում մի ձեւ է իրեն դրսեւորում, մեկ այլ ձեւ՝ տանը, եւ լրիվ ուրիշ ձեւ՝ դրսում: Նրա հոգեբանությունն ընկալելու համար պետք է լիարժեք հասկանալ նրա առօրյան եւ աշխատանքդ ճիշտ կազմակերպել,- ասում է Եկատերինա Ավետիսյանը եւ վստահեցնում, որ նույնիսկ ամենաաղմկոտ ու չար աշակերտին հնարավոր է սիրով կարգի հրավիրել,- Աշակերտները զգում են, թե ուսուցիչն ինչ վերաբերմունք ունի իրենց նկատմամբ: Եթե սեր ու ջերմություն են զգում՝ սիրում են ուսուցչին, նրա միջոցով էլ՝ դասավանվող առարկան, եթե անտարբերություն են զգում՝ անտարբեր են նաեւ առարկայի նկատմամբ: Ճիշտ է, ինձ երբեմն ասում են, որ ես խիստ չեմ եւ ինչ-որ տեղ սխալ եմ անում, բայց ես այդպես չեմ կարծում: Սերն ու ջերմությունն են իմ դասավանդման մեթոդը, իսկ իմ ճիշտ լինելու փաստը աշակերտներիս սերն է իմ հանդեպ»:
«Մենք 5 քույր ենք՝ բոլորս տարբեր բնավորությամբ: Ես քույրերից ամենամեղմ բնավորություն ունեցողն եմ: Մտածում եմ, որ իդեալական մարդ չկա, եւ ոչ էլ ես եմ իդեալական, դրա համար էլ միշտ սիրել եւ ներել եմ դիմացինին: Ընտանիքի հարցում էլ եմ նույն կարծիքին: Ես միշտ մտածել եմ, որ կինն ինչ-որ տեղ պետք է լսող, համակերպվող լինի, եւ չեմ սխալվել: Իմ ամուսինը ուժեղի, որոշողի դերում էր, ես սիրողի ու համակերպվողի: Մեր համատեղ 40 տարիների երջանիկ կյանքը միմյանց դերերը սիրելու եւ հարգելու արդյունք է, ընտանիքը ճիշտ մոդելով կառուցելու արդյունք»,- պատմում է Եկատերինա Ավետիսյանը:
Հենց սկզբից բաշխելով ընտանիքում յուրաքանչյուրի դերը՝ Եկատերինան ու Կարմենն անցել են ընտանիքի կառուցման գործնական փուլին՝ 4 զավակներին՝ Մետաքսեին, Ծովինարին, Նախշունին ու Մարզպետին դաստիարակելով որպես խելացի, բարի, պարկեշտ քաղաքացիներ:
Երեխաների հին հայկական անունների հարցը եւս առանց տարակարծությունների է որոշվել: Առաջին դստեր անունը Կարմենն է դրել. Եկատերինան առարկություններ չուներ: Երկրորդ դստեր անունը նշանակելու որոշումը Կարմենը կնոջն է տվել՝ մեկ պայմանով, սակայն, հայկական անուն լինի:
«Ոչ հայկական անուն այդ ժամանակ իմ մտքով չէր անցնում, քանի որ երկրորդ դուստրս ծնվել է մանկապարտեզում աշխատելուս տարիներին, որտեղ մի շատ սիրունիկ աղջնակ էր հաճախում ՝ Ծովինար անունով: Այդ աղջկան ես շատ էի սիրում ու հենց նրա պատվին եմ երկրորդ դստերս անունը դրել»,- պատմում է Եկատերինան:
Դաստիարակությունը նույնպես համահունչ էր զավակների անուններին: 4 զավակները դաստիարակվել են հայեցի. հաճախել են հայկական մանկապարտեզ, դպրոց եւ համալսարաններ: Բացի այդ, զավակներից Ծովինարն, օրինակ, մասնագիտացել է նաեւ ազգագրական պարերում եւ այսօր ազգագրական պարեր է դասավանդում Սանկտ-Պետերբուրգում:
«Ամուսինս հենց սկզբից հասկացրել էր, որ երեխաները հայկական դպրոցում են սովորելու եւ հայկական դաստիարակություն են ստանալու: Սկեսրայրս ռուսերենի մասնագետ էր, բայց նաեւ հայերեն հոդվածներ, բանաստեղծություններ էր տպագրում թերթերում: Ամուսինս ասում էր, որ իր զավակները պետք է հայերեն ընթերցեն իրենց պապիկի աշխատանքները: Սկզբից դժվար էր համակերպվել, բայց հետո գիտակցեցի, որ ինչքանով որ երեխաներս կրում են ռուսական գեներ, նրանք, միեւնույն է, հայ են, հայկական ազգանուն ունեն, որի հետ Նատաշա, Օլյա անունները կամ ռուսական դաստիարակությունը վայել չեն»,- պատմում է 4 զավակների մայրը:
Եկատերինա Դուբինինա-Ավետիսյանն ակտիվ գործունեություն է ծավալել նաեւ Արցախյան շարժման տարիներին՝ ելույթներ ունենալով տարբեր հարթակներից եւ պաշտպանելով հայկական շահերը:
«Շարժման, պատերազմի տարիներին Ռուսաստան տեղափոխվելու առաջարկները եւ խնդրանքները շատ էին իմ հարազատների կողմից, սակայն իր ներկայությունն Արցախում անհրաժեշտություն էի համարում: Մտածում էի, որ այդ օրերին իմ՝ ազգությամբ ռուս կնոջ ներկայությունը ինչ-որ չափով կոգեւորի արցախցուն՝ մնալ իր հողում եւ հաղթանակել պատերազմը,- պատմում է Եկատերինա Դուբինինան եւ նշում, որ հետաքրքիր կյանք է ապրել՝ հրապարակումներից ու հանրայնացումից խուսափելով,- Ես չունեմ իմ ելույթներից ոչ մի ապացույց, քանի որ նկարը կամ տեսագրությունը կարեւոր չէր ինձ համար: Ես իմ փոքր օգնությունն եմ բերել իմ սիրած, տաղանդավոր, բազմաչարչար ու հերոսական ազգին, եւ դա է կարեւորը»:
Եկատերինա Դուբինինա-Ավետիսյանը խոստովանում է, որ նրան այդպես էլ չի հաջողվել ամբողջությամբ սովորել հայերեն լեզուն, սակայն վստահ է, որ հայերի նկատմամբ իր մեծ սերն ինչ-որ տեղ այդ թերացումը մեղմացնող հանգամանք է:
«Իմ ամուսնու արմատների նկատմամբ ես միշտ հարգանքով եմ վերաբերվել, սիրել եմ հայ ազգին եւ ինձ էլ այս ազգի մասնիկ եմ համարում: Առաջին կրոնը, առաջին այբուբենը, առաջին գունավոր հեռուստացույցը հայ ազգի ներկայացուցիչների գյուտ է, եւ հայերը պետք է ապրեն իրենց հողում՝ էլ ավելի զարդարելու եւ գյուտերով ազգը հարստացնելու: Ինչպես իմ երեխաներին եմ հայրենասիրական ոգով դաստիարակել, այնպես էլ դպրոցում եմ իմ աշակերտներին հորդորել եւ սովորեցրել հպարտանալ իրենց ազգությամբ: Ինչքան էլ որ ես կուրծք ծեծեմ հայերի համար, Ռուսաստանն է իմ հայրենիքը, բայց ես ինչ-որ տեղ երջանիկ մարդ եմ, որ կյանքն ինձ կապել է Արցախին, եւ այն դարձել է իմ հայրենիքը»,- ասում է Եկատերինա Դուբինինա-Ավետիսյանը:
Լուսինե Թեւոսյան