կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-02-21 14:25
Հասարակություն

Տեսնում եմ ԵՊՀ ռեկտորի հրաժարականը` որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական. ԿԳ նախարար

Տեսնում եմ ԵՊՀ ռեկտորի հրաժարականը` որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական. ԿԳ նախարար

ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և, առհասարակ, բարձրագույն կրթության ոլորտում: ԵՊՀ-ն ինքը թող որոշի՝ ուզո՞ւմ է ունենալ այդպիսի ռեկտոր. կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը։

Լրագրողները մեջբերեցին ԵՊՀ ռեկտորին, ըստ որի` նախարարն է պահանջել իր հրաժարականը և սպառնացել, թե քանի ԵՊՀ ռեկտորն ինքն է, ԵՊՀ 100-ամյակի միջոցառումների կազմակերպման հանձնաժողով չի ստեղծվի: Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Այս տարվա հունվարի սկզբին Արամ Սիմոնյանի հետ խոսելուց հետո ես անձամբ եկել եմ վարչապետի մոտ ու նրան ներկայացրել, որ ԵՊՀ 100-ամյակը պետք է նշենք։ Վարչապետից հատուկ հանձնարարական եմ ստացել ԵՊՀ 100-ամյակը մեծ շուքով նշելու վերաբերյալ։ Հանձնաժողովն այս պահին ստեղծված չէ, որովհետև ես նաև ղեկավարում եմ Թումանյանի ու Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովները: Նա ակնհայտ սուտ է ասել, որ նման պայման է իր առջև դրվել, թե` 100-ամյակը չի լինելու, որովհետև դու ռեկտոր ես։ Իսկ նման հապճեպություն ու խուճապ է նրա մոտ առաջացել, որովհետև նախորդ օրը, ըստ երևույթին, նրան հայտնի է դարձել, որ հաջորդ օրը քրեական գործեր են հարուցվելու»:

Լրագրողների հարցին` այնուամենայնիվ, իր կողմից Արամ Սիմոնյանին հրաժարական տալու հորդոր եղե՞լ է, նախարարը պատասխանեց.
«Դա եղել է երկար խոսակցության արդյունք, մոտ 1,5 ժամ է այդ խոսակցությունը տևել, ինչպես և հայտնի հոգևորականի հետ զրույցն ավարտվել է ձեռքսեղմումով և միմյանց հաջողություն մաղթելով։ Ես կարծում եմ, որ պարոն ռեկտորն այստեղ շատ ակնհայտ մանիպուլյացիաների է դիմում իր ղեկավարման տարիների հետ կապված հարուցված քրեական գործերն ինչ-որ ձևով քաղաքականացնելու համար։ Բուհերն ապաքաղաքական են, ու քաղաքական որևէ ճնշում լինել չի կարող։ Այսօր այդ օրինակը բերել եմ՝ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի ղեկավարը և վարչության պետեր կան, որոնք ՀՀԿ անդամ են ու նրանց հետ շատ նորմալ ու շատ լավ աշխատում ենք, այսինքն՝ եթե այստեղ քաղաքական խնդիր լիներ, նրանք վաղուց չէին աշխատի: Իմ հորդորն այդ իրադարձության հետ կապված եղել է այն, որ 100-ամյակով մենք շատ հստակ ուղերձներ ենք հղելու ինչպես մեր ներքին լսարանին, այնպես էլ՝ արտաքին լսարանին ԵՊՀ-ի և մեր բարձրագույն կրթության առաջնահերթությունների ու զարգացման վերաբերյալ, և, քանի որ Արամ Սիմոնյանն ասոցացվում է բազմաթիվ բացասական երևույթների հետ, որոնք գոյություն են ունեցել ԵՊՀ-ում և առհասարակ՝ բարձրագույն կրթության ոլորտում, այս շրջանակներում է եղել իմ մտահոգությունը»:

Թե արդյո՞ք նա տեսնում է Արամ Սիմոնյանի հրաժարականի անհրաժեշտությունը, Արայիկ Հարությունյանն արձագանքեց. «Այո′, տեսնում եմ, նաև` որպես ԵՊՀ դասախոս ու ԵՊՀ-ական»։