կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-17 17:11
Առանց Կատեգորիա

Չեմ բացառում, որ կառաջադրվեմ որպես ԵՊՀ ռեկտորի թեկնածու. Ռ. Մելքոնյան

Չեմ բացառում, որ կառաջադրվեմ որպես ԵՊՀ ռեկտորի թեկնածու. Ռ. Մելքոնյան

«Ես դեռ հայտարարություն չեմ արել, բայց չեմ բացառում, որ կառաջադրվեմ, հիմա ուսումնասիրում եմ իրավիճակը, որոշ խնդիրներ, իրողություններ կան, դրանք գնահատելուց հետո կորոշեմ՝ առաջադրվե՞լ, թե՞ ոչ»,- Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ԵՊՀ ռեկտորի առաջիկա ընտրություններին իր հնարավոր թեկնածությանը, ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը:

Մելքոնյանը չի ժխտում, որ համալսարանում կան որոշ խնդիրներ ու տարաձայնություններ, բայց գտնում է, որ դրանք մատնանշելուց բացի, պետք է տեսնել նաև դրականը: Նա գտնում է, որ համալսարանը կարևոր գործառույթներ ունի, բնականաբար խնդիրներն այստեղ ավելի ցայտուն են դրսևորվում և հասրակակական ուշադրության  արժանանում:

«Կարծում եմ՝ մի շարք հարցեր կան, որոնք անթույլատրելի են, և համալսարանը պետք է փորձի վերականգնել անկախ, մտավորական կարծիք տալու,  խոսքի, մտքի ազատության, առողջ մրցակցության կաճառ լինելու իր գործառույթները: Սակայն, կարծում եմ, որ բավական լուրջ ներուժ կա, և խնդիրները, որոնք բազում են, հերթականությամբ կարելի է լուծել՝ ցանկության և կամքի առկայության դեպքում»:

Փորձեցինք ճշտել՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևոգյանի գործունեությունը գոհացրե՞լ է Մելքոնյանին, թե՞ ոչ.

«Որոշ աշխատանքիային խնդիրներ կային, որոնք պարոն Գևորգյանը կարողացավ աշխատանքային հունի մեջ գցել, որոշ խնդիրներ էլ կային, որոնք, ցավոք, չհաջողվեցին, և որոշ անջրպետներ ավելի խորացան: Ակնկալիք ունեի, որ այս ընթացքն ավելի անցնցում կլինի և մթնոլորտը բարելավելուն ու կոնֆլիկտները հարթելուն ուղղված, ցավոք սրտի դրանք ավելի խորացան և տեսանելի դարձան»,- ափսոսանքով ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Անցյալ տարեվերջին համալսարանի ուսխորհրդի նախագահին բերման ենթարկելու երևույթը նույնպես անընդունելի է եղել Մելքոնյանի համար.

«Դա ոչ ճիշտ վերաբերմունք էր, և եթե կուզեք, այո՛, ոնձգություն կոնկրետ անձի՝ Դավիթ Ափոյանի նկատմամբ, ով շատ պարկեշտ ուսանող է և շատ պարկեշտ վարք է  դրսևորել: Կարող եմ ասել, որ նա վայելում է դասախոսների և ուսանողների ճնշող մեծամասնության բացահայտ համակրանքը: Այդ երևույթը հարիր չէ ակադեմիական մթնոլորտին և, ընդհանարապես, տարբեր երկրներում կան չգրված օրենքներ, որ նման մեթոդներով ակադեմիական կառույցներում գործողություններ չեն իրականցվում, մանավանդ, որ Դավիթ Ափոյանը հաստատ չուներ հետապնդվող հանցագործի ստատուս»,- փաստեց արևելագիտության ֆակուլտետի դեկանն՝ ավելացնելով, որ այդ արարքը խիստ քննադատելի է, և համալսարանի ու համապատասխան կառույցների պատասխանատուները պետք է հետամուտ լինեն և պատասխան պահանջեն:

«Ես, որպես անձ և որպես դեկան, այդ լուրը լսելուց անմիջապես հետո գնացել եմ Ուսխորհուրդ և իմ աջակցությունը հայտնել: Հետո քննարկում, որպես այդպիսին, ցավոք չեղավ, որպեսզի այդ հարցն արծարծվի: Դավիթն էլ, երևի իր պարկեշտությունից ելնելով, հարցը չբերեց գիտխորհուրդ: Այնուամենայնիվ, դատապարտող հայտարարություններ ԵՊՀ-ից եղան, ճիշտ է ուշացումով, բայց եղան», - նշեց Ռ. Մելքոնյանը:

Հայագիտական առարկաների մասին նույնպես հստակ է Արևելագիտական ֆակուլտետի դեկանի մոտեցումը: Նա գտնում է, որ հայագիտական առարկաները պարտադիր են, բայց ոչ այն մեթոդոներով, ինչպես ուսուցանվել են առաջ:

«Իմ տեակետները չեն փոխվել. Հայաստանում հայագիտական առարկաները պետք է ունենան բացառիկ կարգավիճակ, բայց դա չի նշանակում, որ այդ առարկաների ուսուցումը պետք է շարունակվի հին մեթոդներով՝ ոչ մի նորամուծություն չարվի և այլն, դավասանդման ոճը և մեթոդները կարիք ունեն թարմացման: Բայց ուսուցման ծրագրերի թերությունները թույլ պատճառ են այդ առարկաների բացառիկությունը կորցնելու: Ըստ օրենքի նախագծի՝ այդ առարկաների ուսուցումը դառնալու է ֆակուլտատիվ, բայց ես գտնում եմ, որ այդ առարկաները պետք է օրենքով, ինչ-որ իրավական փաստաթղթերով ստանան բացառիկության կարգավիճակ»,- պնդում է Մելքոնյանը:

Yerkir.am-ի այն հարցին՝ եթե ինքը ընտրվի ԵՊՀ ռեկտոր, համալսարանում պարտադիր կդարձնի՞ հայագիտական առարկաների ուսուցումը, թե՞ ոչ, Մելքոնյանը պատասխանեց.

«Այդ ամենը պետք է օրենքով սահմանված լինեն, բայց, այնուամենայնիվ, այն լիազորությունը, որոնք ունի ռեկտորը, պետք է լիովին ի սպաս դրվեն հայագիտության առարկաների և հայկական ինքնությանը միտված առարկաների բացառիկ կարգավիճակը, բարձր մակարդակը ապահովելու համար: Անկախ նրանից, ով կլինի ռեկտոր, սա պարտադիր է: Իսկ իմ տեսակետները, անկախ զբաղեցրած պաշտոնից և ակնկալիքներից, նույնն են մնում. հայագիտությանը, հայկական ինքնությանը վերաբերող խնդիրները սակարկման ենթակա չեն: Որևիցե պաշտոն չի կարող ստիպել, որպեսզի այդ դիրքորոշումը փոխվի, հայագիտության, հայկական ինքնության և ազգային արժեքների հանդեպ մեր հավատարմությունը նվազի կամ ստորադասվի ինչ-ինչ իրավիճակների կամ ինչ-ինչ պաշտոնների»,- եզրափակեց Ռուբեն Մելքոնյանը:

Գևորգ Գյուլումյան