կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-15 20:36
Տնտեսական

«ԱրմԹեք’17»-ում կքննարկվեն կիբերանվտանգության հիմնախնդիրները

«ԱրմԹեք’17»-ում կքննարկվեն կիբերանվտանգության հիմնախնդիրները

Սեպտեմբերի 27-ին կկայանա բարձր տեխնոլոգիաների ոլորտի 10-րդ`«ԱրմԹեք 2017» ամենամյա գործարար համաժողովը: Այս մասին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում կայացած մամուլի ասուլիսին հայտնեց նախարար Վահան Մարտիրոսյանը:

 «Նախատեսվում է, որ «ԱրմԹեք'17»-ը կունենա ավելի քան 200 մասնակից` բարձր տեխնոլոգիաների ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ղեկավարներ, հեղինակավոր համալսարանների ու գիտական կենտրոնների ներկայացուցիչներ, ոլորտը ներկայացնող միջազգային կազմակերպությունների տնօրեններ Ռուսաստանից, ԱՄՆ-ից ու Եվրոպայի տարբեր երկրներից»,- ասաց նախարար Վահան Մարտիրոսյանը:
ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո անցկացվող «ԱրմԹեք» համաժողովը նպատակ ունի աջակցելու Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը՝ խթանելով միջազգային գործարար կապերի ամրապնդումը և ներդրումների աճը:
 
Առաջին «ԱրմԹեք»-ը տեղի է ունեցել 2007թ.-ին Սան Ֆրանցիսկոյում (ԱՄՆ), որից հետո համաժողովը ամեն տարի հաջորդաբար տեղի է ունենում Հայաստանում և Միացյալ Նահանգներում։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը հիշեց, որ երբ 2007-ին առաջին «ԱրմԹեք»-ը պիտի անցկացվեր, շատ հավակնոտ էր հնչում երկու տարին մեկ այս համաժողովը ԱՄՆ-ում` Սիլիկոնային հովտում անցկացնելը: «Սակայն 10 տարվա փորձը հաշվի առնելով` պիտի ուրախությամբ արձանագրենք, որ այս համաժողովը տեխնոլոգիական միջազգային հանրությանն ամեն տարի ասելիք ունենում է»,- հավելեց Հովիկ Մուսայելյանը:
 
Նախարար Վահան Մարտիրոսյանը, լրագրողների հարցին ի պատասխան, հայտնեց, որ Հայաստանի Կիբերանվտանգության ռազմավարությունն արդեն պատրաստ է, շուտով կներկայացվի Անվտանգության խորհրդի քննարկմանն ու կհրապարակվի:
 
Այս ոլորտում զբաղված է 15.000 մասնագետ: Նախարարի խոսքով աշխատատեղերը շարունակում են կայուն աճ ապրել` տարեկան 10 տոկոսով: Իսկ ՏՏ ոլորտի տնտեսական աճը վերջին տարվա ընթացքում հասել է գրեթե 35 տոկոսի:
 
Հայաստանյան ՏՏ ոլորտը նաև որակական աճ է ապրում` աշխարհին ներկայանալով ոչ թե ու ոչ միայն էժան աշխատուժով, այլև տեխնոլոգիական լուծումներով: Առաջիկա տարիների համար ոլորտի նոր ռազմավարության առանցքային կետերից է լինելու ոչ միայն հայ մասնագետների արտահոսքի նվազեցումն, այլև օտարերկրյա մասնագետների հոսքը Հայաստանում գործող ՏՏ ընկերություններ:
Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ վերջին տվյալներով Հայաստանում ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը հասել է 500-ի, որոնց տարեկան շրջանառությունը անցնում է 6 միլիոն ԱՄՆ դոլարի շեմը, ինչը Հայաստանի համար աննախադեպ ցուցանիշ է:
 
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ներկայացրեց համաժողովի օրակարգի հիմնական ուղղությունները. կիբերանվտանգություն, այս ոլորտում տարբեր երկրների կիրառած փորձը, կիբերանվտանգության մասնագետների արդի խնդիրներն ու մարտահրավերները, կիբեր սպառնալիքներն ու պաշտպանվելու հնարավորությունները՝ մասնավոր և հանրային հատվածում։
«Ինչքան բարձր տեխնոլոգիաները զարգանում են, այնքան կիբերանվտանգության խնդիրը ավելի ու ավելի է արդիական դառնում: Մենք այս թեման քննարկելու ենք, ոչ թե որովհետև հայկական ինտերնետի վրա կիբերհարձակումները շատ են, այլ որովհետև այս թեմայով փորձ և ասելիք ունենք»,- նշեց Բագրատ Ենգիբարյանը:
 
Համաժողովը նաև բացառիկ հնարավորություն է ներկայացնելու հայաստանյան բարձր տեխնոլոգիաների ոլորտը միջազգային տեխնոլոգիական համայնքին, և համաշխարհային մակարդակով բարձրացնելու Հայաստանի` որպես աշխարհում առավել արագ զարգացող ՏՏ ոլորտ ունեցող երկրի վարկանիշը: