Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շուրջ 9 ամիս առաջ yerkir.am-ին «բախտ» էր վիճակվել ներկա գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտում մի թեկնածուական ատենախոսության պաշտպանության: Պաշտպանողը ԵՊՀ ռեկտորի տխրահռչակ օգնական Գեւորգ Մելքոնյանն էր` «Ախալքալաքցիների զորքն առաջ քաշեք» արտահայտության հեղինակը:
Գեւորգ Մելքոնյանի գիտական աշխատանքի ղեկավարն էր ինքը`ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ատենախոսության թեման էլ ձեւակերպված էր այսպես` «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»:
Պաշտպանության ամենասկզբից մասնագիտական հանձնաժողովի անդամներից` պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց` սկսելով ուսումնասիրության առարկայի անվանումից: Հարցն այն էր, Մելքոնյանն իր աշխատանքի ամբողջ տեքստում գրել էր «Կայսերական Գերմանիա»: Գեւորգ Խուդինյանն էլ այն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե այդպիսի պետություն այդ ժամանակաշրջանում` 1871-1918 թվականներին, գոյություն չի ունեցել: Պետության պաշտոնական անվանումը 1871-1918 թվականներին եղել է Գերմանական Կայսրություն, որը որոշ դեպքերում անվանել են նաեւ կայզերական Գերմանիա: Բայց Գեւորգ Մելքոնյանը վերցրել էր ու գրել` «Կայսերական Գերմանիա», այսինքն` «Կայսերական»-ը` մեծատառով` որպես հատուկ անուն, եւ ս-ով, այսինքն` ճիշտ չէր ձեւակերպել անգամ իր ուսումնասիրության առարկայի անվանումը:
Անցյալ տարվա հունիսի վերջին, երբ տեղի ունեցավ հիշյալ պաշտպանությունը, yerkir.am-ը հասցրել էր ճշտել, որ Գ. Մելքոնյանի ատենախոսությունը պարզապես սովորական «ֆոկուս է»: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրողներ կան, որոնք զբաղվել են «Գերմանիան եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Ով ասես` գրել է այս թեմայով` խոշորագույն գիտնականներից մինչեւ ամենասովորական հետազոտողները: Ու Գեւորգ Մելքոնյանի դեպքում «ֆոկուս» էին արել, թեման փոխակերպել ու դարձրել «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»: Դա մի ձեւ է, երբ, փոխելով վերնագիրը, թեմայի նյութերը քո անունից մտցնում ես աշխատանքի մեջ, վերաշարադրում ու դարձնում դիսերտացիա:
Բայց նույնիսկ այսպիսի «շահեկան» պրոցեսում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, ինչպես այն ժամանակ պնդում էին Գեւորգ Խուդինյանը եւ մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Գեւորգ Մելքոնյանն իր ուսումնասիրության առարկայի անունն անգամ չգիտեր:
«Գիտական» աշխատանքի ղեկավար, «ամենազոր» Արամ Սիմոնյանն այն ժամանակ կարողացավ Գեւորգ Մելքոնյանին «դարձնել» գիտությունների թեկնածու: Իսկ դրանից հետո` նաեւ իր օգնական: Մեր տղան էլ ոգեւորվեց «հաջողությունից», սկզբում սկսեց եթեր դուրս գալ, մի օր էլ` հետընտրական կրքերի ամենաթեժ պահին, դարձավ «ախալքալաքցիների զորավար»:
Մեջբերում ենք yerkir.am-ի կողմից 02.07.2012 թ.-ին հրապարակված` Գեւորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը`
Երբ ապաշնորհները ստանում են գիտական աստիճան կամ կոչում, բնական է, որ ամեն կերպ կփորձեն «վարձահատույց» լինել իրենց «գիտնական դարձրածներին»: