կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-12 16:54
Տնտեսական

Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում. մաս 3

Վառելիքային շուկայի առկա հիմնախնդիրները և հնարավոր լուծման ուղիները ՀՀ-ում. մաս 3
3. ՎԱՌԵԼԻՔԱՅԻՆ ՇՈՒԿԱՅԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

Ելնելով ներկայացված նյութերից և վերլուծություններից հանգում ենք այն եզրակացությանը, որ վառելիքային շուկայում խնդիրները խորքային են, և անհրաժեշտ է արմատապես վերանայել տնտեսական և հակամենաշնորհային քաղաքականությունը: Հակառակ դեպքում՝ պարբերաբար գործ ենք ունենալու հասարակական անվստահության և եկամուտների անարդարացի բաշխման հետ: Այս իրավիճակից դուրս գալու համար առաջարկում ենք հետևյալ մոտեցումները.

- Միջազգային փորձը փաստում է (Բելառուսի, ՌԴ-ի, Ղազախստանի և այլն), որ սոցիալական և ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների մեծածախ վաճառքը առավել արդյունավետ և վերահսկելի է, երբ այն իրականացվում է էլեկտրոնային հարթակների (բորսաների) միջոցով, ինչը նպաստում է շուկա մուտք գործող նոր տնտեսվարողների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությանը, խտրական գների բացառմանը, մեծածախ շուկայում ստվերի կրճատմանը, առողջ մրցակությանը և այլն:

- Այս կամ այն շուկայում որևէ տնտեսվարողի մրցակցության վրա ազդեցությունը գնահատելիս՝ անհրաժեշտ է տիրապետել շուկայի իրական շրջանառության ծավալները, հետևաբար, առաջարկվում է առավել խստացնել բենզալցակայաններում ՀԴՄ կանոնների շահագործմանն ուղղված հարկային վարչարարությունը:

- ՀՀ հեղուկ վառելիքի շուկայի մրցակցության վրա էական ազդեցություն կունենա այս ոլորտի միջազգային հայտնի կորպորացիաների մուտքը, օրինակ՝ GULF, Lukoil, Total, British Petroleum, Agip, Wissol, Shell և այլն, որոնց բենզալցակայանները և ներկրող ներկայացուցչությունները ազատորեն գործում են հարևան Վրաստանի Հանրապետությունում: 

- Ինչպես դեղերի, այնպես էլ բենզինի և դիզելային վառելիքի դեպքում պետք է սահմանափակվի (ոչ արգելվի) ներկրող տնտեսավարողների (նաև փոխկապակցված անձանց) գործունեությունը մանրածախ շուկայում, ինչը կնպաստի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը և եկամուտների վերաբաշխմանը:

- Ելնելով մեր շուկայի փոքրությունից՝ չպետք է բացառել գերիշխող դիրք ունեցող տնտեսվարողների գործունեությունը: Այդ ընկերությունները, դառնալով բաժնետիրական, բաժնետոմսերի որոշ մասը ազատ վաճառքի հանելով, կնպաստեն հանրային վերահսկողության և եկամուտների վերաբաշխման հաստատմանը: Երևանի քաղաքապետարանը ևս կարող է հանդիսանալ մեկ կամ մի քանի ԱԳԼՃԿ-ների բաժնետոմսերի որոշ մասի սեփականատեր, ինչը կապահովի լրացուցիչ եկամուտներ, որի արդյունքում պետական բյուջեից տրվող Երևանի հատկացումների մի մասը կվերաբաշխի հօգուտ մարզերի՝ ապահովելով տարածքային համաչափ զարգացում:

- 2015 թվականի դեկտեմբերի 6-ին հանրաքվեով ընդունված ՀՀ Սահմանադրության 122-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի փոխարեն գործելու է ինքնավար մարմին, որի անդամները նշանակվելու են պատգամավորների ձայների ընդհանուր թվի մեծամասնությամբ, ինչը, անշուշտ, կնպաստի տնտեսական մրցակցությունը պաշտպանող մարմնի գործունեության անկախությանը և այս ոլորտում խորհրդարանական վերահսկողության հաստատմանը: 2018 թվականի ընթացքում ինքնավար մարմնի անդամների նոր ընտրությունը կարևոր նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտի համար: Կարևորում ենք ինքնավար մարմնի լիազորությունների և պարտականությունների հստակ սահմանումը: Խորհրդարանական կառավարմանը անցնելու համատեքստում, մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների իրականացումն ապահովելու, ինչպես նաև Սահմանադրությամբ սահմանված հիմնարար նշանակություն ունեցող հանրային շահերի պաշտպանության նպատակով հնարավոր ենք գտնում նաև մրցակցության պաշտպանության ինքնավար մարմնի ձևավորման գործընթացին խորհրդարանական ընդդիմության մասնակցության մեխանիզմների ստեղծումը:

- Գործող օրենսդրության համաձայն՝ մենաշնորհ և գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողների նկատմամբ ՀՀ ՏՄՊՊՀ-ն կարող է նշանակել տուգանք առավելագույնը՝ հասույթի 2 տոկոսի չափով, որը գանձվում է պետական բյուջե: Փաստացի ստացվում է, որ մենաշնորհ կամ գերիշխող դիրքը չարաշահող տնտեսվարողը տուգանվում է, սակայն որևէ կերպ չի փոխհատուցվում նրա գործունեության արդյունքում տուժած տնտեսվարողների վնասը: Հետևաբար, անհրաժեշտ է մշակել ներդնել տնտեսական մրցակցության պաշտպանության և վնասների հատուցման առավել արդյունավետ կառուցակարգեր:

Եվ այսպես, վառելիքային շուկայում հետևողական աշխատանքի, պետական կարգավորման, հասարակական գիտակցության բարձրացման, պետություն-մասնավոր հատված երկխոսության աշխուժացման միջոցով կարող ենք հասնել ավելի լավ արդյունքների, ինչը, իհարկե, բխում է մեր երկրի շահերից:

Մաս 1, մաս 2