Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ նախագահի օգնական Վլադիսլավ Սուրկովի հետ հանդիպումից հետո հոկտեմբերի 19-ին Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Թաբիլովը հայտարարել էր, թե մտադիր է երկրում հանրաքվե նախաձեռնել` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու հարցով: Պաշտոնական Թբիլիսին այդ հայտարարությունը որակեց պրովոկացիոն: Վրաստանի փոխարտգործնախարար Գիգի Գիգիաձեն հայտարարել է, թե նախկինում ևս Ցխինվալիից նման ցանկություններ հնչել են և այն հանգամանքը, որ դրա մասին խոսվում է նորից, վկայում է Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի վարած պրովոկացիոն, անհետևողական քաղաքականության մասին: Նա նաև հավելել է, թե նման հանրաքվեն որևէ իրավական հիմք ունենալ չի կարող, և միջազգային հանրությունը երբեք դրա արդյունքները չի ճանաչի:
Թբիլիսին Թաբիլովի հայտարարությունը ռուսական պրովոկացիա համարելու բավականաչափ լուրջ հիմքեր ունի: Նախ` Հր. Օսիայի նախագահը հանրաքվե անելու հնարավոր նախաձեռնության մասին խոսել է ՌԴ նախագահի օգնականի հետ հանդիպումից հետո, ինչը ենթադրել է տալիս, որ նման հայտարարության հնչեցումը` անկախ դրա կենսագործման իրատեսականությունից, առնվազն համաձայնեցվել է Սուրկովի, ի դեմս նրա` Կրեմլի հետ: Երկրորդ` այս տարվա մարտին Ռուսաստանը ինչպես Աբխազիայի, այնպես էլ Հր. Օսիայի հետ ստորագրեց դաշնակցության և ինտեգրացիայի մասին համաձայնագիրը, որի ողջ իմաստը Հր. Օսիային իր ռազմական, ֆինանսական և սոցիալական հովանավորության տակ առնելն էր, փաստացի` Հր. Օսիայի դե ֆակտո կցումը Ռուսաստանին: Այս տեսակետից Թաբիլովի հայտարարությունն ընդամենը առկա իրողության դե յուրե ամրագրման նախաձեռնություն է հիշեցնում: Հատկապես միջազգայնորեն չճանաչված հանրաքվեի արդյունքների հիման վրա Ռուսաստանին Ղրիմի կցման ֆոնին, թե Աբխազիայում և թե Հր. Օսիայում նման օպերացիայի իրականացումը չի կարող անհնարին թվալ:
Եվ վերջապես երրորդ` Ռուսաստանը վերջին շրջանում հատկապես Հր. Օսիայի ուղղությամբ Վրաստանին մեղմ հարվածներ հասցնելու քաղաքականություն է իրականացնում: Այս տարվա հունիսին, ըստ պաշտոնական Թբիլիսիի, Ցիտելուբանի և Օրչոսանի գյուղերի հատվածում վրաց-հարավօսական սահմանագիծը դեպի Վրաստանի տարածքի խորքը առաջ էր տրվել մոտ 300 մետրով: Արդյունքում Բաքու-Սուպսա նավթամուղի` այդ տարածքով անցնող հատվածը հայտնվել էլ վրաց–հարավօսական սահմանի անվտանգությունը 2008-ից ի վեր պահպանող ռուսական ռազմական ուժերի վերահսկողության տակ: Չնայած Թբիլիսին նոտա հղեց ՌԴ ԱԳՆ-ին, սակայն սկանդալն ավելի չխորացրեց` թերևս չցանկանալով վնաս հասցնել հարաբերականորեն կայունացող ռուս-վրացական հարաբերություններին:
Ռուսաստանին միանալու հանրաքվեի մասին Թաբիլովի հայտարարությունը, սակայն, չի նշանակում, թե Հարավային Օսիայի, այսպես կոչված «ղրիմականացման» քաղաքական որոշում է կայացվել, կամ նման գործընթաց առաջիկայում տեղի կունենա: Այդ մասին է վկայում Հր. Օսիայի նախագահի հայտարարությանը պաշտոնական Մոսկվայի` սպասվածից ավելի զուսպ և անորոշ արձագանքը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այդ կապակցությամբ ընդամենը նշել է, թե չնայած ՌԴ-ն ճանաչել է Հր. Օսիայի անկախությունը և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ են գործում, սակայն Թաբիլովի և Սուրկովի հանդիպման ժամանակ նման հարց չի քննարկվել: Այլ կերպ ասած` Պեսկովը հասկացրել է, որ այդ նախաձեռնությունը չի գալիս Կրեմլից` միաժամանակ առկախված թողնելով երբևէ Հր. Օսիայի` Ռուսաստանին միանալու հնարավորության խնդիրը:
Սա նշանակում է, որ Ռուասստանը ցանկանում է ոչ թե հիմա սկսել Հր. Օսիան կամ Աբխազիան իրեն կցելու գործընթացը, այլ ցույց տալ, որ հարցը եղել ու մնում է իր օրակարգում, և որ ցանկացած պահի դա կարող է տեղի ունենալ: Չի բացառվում, որ սա արվում է Սիրիայի, Ուկրաինայի ճգնաժամերի հարցում իր բանակցային դիրքերն ուժեղացնելու, փոխզիջումների, քաղաքական առևտրի դաշտը մեծացնելու նկատառումով:
Անկախ դրանից, սակայն, նման սրացումները միշտ խնդիրներ են հարուցում ռուս-վրացական հարաբերություններում, որը ցանկացած պարագայում վատ անդրադարձում է ունենում առաջին հերթին Հայաստանի վրա: Թերևս պատահական չէ, որ երբ ամռանը ծագեց հարավօսական սահմանները Վրաստանի տարածքի հաշվին ընդլայնելու խնդիրը, Հայաստանը Ռուսաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ցամաքային միջանցքը հանդիսացող Վերին Լարսի անցակետում ժամանակային սահմանափակումներ մտցվեցին ավտոմեքենաների ելումուտի համար: Կարծես հատուկ ընդգծելու համար գիշերային ժամերին անցակետը փակելու որոշման քաղաքական դրդապատճառները, որի հետևանքով թե ռուսական և թե վրացական կողմերում հայաստանյան ավտոմեքենաների հերթերն սկսեցին ձգվել կիլոմետրերով, Թբիլիսին բերեց այն պատճառաբանությունը, թե անցակետը փակվում է լեռներում սառույցի և ձյան հալչելու հետևանքով հնարավոր սողանքների վտանգից խուսափելու և սահմանապահ ոստիկանության պահանջի հիման վրա:
Այսինքն ակնհայտ է, որ հարավօսական նոր հնարավոր ճգնաժամի, անգամ դրա նախադրյալների ստեղծման պարագայում առաջինը Հայաստանն է սկսելու վնասներ կրել թե տնտեսապես, և թե քաղաքականապես: Մոսկվայում հաշվի չի առնում անգամ այն հանգամանքը, որ Վրաստանը, ուզեն թե չուզեն, հանդիսանում է Հայաստանը նաև ԵՏՄ տարածքին կապող միակ օղակը, առանց որի առհասարակ իմաստազրկվում է այդ կազակերպությանը Հայաստանի անդամակցությունը: Սա առավել քան լուրջ փաստարկ ու լծակ է` փորձելու Վրաստանի և Ռուսաստանի միջև միջնորդի դեր ստանձնելու համար, քանի որ ակնհայտ է, որ ԵՏՄ-ից դուրս պրծնելու, անիվը ետ շրջելու հնարավորություն չկա ու չի տրվելու: Դրան նպաստում է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու վրացական ներկայիս իշխանությունների անթաքույց ձգտումը, որը վերջին շրջանում դրսևորվում է «Գազպրոմ»-ից ներքին սպառման գազ ներկրելու շուրջ բանակցություններ սկսելու փորձերով:
Հարցն այն է, սակայն, թե ցանկանու ՞մ է այդ դերը, հանուն իր շահերի, ստանձնել Երևանը, թե ՞ ոչ: Նախորդ ողջ ժամանակահատվածում դիտորդի կարգավիճակի որդեգրումը վկայում է, որ Երևանում դրա մասին անգամ չեն էլ մտածում:
Գևորգ Աղաբաբյան